Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնում ենք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հայտարարագրերին կնախանձեին արաբական շեյխերը». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 23,2018 11:34

Խորհրդարանում այսօր քննարկվում է ՀՀ դատախազության 2017-ի գործունեության մասին հաղորդումը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Նշեցիք, որ 2017-ին կոռուպցիայի 163 դեպք է եղել, որից 43-ը՝ պաշտոնյա: Երբ մենք ուսումնասիրում ենք պաշտոնատար անձանց հայտարարագրերը, 43 թիվը թվում է ծիծաղելի, որովհետեւ տեսնում ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող, ոչ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հայտարարագրերին կնախանձեին արաբական շեյխերը: Մենք հասկանում ենք, որ նախորդ իշխանությունը, որպես դեմոկրատիայի գերագույն դրսեւորում եւ բարի կամքի արտահայտության դրսեւորում ներկայացրեց «Ապօրինի հարստացման մասին» օրենքը, որը չէր կարող գործել նախորդ իշխանությունների համար այն պարզ պատճառով, քանզի հայաստանյան իրականության իրավապահ համակարգը կրյուչոկով կախված է եղել նախագահական նստավայրից: Դատական որոշումները կայացվել են ոչ թե դատարաններում, այլ նախագահականից դատարան հեռախոսալարի միջոցով: Հիմա ե՞րբ են ուսումնասիրվելու հայտարարագրերը, որովհետեւ բազմաթիվ պաշտոնյաներ ներկայացրել են կեղծ հայտարարագրեր, որոնք որեւէ աղերս չունեն տվյալ պաշտոնյաների ստացած օրինական աշխատավարձերի հետ: Դուք կարո՞ղ եք այլեւս վստահաբար պնդել, որ այն դատավորները, որոնք սթրեսային վիճակում նայել են այն հեռախոսալարին, որտեղից իրենց իջեցվել է քաղաքական պատվեր, ունակ են երկար տարիներ պրեսսինգի տակ աշխատելուց հետո այլեւս չսպասել հրահանգի ու կայացնել որոշում օրենքի եւ ՀՀ սահմանադրության շրջանակներում»:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Իհարկե, ուսումնասիրվելու են հայտարարագրերը»:

Նա ասաց, որ շուտով կսկսի գործել կոռուպցիայի կանխարգելման համապատասխան մասնագիտացված մարմինը եւ ցանկացած հակասական տեղեկություն կհանգեցնի վարույթի: Դավթյանը չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի գնահատականների հետ՝ դատավորների մասով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031