Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական կենսագրություն ու կշիռ ունե՞ք, որ ձեր դեմ պատվեր լինի»

Մայիս 23,2018 14:30

Ներկաները կրկնում են նախորդների սխալները

«Գործն է անմահ, լավ իմացեք». Հովհաննես Թումանյանի պատգամն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությանը կամ առնվազն որոշ նախարարների այս պատգամ-խրատը հաստատ պետք է: Օրինակ՝ սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը իր մասին քննադատական նյութը որակել է քաղաքական պատվեր: Սփյուռքի երիտասարդ նախարարի թիմակից, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ իրար սիրելու կոչին հակադարձեց. «Սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք»: Նույն տրամաբանությամբ նկատեմ. «Քաղաքական կենսագրություն ու կշիռ ունե՞ք, որ ձեր դեմ պատվեր լինի»: «Ելք» դաշինքից քաղաքական կենսագրություն ու կշիռ ունեն չորսը. Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան: Եթե այս մարդկանց դեմ սեւ PR, կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառվեն, չեմ զարմանա, բայց չի կարող քաղաքական պատվեր լինել մեկի՝ Մխիթար Հայրապետյանի դեմ, որը հեչ քաղաքական պատվերի բան չի:

Սփյուռքի երիտասարդ նախարարը պնդում է, թե տուրիստական մի կազմակերպությունում վատ աշխատանքի համար իրեն աշխատանքից հեռացնելու մասին լուրերը սուտ են, իրական չեն: Չի հերքում, որ աշխատել է նման կազմակերպությունում: Իսկ ահա նրա՝ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված կենսագրականում ոչ մի խոսք չկա տուրիստական կազմակերպությունում աշխատելու մասին: Նախարարը թաքցնում է կենսագրականի այդ հատվածը: Այսպես շատ հանրապետականներ ու ոչ հանրապետական իշխանավորներ էին թաքցնում իրենց կենսագրականից կտորներ:

Եթե ամեն ինչ մաքուր է, ո՞րն է թաքցնելու իմաստը: Իր մասին լուրերը հերքող տեքստում Մխիթար Հայրապետյանը գրում է, որ նախարար դառնալուց հետո իրեն վստահված ոլորտում «1-2 ծրագրի մասով խնդիր եմ ունեցել կատարվելիք ծախսերի հետ, ուստի պահանջել եմ վերանայել ծախսերը. պահանջս կատարվել է, ներկայացվել են ավելի բարեխիղճ գներ, որից հետո հաստատել եմ ծրագրերը»: Գները բարեխիղճ չեն լինում, գները կարող են լինել բարձր, ցածր, ողջամիտ, ոչ ողջամիտ եւ այլն: Բարեխիղճ կամ անբարեխիղճ կարող է լինել գինն առաջարկողը: «Բարեխիղճ գին» ձեւակերպումը շատ նման է հանրապետական Գալուստ Սահակյանի «Ցմահ մահապատիժ» կամ «Կառուցողական զենքեր» արտահայտությանը:

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է սփյուռքահայերից ձեւավորել խորհրդակցական մարմին՝ Հայաստանն ունենա երկպալատ խորհրդարան: Չի բացառում, որ դա կարող է իրականություն չդառնալ. ռիսկեր կան, բայց արժի քննարկել: Վստահ եմ, որ չարժի: Առանց քննարկումների էլ պարզ է, որ Սիդնեյի ավազներն ու Խաղաղ օվկիանոսի ջրերը վայելող կամ Բարսելոնի ավազներն ու Միջերկրական ծովի ջրերը վայելող հայերն ու Տավուշում թշնամու ուղիղ նշանառության տակ ապրող հայերը տարբեր միջավայրերում են ու ունեն տարբեր մոտեցումներ թե՛ սոցիալ-տնտեսական հարցերին, թե՛ կրթությանը, թե՛ անվտանգությանը: Թուրքագետ նախարարը սրա մասին չի մտածել: Եվ հետո առանց քննարկումների էլ պարզ է, որ ամերիկահայի ու ռուսահայի, հունահայի ու թուրքահայի դիրքորոշումները հակադիր են լինելու բոլոր հարցերում՝ սկսած աշխարհաքաղաքական՝ Ուկրաինա, Սիրիա, Կիպրոս, վերջացրած ներքաղաքական: Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստան եկած սփյուռքահայ երիտասարդներ ամուսնացան, տարբեր երկրների հայ համայնքների կապերն ամրացան: Սփյուռքի նոր նախարարի առաջարկը՝ սփյուռքահայերից ձեւավորել խորհրդակցական մարմին, տարբեր երկրների հայ համայնքների միջեւ կռիվ գցելու հիանալի հնարավորություն է:

Եվ նոր կառավարությունում շատերի, այդ թվում՝ վարչապետի, սոցկայքերով ուղիղ եթերների մասին: Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն է հարցով մտահոգ: Լրագրողները նկատել են, որ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ աշխատասեղանին դրված բոլոր փաստաթղթերը երեւում էին։ «Ուղիղ եթերների հետ մտահոգություններ ունեմ։ Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։ Մենք պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ»,- ասել է Արթուր Վանեցյանը: Առանց այս մտահոգության էլ պարզ էր, որ չի կարելի սոցկայքը դարձնել կառավարության պաշտոնական լրատվամիջոց: Հանրային վստահության ռեսուրսով իշխանություն դարձած թիմը տեղեկություն տարածելու, հանրային իրազեկման համար չի օգտագործում այն ռեսուրսը՝ պաշտոնական կայքերը, գերատեսչության լրատվական ծառայությունը, որի համար վճարում է հանրությունը՝ Հայաստանի հարկատու քաղաքացին: Հանրապետականները պետական ռեսուրսը ծառայեցնում էին անձնական ու կուսակցական շահերին, նրանց հեռացրած ուժը, մոռացած պետական ռեսուրսի՝ պետական ծախսերի արդյունավետության մասին, հանրությունից աշխատավարձ է ստանում ու իր պահվածքով ծառայում «Ֆեյսբուք» սոցկայքի հանրահռչակմանը:

Մի բան էլ. հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրասենյակ է ձեւավորել: Երեք փոխվարչապետ ունենք: Այսինքն՝ դեռ երկու գրասենյակ էլ պետք է ձեւավորվի՞: Մի՞թե կառավարության հսկա աշխատակազմը ունակ չէ այդ խնդիրներով զբաղվելու: Իսկ էլ ո՞ւր մնացին պետական ուռճացված համակարգը կրճատելու մասին իրենց հայտարարությունները:

Կառավարությունը նոր է ձեւավորվել, բայց արդեն հասցրել է նախորդների բազմաթիվ սխալները կրկնել: Նախորդներն ամեն կերպ արդարացնում էին իրենց թիմակիցների սխալներն ու չէին հեռացնում պետական համակարգից: Անգամ պատմափիլիսոփայության դոկտոր Սուրիկ Խաչատրյանը մարդասպանությամբ ուղեկցված աղմկոտ գործից հետո վերադարձվեց պետական համակարգ: Գուցե դադարեն կրկնել նախորդների սխալները, հենց սկզբում մեկ-երկուսին հեռացնեն պետական համակարգից, որ մյուսները հասկանան խոսքի արժեքը, պետական համակարգի լրջությունն ու ազգային շահի բացառիկ կարեւորությունը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

22.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031