Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունը համակարգային խնդիր է

Մայիս 23,2018 10:14

Հայաստանի դպրոցներն ու բուհերը, անշուշտ, կուսակցականացված են, հանրապետականացված: Ուսումնական հաստատությունների տնօրեններն ու ռեկտորները սեփական, ինչու չէ` նաեւ մասամբ իրենց հիմնարկների խնդիրները լուծելու համար անդամագրվում էին իշխող կուսակցությանը, ինչը նրանց հնարավորություն էր տալիս առանձնապես բծախնդիր չլինել օրինականության հարցում եւ ստանալ որոշակի արտոնություններ: Ղեկավարների հրահանգով կամ հորդորով հանրապետական էին դառնում նաեւ ուսուցիչները, դասախոսները, ուսանողները: Կուսակցական տոմսը նրանց աշխատանքային եւ ուսումնական կարիերայի հնարավորություն էր տալիս: Դրանք, իհարկե, խիստ բացասական երեւույթներ էին, վարկաբեկիչ էին մանկավարժների համար եւ ազդում էին կրթության որակի վրա:

Բայց հիմա, երբ իշխանությունը փոխվել է, ջանքեր գործադրել կրթական հիմնարկները ապահանրապետականացնելու վրա, ինձ թվում է՝ անիմաստ է: Տնօրեններն ու ռեկտորները իրենք շատ արագ կկողմնորոշվեն եւ կլքեն նախկին իշխող կուսակցությունը, քանի որ ՀՀԿ-ին անդամակցելը նրանց ոչ միայն օգուտ չի բերի, այլեւ կվնասի: Նրանց օրինակով կուսակցական տոմսերը վայր կդնեն նաեւ ուսուցիչները, դասախոսները եւ ուսանողները: Ճիշտն ասած, հավատս չի գալիս, որ որեւէ մեկը ցանկանում է կամ ի վիճակի է խոչընդոտել այդ գործընթացին, ասելով, թե` սպասեք, մի շտապեք, մենք դեռ կվերադառնանք: Եթե նույնիսկ նման բան է ասվում, ապա չեմ կարծում, որ որեւէ ուսուցիչ հավատա նման ֆանտաստիկ սցենարի հնարավորությանը: Իսկ եթե որեւէ մեկը ցանկանում է մնալ ՀՀԿ անդամ, դա նրա անձնական ընտրությունն է: Հավասարապես մերժելի է ինչպես զոռով ՀՀԿ-ական դարձնելը, այնպես էլ զոռով ՀՀԿ-ից պոկելը:

Մտավախությունս այն չէ, որ դպրոցները եւ բուհերը կմնան հանրապետական: Նման բան, իմ կարծիքով, բացառված է: Մտավախությունս այն է, որ ուսումնական հաստատությունները դառնան ՔՊ-ական` երիտհանրապետականներին փոխարինեն երիտքպական կարիերիստները, Երիտասարդական հիմնադրամը ղեկավարի ՔՊ-ական «Կարեն Ավագյանը», եւ ուսումնական կարիերան կախված լինի այս մի կուսակցական տոմսից: Շատ մեծ հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, բայց ցանկացած կուսակցական ակտիվություն, նախարարի կամ կառավարության կողմից ցանկացած ճնշում մշտապես նման կասկածների տեղիք է տալիս:

Ուսումնական հաստատություններում, անշուշտ, կա կոռուպցիա, բայց այն չի համեմատվի այն կոռուպցիայի հետ, որը կա հարկային, մաքսային, քննչական մարմիններում եւ ոստիկանությունում: Այդ պետական հիմնարկներում չարաշահումներն իսկապես հասել են այնպիսի մասշտաբների, որ սպառնում են ազգային անվտանգությանը, եւ շատ բնական է, որ դրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Իսկ ահա տնօրենի կամ ուսուցչի համար փող հավաքելու եւ, ասենք, մատանի նվիրելու հարցով կարող է զբաղվել ոստիկանությունը: Եվ բացի այդ ամենից, մեր դպրոցների եւ բուհերի հիմնական արատը կոռուպցիան չէ: Գլխավոր մարտահրավերը ուսուցման հնացած խորհրդային համակարգից ժամանակակից եվրոպական համակարգին անցնելն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Երբ որ Հայոց Պետութիւն չկար, հասկնալի է որ հայեր անդամագրուէին այս կամ այն կուսակցութեան: Դա լաւագոյն միջոցն էր, ծառայելու համար Ազգին, Մայր Հայրենիքի տեսլականին: Այս էր յատկապէս պարագան, դասական Սփիւռքի մէջ, մինչեւ այժմու Հայաստանի անկախացումը: Նոյն ժամանակամիջոցին, Հայաստանում ել երեւի կուսակցական «պարտադիր» պատկանելիութիւն կար:

    Այժմ, բոլորս որքան բախտաւոր ենք, որ այլեւս կարեւոր չէ որեւէ կուսակցութեան անդամ ըլլալ – բացի ու միայն եթէ մարդ քաղաքական ասպարէզով հետաքրքրուած է -: Ես ինքս շնորհիւ Հայոց Պետութեան գոյացման (չնայած, շատ փայլուն չէ նրա վիճակը այս պահին…), հրաժարել եմ այն կուսակցութեան շարքերից որուն անդամ էի երկար տարիներէ ի վեր – եւ որմէ հրաժարիլը շատ ել սովորական բան չէ… – : Անկախացած Հայաստանը զիս ազատագրեց:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031