Այսօր ԱԺ նիստը սկսվեց վիճաբանությամբ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որի նախագահը Գեւորգ Կոստանյանն է, առաջարկում է, որ «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկվի, այսինքն՝ երկրորդ ընթերցումը կազմակերպվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
Մինչ քվեարկության կդրվեր այդ որոշումը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այսօր հատուկ ընթացակարգով քննարկվող հարց կա արդեն, ուստի առաջարկում է, որ երկրորդ ընթերցումը ժամը շուրջ 15-ի կողմերը կազմակերպվի, որ վաղը նիստ չունենանք. «Հակառակ դեպքում մենք այդ մի քվեարկության համար պետք է գանք նիստի»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Անկեղծ ասած, ինձ համառորեն շարունակում է թվալ, որ մեր աշխատանքի վայրը Ազգային ժողովն է եւ ինձ թվում է՝ ես չեմ սխալվում: Ուստի վաղը աշխատանքի գալը եթե ոմանց համար ծանր բեռ է, մեր կարծիքով մեր պարտականությունն է: Որեւէ հրատապություն մենք չենք տեսնում այսօր ժամը 3-ին հրատապ կազմակերպել քվեարկությունը:
Գեւորգ Կոստանյանն արձագանքեց, որ քվեարկությունը խնդիր չի, խնդիրը նրանում է, որ ինչքան շուտ պետք է այս օրենքն ընդունվի, որ կարգավորման ազդեցությունը սկսվի տարածվել. «Ոչ մեկը չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու»:
Բանը հասավ վիրավորանքների: Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ես խնդրում եմ, ով ուշ է ընկալում, մի քիչ ուշադիր լսեք, որ ընկալեք իմ ասածները»:
Նաիրա Զոհրաբյանը տեղից արձագանքեց. «Ուշ ընկալողը դո՛ւք եք, պարոն Բաղդասարյան»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այսպես թե այնպես այս օրենքի քննարկումն այսօր պետք է քննարկվի. «Եթե ուզում եք՝ երկուշաբթի քվեարկեք»:
Միջամտեց Արա Բաբլոյանը՝ հորդորելով կրքեր չբորբոքել. «Առաջարկը շատ տրամաբանական է, մի՛ նեղվեք»:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը բորբոքվեց՝ որեւէ մեկը իրավունք չունի մեկին ասի՝ չեք ընկալում, դրա համար այսպիսի բան եղավ: Նա նկատի ուներ հեղափոխությունը: Ըստ Մելքումյանի, պետք է մթնոլորտը փոխել ու փոխադարձ հարգանք դրսեւորել:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ կարիք չկա վիճել. «Ֆրակցիաներով կորոշեք, կասեք որ ժամին եք ուզում՝ կքվեարկեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ