Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ նիստի մեկնարկը թեժ էր, վիճաբանություններով: «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկել էր քվեարկության դնել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում՝ հրատապ ռեժիմով, ինչը վրդովվեցրել էր որոշ պատգամավորների:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ ուզում են օր առաջ կալանավորներն օգտվեն պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտից, ինչի հնարավորությունը տալիս է օրենքը: «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հիշեցրել էր Կոստանյանին, որ գլխավոր դատախազ է եղել ու գիտի, որ կալանավոր տղերքը տարիներով այդ ինստիտուտի չգործելու պայմաններում տառապել են, հիմա 5 րոպե շուտ, 5 րոպե ուշը ի՞նչ պիտի անի. «Հիմա նոր ջիգյար եք կերել, հելել եք էդ հարցերո՞վ եք զբաղվում»:
Ավելի ուշ Կոստանյանն արձագանքեց Սասուն Միքայելյանին ու սկսեց տղայական «ռազբորկա»: Կոստանյանն ասաց. «Պարոն Միքայելյան, որպեսզի դուք գնահատեք իմ գործունեության ընթացքում պատիժը կրող դատապարտյալների եւ կալանավորների իրավունքների պաշտպանության հարցը, դուք պիտի շատ տեղեկացված լինեք: Իսկ դուք տեղեկացված չեք կարող լինել, դուք կարող եք էպիզոդիկ տեղեկություններ ունենալ՝ էդիզոդիկ դեպքերի վերաբերյալ, բայց իմ աշխատանքի գնահատականը դուք չեք կարող տալ: Երկրորդը՝ էս օրենքը դուք կարաք չընդունեք էլ, բայց երբ որ չընդունեք, էս օրենքի չընդունման հետ կապված արդեն ուրիշ հարցեր ա լինում»:
Տեղից Սասուն Միքայելյանն արձագանքեց, Կոստանյանը հորդորեց իրեն չընդհատել, իր հետ խոսել դուք-ով. «Դու չպտի՛ ինձ ընդհատես»: Սասուն Միքայելյանը հակադարձեց՝ փորձելով փակել Կոստանյանի բերանը. «Մենք էլ ենք կալանավոր եղել»:
Միջամտեց Արա Բաբլոյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Որոշ գործիչներ անցան այլեւս բացահայտ դեմագոգիայի՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ դահլիճի այս հատվածը կարծես թե դեմ են նախագծին, որպեսզի հանրության մոտ տպավորություն ստեղծեն, թե իրենք կողմ են րոպե առաջ պայմանական վաղակետ ազատմանը, մենք դեմ ենք: Մի՛ զբաղվեք դեմագոգիայով»:
Պատգամավորներին դիմեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով՝ «քույրեր, եղբայրներ, սա տեխնիկական հարց է, ի՞նչ ենք դրել 15 րոպե քննարկում»: Նա փորձեց կրքերը մարել. «Տաբլոյի վրա կերեւա ով է կողմ, ով՝ դեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ