Հայցվոր Հարություն Կարապետյանը դիմելով վարչական դատարան՝ խնդրել էր, որպեսզի անվավեր ճանաչվի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի թիվ 866–Ա հրամանը եւ որպես հետեւանք իրեն վերականգնել Վայոց-ձորի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության հաշվառման վերլուծության եւ քարոզչության բաժնի առաջատար մասնագետ տեսուչի պաշտոնում:
Վարչական դատարանում պատասխանողը ԱԻՆ-ն է, իսկ երրորդ անձ է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Չորս տարի առաջ նույն այս օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի թիվ 308-Ա հրամանի համաձայն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար արտակարգ իրավիճակների նախարարության առաջատար մասնագետ-տեսուչ Հ. Կարապետյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։ ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավարը 2014 թ. սեպտեմբերի 18-ին դիմել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ՝ Հ. Կարապետյանին «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածությունը եւ վերջինիս կողմից կարգապահական խախտում կատարելու հանգամանքը պարզելու նպատակով։ 12.11.2014թ. Հ. Կարապետյանն ազատվել է աշխատանքից։
Հ. Կարապետյանի կողմից 04.11.2014թ. ԱԻՆ է ներկայացվել դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ։
Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։ Հայցվորը վարչական դատարանին հայտնել էր, որ ծառայողական քննության ժամանակ իրենից բացատրություն չեն պահանջել, իսկ եթե պահանջեին՝ չէր հրաժարվի, քանի որ կատարել է իր պարտականությունը։ Իսկ արձանագրությամբ գրված էր, թե նա բացատրություն է տվել: «Արձանագրությունը կեղծ է կազմված, այն հաստատել է 06.12.2016թ. իր անմիջական ղեկավար Աբով Վարդանյանը, որն էլ արձանագրության հետին մասում կատարել է ստորագրում՝ հայտնելով, թե դա է իր ստորագրությունը»,-հայտնել էր հայցվորը։
Հ. Կարապետյանի պաշտոնի անձնագրի գործառույթների համաձայն՝ նրա իրավասությունների մեջ մտել է միայն հետազոտություններին եւ ստուգումներին մասնակցելը, ուստի հայցվորը պարտավոր չէր այլ բան կատարել եւ կրել «զուգահեռ» պատասխանատվություն։
«2014թ. բանավոր ինձ հանձնարարվել էր տարածքային 1.4 եւ 1.6 գոտիների օբյեկտները, առանց դրանց վերաբերյալ հրամանի, քանի որ ինձ են տրամադրվել կրկնակի տարածքային գոտիներ: Եղեգնաձորի տարածաշրջանը ունի 24 գյուղական վայր, որից 11-ը տրամադրել են ինձ։ Կարծում եմ, որ նախապես մտածված ստեղծել էին այնպիսի պայմաններ, որ կարողանան ինձ մեղադրել աշխատանքներս թերի կատարելու մեջ»,-տեղեկացրել էր նախկին ԱԻՆ-ականը։ Անդրադառնալով «Ծառայողական քննության նյութերին», Հ. Կարապետյանը հայտնել էր, թե ծառայողական քննություն անցկացվել է միակողմանի, որոշ աշխատակիցներ վկայել են, թե հայցվորն իբր իր աշխատանքային պարտականությունները չի կատարել «անհարգելի պատճառով»։ Ինչ վերաբերում է ծառայողական քննության նյութերին ծանոթանալուն, ապա դրանք, ըստ հայցվորի, պետք է համարակալված եւ կարված լինեին. «Ինձ տրամադրվեց միայն մի քանի տեսակի փաստաթղթեր, որոնք նյութեր համարել չէր կարելի, այն պարզ պատճառով, որ դրանք կարված եւ համարակալված չէին։ Այդ պահին խնդրել եմ միջնորդագիր գրելու համար տրամադրել թուղթ, բայց Ց. Ասատրյանն ասաց՝ գնա եւ ներկայացրու քո միջնորդությունը»։
Միջնորդությունը ներկայացվել է ընդհանուր բաժին եւ հայցվորը հեռացել է խորհրդի շենքից։ Ի դեպ, մինչ ազատումը նա գնացել է նաեւ «Գետնատուն» ՍՊԸ, կատարել է հրդեհատեխնիկական հետազոտություններ, կարգադրագիր նշված երկու օբյեկտներում չի կազմվել, քանի որ չկար կարգադրագրի ձեւաթղթեր, լրացրել է ստուգաթերթիկները։ Ապա այցելել է Գետափի գինու գործարան, կատարել հրդեհատեխնիկական հետազոտություն, լրացրել է ստուգաթերթիկը։
Դրանից հետո ստացել է կարգադրագրի ձեւաթղթերը, լրացրել է «Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի» կարգադրագրերը։ Հարություն Կարապետյանի կողմից «Եղեգնաձորի մշակույթի տանը» կատարված հետազոտության վերաբերյալ ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության մեջ նշվել է, որ «կաթսայատան՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտի, պայմանագրի եւ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության բացակայության պայմաններում համապատասխան վարչական արձանագրություն չի կազմել»։
Վտանգավոր օբյեկտի վերաբերյալ արձանագրություն չկազմելու հանգամանքի շուրջ Հարություն Կարապետյանը դատարանին հայտնել է, որ. հիվանդությունից հետո ներկայացել է աշխատանքի եւ առանց հաստատված պլան-ժամանակացույցի, տեսչական բաժնի պետի բանավոր հանձնարարությամբ եւ նրա հետ միասին այցելել է Եղեգնաձորի մշակույթի կենտրոն: Պարզվել էր, որ արտադրական վտանգավոր օբյեկտի կաթսայատան ջեռուցման համակարգը ձմռան ընթացքում շարքից դուրս է եկել եւ չի շահագործվում։ Չնայած դրան, կազմվել է պայմանագիր եւ փորձաքննության եզրակացություն լինելու դեպքում, պարտավորվել են պատճենը ներկայացնել տեսչություն։ Վարչական վերաքննիչ դատարանում ավարտվել է քննությունը, նշանակվել է հրապարակման օրը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
22.05.2018