Սասուն Միքայելյանը դիմեց Կոստանյանին. «Պարոն Կոստանյան, դուք որ դատախազ եք եղել, էդ ժամանակ էլ այդ հարցը դրված է եղել: Հիմա ընենց ցավում եք: Երկար տարիներ կալանավայրում էդ տղերքը տառապում են պայմանական վաղակետ ազատման համար: Մենք հասկանում ենք՝ 5 րոպե առաջ, 5 րոպե հետո, ընենց եք ներկայացնում, ոնց որ էս տարիների ընթացքում ձեր ձեռը չի եղել, չեք կարողացել էդ հարցերով զբաղվել»:
Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԺ նիստը սկսվեց վիճաբանությամբ: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկում էր հատուկ ռեժիմով կազմակերպել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկությունը, այսինքն՝ առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վիճեց, թե ի՞նչ հրատապություն կա, ԱԺ-ն իրենց աշխատավայրն է, թող վաղը գան ու քվեարկեն, ինչո՞ւ հրատապ կազմակերպեն:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը բացատրեց, որ օրենքի հրատապությունը կալանավորների շահերից է բխում. «Օր առաջ մեր երկրի կալանավորները կարողանան պայմանական վաղաժամկետ արձակվել: Եթե չընդունվի, կալանավորները 6 ամիս չեն կարող օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտից»:
Տեղից բորբոքված արձագանքեց Սեյրան Սարոյանը. «Սարքիք հայոց պատմությունը»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ նիստը վարողը՝ ինքը, իրավասու է որոշել, թե որ հարցը երբ դնի քվեարկության. «Եթե դուք չեք կարողանում որոշել, մենք կորոշենք»:
Հատուկ ընթացակարգով քննարկումը կազմակերպելու որոշումը դրվեց քվեարկության եւ 66 կողմով ընդունվեց, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ դրական միտումը նախագծում ակնհայտ է, խնդիրը աշխատանքային ձեւակերպումների, մեկնաբանությունների մեջ է:
«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանը դիմեց Կոստանյանին. «Պարոն Կոստանյան, դուք որ դատախազ եք եղել, էդ ժամանակ էլ այդ հարցը դրված է եղել: Հիմա ընենց ցավում եք: Երկար տարիներ կալանավայրում էդ տղերքը տառապում են պայմանական վաղակետ ազատման համար: Մենք հասկանում ենք՝ 5 րոպե առաջ, 5 րոպե հետո, ընենց եք ներկայացնում, ոնց որ էս տարիների ընթացքում ձեր ձեռը չի եղել, չեք կարողացել էդ հարցերով զբաղվել, հիմա նոր ջիգյար եք կերել, հելել եք էդ հարցերո՞վ եք զբաղվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ