Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում ենք մեր Հայրենի պետությանը, որ շարունակի մշտապես ուշադրության կենտրոնում պահել և ջանքեր գործադրել ի նպաստ ազգային-քրիստոնեական արժեհամակարգի առավել զարգացմանը. ուղերձ

Մայիս 23,2018 11:22

«Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայիսի 22-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովը:

Գիտաժողովի առաջին նիստը վարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Զեկույցներով հանդես եկան ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի պրոֆեսոր Արծրունի Սահակյանը («Մայր Աթոռի հայահավաք ու պետականակերտ միտումները 15-20-րդ դարերում»), Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը («Եկեղեցի-պետություն հարաբերությունները. պատմական ակնարկ»), Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի վարիչ Ավագ Հարությունյանը («Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական գործունեությունը (1918-1920 թթ.)»), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը («Հայ Եկեղեցու դերակատարությունը Հայոց պետականության կայունացման և զորացման գործում. պատմական ակնարկ»), ՀՀ Ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանը («Մայր Աթոռի կալվածական խնդիրները Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին»), ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Արթուր Վաղարշյանը («Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման նախադրյալները»), Գևորգյան հոգևոր ճեմարանի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ավետիս Հարությունյանը («Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման հարցի շուրջ»), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ. Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը («Հայ Եկեղեցին` գործակից հայկական պետության»), Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը («Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը»):

Երկրորդ նիստը վարեցին Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան  դոկտ. Էդիկ Մինասյանը:

Նիստի ընթացքում զեկույցներ ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը («Գևորգ Ե Հայոց Հայրապետ»), ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին («Հայաստանի Հանրապետության Բեռլինի պատվիրակության գործունեությունը 1918 թվականին»), Գյումրիի Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ  Հոգեշնորհ Տ. Մաշտոց վարդապետ Զահթերյանը («Հայ Կաթողիկե Եկեղեցու ներդրումը և նրա մշակած հարաբերությունը Հայոց նորաստեղծ պետականության հարատևման և հզորացման գործընթացի մեջ»), Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ  Պատվելի Արամ Բաբաջանյանը («Հայ Ավետարանական եկեղեցու գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին»), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սուսաննա Հովհաննիսյանը («Հովհաննես Թումանյանի գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման օրերին»), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը («Մայր Աթոռի և Սփյուռքի թեմերի հարաբերությունները Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին»), ՌԴ և ՀՀ պ. գ. դ., Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանցը («Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը 1917-1920 թթ.»), պ.գ.թ., սփյուռքագետ Հայկ Ենգիբարյանը («Հայ Առաքելական Եկեղեցին և Մեծ հայրենադարձության պետական ծրագիրը»), ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան դոկտ. Էդիկ Մինասյանը («Հայ Եկեղեցին Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության և պետականաշինության համար մղվող պայքարում (1991-2001 թթ.)»), ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի  Հայ Եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Պողոսյանը («Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը և նորանկախ Հայաստանի Հանրապետությունը»), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը («Պետություն-Եկեղեցի փոխհարաբերությունները Հայաստանի երրորդ Հանրապետությունում»):

Գիտաժողովի ավարտին մասնակիցները հանդես եկան ուղերձով, որում ասվում է.

«Գիտաժողովի մասնակիցներս մեր երախտագիտությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր շնորհաբաշխ պատգամը բերեց Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովին: Մեր շնորհակալության խոսքն ենք հղում ՀՀ Սփյուռքի նախարար Տիար Մխիթար Հայրապետյանին իր ներկայության և ողջույնի խոսքի համար, ինչպես նաև  գիտաժողովի կազմակերպիչներին՝ ՀՀ Սփյուռքի նախարարության և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցներին:

Գիտաժողովը վերստին առիթ ստեղծեց պատմության խորքերը ներթափանցելու, Պետություն-Եկեղեցի հարաբերություններին անդրադառնալու և պատմական իրադարձություններից դասեր քաղելու, արդի համաշխարհայնացման դարաշրջանում ազգային ձեռքբերումները պահպանելու, հայապահպանությունը զորացնելու, հայրենադարձությունը խրախուսելու և ազգային միասնությունը համազգային գաղափարախոսության գործուն փաստի վերածելու:

Արձանագրում ենք, որ գիտաժողովի զեկուցումների հենքի վրա հանգեցինք կարևոր եզրակացությունների, ըստ որոնց՝ շեշտվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու,  որպես ազգային մնայուն արժեքի, բացառիկ առաքելությունը Հայոց պատմության մեջ, հատկապես արդի ժամանակաշրջանում նրա շուրջը համախմբվելու, ազգային ինքնության (հայրենիք, ազգ, մայրենի լեզու, հավատք, նախնյաց ժառանգություն) պահպանման և զարգացման անհրաժեշտությունը:

Ներկայումս հրամայական է դարձել մեր ժողովրդի Ազգային Եկեղեցու առաջնորդությամբ աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների մեկտեղումը  համազգային կենսական խնդիրների լուծման գործում՝ Հայոց Պետության անվտանգության ամրացման, Հայ Դատի՝  Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, հետևանքների վերացման ու հատուցման, և Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծման, հայեցի դաստիարակության, ազգային մշակույթի և երկրի սոցիալ-տնտեսական վերելքի ոլորտներում:

Գիտաժողովի մասնակիցներս ևս մեկ անգամ հաստատում ենք այն ճշմարտությունը, որ արդի Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ ինքնորոշված Արցախի Հանրապետությունը, համայն հայության լինելության միակ առհավատչյան է, իսկ Հայաստանի անկախության պահպանումը և պաշտպանությունը՝ յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքը:

Հորդորում ենք մեր Հայրենի պետությանը, որ շարունակի մշտապես ուշադրության կենտրոնում պահել և ջանքեր գործադրել ի նպաստ ազգային-քրիստոնեական արժեհամակարգի առավել զարգացմանը:

Գիտաժողովի մասնակիցներս սրտագին կերպով շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին պանծալի հոբելյանների առիթով»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Յարութիւն Ծ,Վ,Պզտիկեան says:

    Գովելի և դաստիարակիչ ձեռնարկ որ յաճախ և ամէն տեղ պէտք է թարմացուի նկատի առած որ նոր սերունդի մեծամասնութիւնը հեռու մնացած է Հայ Եկեղեցւոյ հարազատ պատմութենէն և արեւմտեան երկիրներէն թափանցած ՀԱԿԱ-քրիստոնէական վարդապետութիւններու տեղիք տուած -պէսք է պահանջել նաև եկեղեցական դասէն որ յարմար պատրաստութիւն տեսնեն այդ ուղղութեամբ օգտակար ըլլալու անոնց –

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031