Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է էժանացել բանանը

Մայիս 23,2018 11:26

Բանան ներկրող «ArmEc» ընկերության սեփականատեր
Վարդան Հարությունյանը` բանանի էժանացման իրական պատճառների մասին

Հայաստանում հետհեղափոխական շրջանն առանձնացավ բանանի շուկայում գների կտրուկ անկմամբ: Այսօր հնարավոր է բանան գնել մեկ կիլոգրամը 550 դրամով: Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր անգամ պնդում են, որ հնարավոր է մեկ կիլոգրամը 400 դրամով էլ բանան ձեռք բերել: Շատ տնտեսագետներ բանանի գնի էժանացումը պայմանավորում են նոր կառավարության գործունեության, մաքսազերծման գների փոփոխության հետ: Հայաստան բանան ներկրող «ArmEc» ընկերության սեփականատեր Վարդան Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ բանանի գնի նվազման իրական պատճառներին: Ի դեպ, մեր զրուցակիցը «անհեթեթություն» է համարում մաքսազերծման գնի փոփոխության հիմնավորումը: Ասում է` նման բան չկա: Վարդան Հարությունյանը երեք պատճառ է նշում. «Առաջին` միջազգային շուկայում են գներն իջել, դա բնական սեզոնային երեւույթ է: Այս սեզոնին այլ մրգեր կան, նաեւ բանանի բերքն է շատ եղել այս տարի: Երկրորդ` հայկական շուկայում հայտնվել են բանան ներկրող նոր ընկերություններ: Այսինքն՝ մրցակցությունն ակտիվացել է, ու բնական է՝ գները պետք է նվազեին. շուկան լճացել է: Եվ երրորդ` ներկրողները սկսել են բանան ներկրել ԵԱՏՄ տարածքից: Մենք Էկվադորից ենք ներկրում, ավելի էժան գնով ենք ապրանք ձեռք բերում, բայց քանի որ մաքսազերծումը Հայաստանում է կատարվում, ինքնարժեքը բարձրանում է: ԵԱՏՄ տարածքից բերելուց մաքսազերծումը ՌԴ-ում է կատարվում»:

Մեր զրուցակիցը պատմում է, որ այն ընկերությունները, որոնք բանան են ներկրում Էկվադորից, գործում են մրցակցային միեւնույն նվազագույն շեմում, որը սահմանված է պետության կողմից: ԵԱՏՄ երկրներից ներկրված ապրանքների դեպքում նվազագույն շեմի արգելքը չի գործում: Տեղեկացնենք, որ Էկվադորից Հայաստան բանան են ներկրում երեք ընկերություն` «Քեթրին գրուպ»-ը, «ArmEc» եւ «Տրոպիկա» ՍՊԸ-ն: Վարդան Հարությունյանը նկատում է, որ այս հատվածում բանան ներկրող ընկերությունների համար արդեն անհավասար մրցակցություն է գործում. «Փաստը, որ նվազագույն շեմ է սահմանված, գովելի է, քանի որ պետությանը հարկ է վճարվում: Նորմալ է, որ պետությունը նվազագույն շեմ է սահմանել, այդպիսով նաեւ շուկայում առողջ մրցակցությունն է վերահսկվում պետության կողմից: Բայց ես կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրներից ներկրումների դեպքում էլ այդ օրենքը պետք է կիրառվի, որպեսզի հավասար պայմաններ ապահովվեն ներկրողների համար»: Վարդան Հարությունյանը նկատում է, որ այս տարբերակով աշխատելը նաեւ կառավարության համար ձեռնտու չէ, քանի որ ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքները հարկվում են ՌԴ-ում, դրանցից ՀՀ պետբյուջե հարկեր չեն գանձվում: Ասում է` այս իմաստով ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների մասով վերահսկողությունը թույլ է: «Գովելի է, որպեսզի բոլորն աշխատեն հավասար մրցակցային դաշտում»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այդպիսով նաեւ գների կայունություն կարող ենք ապահովել: Այժմ, ըստ գործարարի, բանան ներկրող ընկերությունները ապրանք են վաճառում ինքնարժեքին շատ մոտ գնով:

Երկու տարի առաջ, երբ գրանցվեց «ArmEc» ընկերությունը, շատերի մոտ տպավորություն եւ համոզմունք կար, որ այն, այսպես ասած, «Քեթրին գրուպ» ընկերության «դուստր ձեռնարկությունն է»: Հարցին` ի՞նչ կապ ունեն ժամանակին այդ ոլորտում մոնոպոլ դիրք ունեցող ընկերության հետ, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Մենք ընդհանրապես կապ չունենք «Քեթրին գրուպ» ընկերության հետ: Սեփականատերերը տարբեր են: Մենք մի բանով ենք փոխկապակցված` մրցակիցներ ենք շուկայում»:
Հարցրինք նաեւ` իբրեւ ներկրող, ի՞նչ առաջարկներ ունի Վարդան Հարությունյանը նորընտիր կառավարությանը, որը ազատ, արդար, թափանցիկ աշխատաոճ է հայտարարել: «Բոլոր այն ընկերություններին, որոնք զբաղվում են ներկրմամբ, ես կոչ եմ անում ազատ եւ թափանցիկ աշխատել: Ես պատրաստ եմ թափանցիկ աշխատել, եթե կարիքը կա՝ նաեւ հրապարակել ինվոյսները` ի՞նչ գներով ենք ապրանք ձեռք բերում, ի՞նչ գներով ենք վաճառում: Եվ որ ամենակարեւորն է` որ ընկերությունն ինչքա՞ն գումար է վճարում պետբյուջե: Թող բոլորը տեղյակ լինեն, թե ինչ գների եւ նվազագույն շահույթների մասին է խոսքը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ իր ընկերության ֆիրմային խանութներում իրենք մշտապես գին են հրապարակում: Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնց բախվել են գործունեության ընթացքում, մեր զրուցակիցը առանձնացնում է մաքսակետերում առաջացող խնդիրները. «Չեմ կարող ասել, որ դրանք չեն լուծվում: Կամաց-կամաց լուծվում են` թե՛ նախկին իշխանության կողմից, թե՛ ներկայիս իշխանության օրոք արդեն բարեփոխումներ են լինում: Այս պահին կարող եմ արձանագրել` դաշտն ազատ է, փոփոխություններն էլ անընդհատ լինում են, ամեն անգամ ապրանք մաքսազերծելիս անգամ աշխատակիցներն են տարբեր»:

Սոցիալական ցանցերում հետհեղափոխական շրջանում հայտարարություններ եղան մաքսազերծման ընթացակարգերի կտրուկ դյուրացումների մասին: «Մաքսազերծումը չորս ժամվա փոխարեն` չորս րոպե». անգամ այսպիսի գրառումներ եղան: Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցինք մաքսազերծման ընթացակարգերում դյուրացումներից, եւ հնարավո՞ր է արդյոք չորս րոպեում մաքսազերծում իրականացնել: «Միանշանակ կարող եմ ասել, որ մաքսազերծման ընթացակարգերը նախկինում շատ բարդ էին: Մոտ 5-6 ամիս է՝ ընթացակարգերը հեշտացել են: Մաքսազերծումը տեւում է 2,5-3 ժամ, ինչը նորմալ է: Չորս րոպեում մաքսազերծում հնարավոր չէ իրականացնել, անգամ մաքսատան դռներից չես հասցնի ներս մտնել չորս րոպեում»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Վարդան Հարությունյանի ղեկավարած «ArmEc»`«Արմենիա-Էկվադոր» ընկերությունը բանան է արտահանում նաեւ «Արցախ» պիտակներով: Ասում է. «Պրոպագանդում ենք Արցախի Հանրապետությունը»: Ընկերությունը բանան է արտահանում Վրաստան, Իրան, Ղազախստան, ՌԴ, Չինաստան, Չիլի:

«Առավոտ»

23.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել