ՀՀ Նախագահ
Արմեն Սարգսյանին
23 մայիսի, 2018թ
Հարգելի պրն. Սարգսյան,
Դեռևս սույն թվականի փետրվարի 9-ին բաց նամակով դիմել էինք Ձեզ՝ խնդրելով պատասխանել «Lydian International» ընկերությունում Ձեր նախկին գործունեության հետ կապված մի քանի հարցերի, որոնք, սակայն, մինչև օրս մնացել են անպատասխան:
Նախկին Հայաստանում ընդունված պրակտիկա էր հանրային հարցադրումներին չպատասխանելը և հանրային պաշտոնյաների գործունեությունը քողարկելը, սակայն հիմա՝ նոր Հայաստանում, նման վարքագծերն անհարիր են դարձել: Հաշվի առնելով, որ Դուք արդեն հանրային պաշտոնյա եք և ՀՀ նախագահի պաշտոնում որդեգրել եք բաց գործելաոճ, հաշվի առնելով նաև Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի հետ կապված շարունակ բարձրաձայնվող խնդիրները՝ խնդրում ենք հրապարակավ պատասխանել մեր հետևյալ հարցերին.
1.Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ. դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ:
2.Ո՞վ/քեր (ո՞ր բաժնետեր/երն) է/են առաջադրել ձեր թեկնածությունը:
3.Ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից: Այս հարցի կապակցությամբ խնդրում ենք հրապարակել ձեր պատասխանը հիմնավորող փաստաթուղթ, օրինակ՝ հեռանալու մասին ձեր զեկուցագիրը Լիդիան Ինթերնեշընըլին։
4.Խնդրում ենք մանրամասնել, թե արդյո՞ք Ձեր դուրս գալը կապ ունի Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման վտանգների հետ։
5.Ի՞նչ առնչություններ եք ունեցել կամ ունեք Knighsbridge Group ընկերությունների խմբի հետ, որն ի թիվս այլ գործունեության, նաև ներգրավված է նավթի ու գազի արդյունահանման ծրագրերում:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն