Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է սատանան խաբում մարդկանց գիտական աթեիզմի միջոցով

Մայիս 23,2018 12:30

Եթե ձեր մոտ գան ու ասեն, որ Աստված չկա, ու դա ասեն գիտական աթեիզմի անունով, իմացեք, որ ձեզ խաբում են: Հիմա աշխարհում այնքան սուտ կա, որ շատ մարդիկ խաբել բառին այդքան ուշադրություն չեն դարձնում: Բայց եթե նույնիսկ փոքր բաների մեջ տրվես դրան, կհեռանաս ճշմարտությունից:

Սատանան մարդուն Աստծուց հեռացնում է նրան խաբելով: Աթեիզմն այդ խաբելու գործիքներից մեկն է: Եթե միտքդ չաշխատեցնես ու հարցեր չտաս, ապա հեշտությամբ կխաբվես:

Հիշո՞ւմ եք, խորհրդային տարիներին մի մեծ պետական փիլիսոփայություն կար: Այն կոչվում էր գիտական աթեիզմ: Այսինքն՝ ասում էին, որ Աստված չկա, ու անունն էլ դրել էին «գիտական», որ մարդկանց ավելի լավ համոզեն: Միտքը չաշխատեցնող ու հարցեր չտվող մարդիկ էլ ասում էին, որ դե ռեալ գիտությունն է ասում, որ Աստված չկա: Իսկ եթե հարցեր տաք, կտեսնեք, որ այստեղ մեծ սուտ կա: Ու ահա թե սուտը որտեղ է, որովհետեւ գիտությունն ուրիշ բան է ասում:

ՍՈՒՏԸ

Պատկերացրեք 5 հոգով գնում եք Սիբիր ճամփորդելու: Մոտենում եք անծայրածիր անտառներին: Ձեզանից որեւէ մեկը կհամարձակվի՞ հայտարարել, թե անտառում վագր չկա: Լավ, նույնիսկ ասենք, թե բոլորդ էլ մտնեք անտառ, մի 10 կիլոմետր քայլեք, ման գաք ու ոչ մի վագր չտեսնեք, կարո՞ղ եք համոզիչ կերպով ասել, որ անտառում վագր չկա: Չեք կարող: Որովհետեւ դուք ընդամենը 10 կմ եք քայլել: Դուք չեք կարող դա ապացուցել՝ ոչ տրամաբանության, ոչ էլ գիտական տեսանկյունից: Ինչ է թե վագր չեք տեսել, չի նշանակում, որ վագր չկա: Չէ՞ որ դուք ձեր միտքն էլ չեք տեսնում, ինչ է՝ միտք չկա՞: Հիմա տեսեք աթեիզմն ինչ է ասում ու գիտությունն ինչ է ասում: Աթեիզմն ասում է, որ Աստված չկա: Իսկ ճշմարիտ գիտությունն ասում է, որ իմանալուն սահման չկա: Մենք ամեն օր նորանոր բաներ ենք հայտնաբերում: Քվանտային ֆիզիկայի շնորհիվ մենք այսօր գիտենք այնպիսի բաներ, որոնց մասին անհնար էր նույնիսկ տրամաբանորեն մտածել 100 տարի առաջ:

Գիտությունն ասում է, որ մենք ճշմարտության օվկիանոսի մեջ ընդամենը մի քանի փոքր քայլ ենք դեռ կատարել: Ու սահման չկա, թե դեռ ինչքան պիտի սովորենք տիեզերքի մասին: Իսկ աթեիզմը հպարտորեն մեծ-մեծ ստում է, թե Աստված չկա: Ախր ո՞նց կարող ես նման բան ասել: Չմտածող մարդկանց կարող ես խաբել, բայց մտածող ու հարցեր տվող մարդկանց չես համոզի: Դե եթե այդպես լավ գիտես ու գիտության անունից ես խոսում, ապա մեզ ապացուցիր ու համոզիր, որ Աստված չկա: Տեսությունների մասին մի խոսիր, որովհետեւ դրանք հիպոթեզներ են ու ամենաշատը թերահավատություն առաջացնեն ոմանց մոտ: Բայց դու գիտական փաստերով ապացուցիր, որ կասկած չմնա, թե Աստված չկա: Դու ինքդ կտեսնես, որ դա անհնար է անել: Ուրեմն, եթե անհնար է, ինչպե՞ս ես հանդգնում Բարձրյալի դեմ հակառակվել ու մարդկանց խաբել, թե Աստված չկա:
Էվոլյուցիա՞ն է քո հույսը: Եթե այո, ապա ահա քեզ մի կարճ պատմություն: Գիտնականները հավաքվեցին ու որոշեցին գնալ Աստուծո մոտ ու նրան ասել, որ դու մեզ այլեւս պետք չես: Մենք ամեն ինչ կարող ենք առանց քեզ անել, նույնիսկ մեռած մարդուն կարող ենք սաղացնել: Աստված ասում է, «իսկապե՞ս»: «Լավ, եթե այդպես է, կարո՞ղ եք, արդյոք, նախ մի մարդ ստեղծել հողից, ինչպես ես, հետո նոր նրանց հարություն տաք»: Գիտնականներն ասում են՝ այո ու սկսում են գործի անցնել: Երբ նրանցից մեկը կռանում է, որ մի բուռ հող վերցնի մարդ սարքելու համար, Աստված նրա ձեռքը բռնում է ու ասում. «քո ստեղծած հողից սկսիր, դա իմ ստեղծած հողն է»:

ԽԱԲՈՂ ՍԱՏԱՆԱՆ

Սատանան մարդուն չի մոտենում կինոների մեջի բոբոների տեսքով: Եթե այդպես լիներ, մարդը երեւի միանգամից մերժեր այդ չար բոբոյին: Սատանան գիտի, որ նա մարդուն կարող է Աստծուց հեռացնել ու կործանել միայն ու միայն խաբելով, ստի միջոցով: Ինչո՞ւ, որովհետեւ մարդն ազատ կամք ունի: Եթե դուք հոգ չտանեք ճշմարտության համար ու հարցեր չտաք, ապա դուք չեք ունենա բավարար տեղեկատվություն եւ կխաբվեք տարբեր տեսակի ստերի պատճառով: Տեսեք՝ 70 տարի մարդկանց ինչպես էին խաբում աթեիզմով, ու մեկը չէր ասում, բա լավ, մի հատ կարո՞ղ եք ապացուցել, որ Աստված չկա:
Սիրելի աթեիստ բարեկամ: Ես հասկանում եմ եւ քո կասկածները, եւ քո համոզումը: Ինքս անցել եմ դրանց միջով: Իրական հավատքը եւ կյանքի որակի փոփոխությունը գալիս է հարցեր տալու եւ փնտրելու միջոցով: Իսկ եթե Աստված կա ու դու սխալվո՞ւմ ես: Ախր կարելի է, չէ՞, գոնե ասել, ես հիմա չեմ հավատում, չեմ համոզվում, բայց չեմ էլ կարող ապացուցել, որ Աստված չկա: Իսկ եթե կա, ես իրեն փնտրում եմ: Աստուծո Խոսքն ասում է, որ հպարտությամբ իրեն չես գտնի: Բայց խոնարհությամբ ու փնտրտուքի մեջ իրեն կգտնես: Ասում է, եթե իրեն փնտրես քո ամբողջ սրտով, իրեն կգտնես (Երեմյա 29:13), ու եթե դա անես սիրով ու բարի պատվիրանները պահելով, նա ինքը իրեն կհայտնի քեզ (Հովհ. 14:21): Մի թող, որ չարը քեզ խաբի: Սեղանին քո կյանքն է դրված: Որովհետեւ մեզ հավիտենական ապրելու խոստում է տրված: Ու քեզանից ոչ մի գումար չի պահանջվում դրա համար, այլ, որ միայն քո ամբողջ սրտով փնտրես Աստծուն:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

22.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի հեղինակ, ինչո՞ւ է ձեզ թվում, որ գիտությունը պետք է փորձի հերքել մի բան, որը նույնիսկ հստակ ձևակերպում չունի: Որքան հավատացյալ՝ այնքան աստծո մասին պատկերացում: Ավելի լավ կլինի դուք՝ հավատացյալներդ գաք մի ընդհանուր հայտարարի, եթե իհարկե կարողանաք, որից հետո իմաստ կունենա որևէ բանավեճ ծավալելը նրա գոյության կամ չգոյության մասին: Վագրի օրինակն եք բերում: Փորձեմ զարգացնել ձեր միտքը վագրի ու ասենք՝ կոկորդիլոսի օրինակով: Դուք կարո՞ղ եք պնդել, որ սառուցյալ օվկիանոսում վագրադիլոս չի ապրում, քանի դեռ չեք սանրել ողջ օվկիանոսը…

    • Derenik Mikaelyan says:

      Մարգար, իմ աղոթքն է, որ Տէրը 0րհնի Ձեզ Ճշմարտությունը որոնելու Ձեր Ճանապարհին!

      Ձեր գրածը վկայում է, որ այս հոդվածը ակնհայտ հաջողություն ունի իր հիմնական նպատակի իմաստով – ստիպել որ ընթերցողը մտածի ու հարցեր տա: Ես էլ հավատում եմ որ հարցեր տվող ու պրպտող միտքը անհրաժեշտ (ցավոք ոչ բավարար) պայման է Ճշմարտության մոտենալու համար, ուստի դիտարկումներս հետագա մտորումներ խթանելու համար են միայն, ոչ բանավեճի:

      >>ինչո՞ւ է ձեզ թվում, որ գիտությունը պետք է փորձի հերքել մի բան, որը նույնիսկ հստակ ձևակերպում չունի:

      անկախ այդ լայն հարցադրումից – ‘գիտությունը պետք է փորձի հերքել..’ թե չէ, փաստ է որ միշտ եղել են ու կան գիտնականներ, ում թվացել է թե զուտ բնագիտական մեթոդաբանության վրա հենվելով կարելի է վերջնականապես ու ‘գիտականորեն’ լուծել Աստուծո լինել չլինելու հարցը (ի դեպ – նրանցից շատերի համար դա դարձել է Աստծուն գտնելու առաջին լավ քայլը): Ճիշտ ինչպես միշտ եղել են ինժիներներ (հաճախ փայլուն մտքի տեր!) որ երազել են հավերժական շարժիչ հորինել, չի հաջռղվել իհարկե, բայց այդ սեւեռուն տքնանքներից հրաշալի նոր ու օգտակար գաղափարներ են ծնվել:

      Ինչ վերաբերում է ‘հստակ ձևակերպում’ ունենալուն, հուսով եմ չեք վիճի որ ‘հստակ ձևակերպումներ ունենալու’ անգերազանցելի թագուհին մաթեմատիկական գիտությունն է: Հիշենք սակայն, որ մաթեմատիկան իր ակունքներում, հիմքերի հիմքում (հիմնական գաղափարները [թիվ, կետ, փոխմիարժեք համապատասխանություն, աքսիոմներ – այդ թվում ձեւային տրամաբանության աքսիոմները եւ այլն] ընդունելու ՍԿԶԲՆԱԿԱՆ ՔԱՅԼԻ իմաստով ) հիմնվում է ՈՉ թե հստակ ձևակերպումների, այլ մեզ Ի ՎԵՐՈՒՍՏ, պարգեւի նման ՏՐՎԱԾ, շատ խորհրդավոր, ԿԵՆԴԱՆԻ ՆԵՐԸՄԲՌՆՈՂԱԿԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՎԱՏԻ վրա, որ այն խիստ վերացական գաղափարները որ մաթեմատիկական ուսումնասիրության առարկան են պիտանի են ֆիզիկական իրականությունը նկարագրելու ու հասկանալու համար:

      >>Որքան հավատացյալ՝ այնքան աստծո մասին պատկերացում:

      Տարօրինակ կլիներ եթե այդպես չլիներ – մի հասարակ երգը ամեն մարդ յուրովի է ընկալում, իսկ մաթեմատիկայի նման ‘ամենաճշգրիտ’ գիտության կառուցման հիմքերի մասին այսօր էլ ՄԵԾ տարակարծություններ ու թեժ վեճեր կան մաթեմատիկոսների մեջ: Ֆիզիկայի իրարամերժ-կարծիքների հարուստ պատմությունից էլ հիշենք թե Իսահակ Նյուտոնը որքան դեմ էր լույսին ալիքային հատկություններ վերագրելուն:

      >>Ավելի լավ կլինի դուք՝ հավատացյալներդ գաք մի ընդհանուր հայտարարի, եթե իհարկե կարողանաք, որից հետո իմաստ կունենա որևէ բանավեճ ծավալելը նրա գոյության կամ չգոյության մասին:

      Աստուած կա՞ թե ոչ՞ – շատ հին բանավեճի նյութ է, ծով գրականությամբ ու ‘բանավեճի’ ընթացքում թափված արյան ծովերի պատմություններով:
      Այս հարցի ԷԱԿԱՆ տարբերությունը այլ հետաքրքիր բանավեճային թեմաներից այն է, որ, ԱՄԵՆ ԱՆՀԱՏԻ ՀԱՄԱՐ, սրա պատասխանից է կախված այն արժեհամակարգը որով նա ԱՊՐՈՒՄ Է (որն է կեանքի բուն-իմաստը հարցի պատասխանից սկսած ու մյուս բոլոր ասպեկտներով վերջացրած): Հետեւաբար, ԱՄԵՆ ՄԱՐԴ, նախ իր համար, հետո իր զավակների համար, ՊԱՐՏԱՎՈՐ Է, որակյալ ու իր կարծիքով ՀՈՒՍԱԼԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԸՆՏՐԵԼ, ամենայն բծախնդրությամբ (անկախ նրանից դա ‘այո’-ն կլինի թե ‘ոչ’-ը) այս հարցին, ԱՌԱՆՑ ՍՊԱՍԵԼՈՒ, թե երբ ՈՒՐԻՇՆԵՐԸ ընդհանուր հայտարարի կգան այս գեր-կենսական հարցում:

      >>Դուք կարո՞ղ եք պնդել, որ սառուցյալ օվկիանոսում վագրադիլոս չի ապրում, քանի դեռ չեք սանրել ողջ օվկիանոսը…

      Եթե ենթադրենք անգամ որ մարդամեկին հաջողվել է սանրել ողջ օվկիանոսը, ապա, զուտ ձեւային տրամաբանության դիրքերից դատելով կարելի է սպասել որ դրանից հետո հարցերը ու տարատեսակ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ միայն ավելի կշատանան, ըստ որում վագրադիլոսին եւ գտնելու (-կարող ա դա վագրադիլոսը չէր, այլ դրան շատ նման արջադիլոսը) եւ չգտնելու (-միգուցէ ժամանակակից օվկիանոս սանրելու տեխնոլոգիան դեռ բավական լավը չի որ կարողանար ի հայտ բերել թաքնվելու վարպետ վագրադիլոսին) դեպքերում:

      Հիշենք, որ անկախ նրանից թե ինչ ենք որոնում (այդ թվում ‘Ճշմարտություն’), ՇԱՏ կարեւոր է ինքդ քեզ հաշիվ տալ, թե այդ բանը ինչ տեսքով ես սպասում գտնել, քանզի այդ ներքին, հաճախ անբացահայտ ու զուտ ենթագիտակցական սպասումը, ԷԱՊԵՍ սահմանափակում է որոնման տրամաբանական շրջանակը ու հաճախ բացառում այն տարբերակների դիտարկումն անգամ, որոնցում ԻՍԿԱԿԱՆ լուծումն է գտնվում: Կեանքի հիմնարար հարցերին պատասխան տալու հավակնություն ունեցող բոլոր վարդապետությունները առաջարկում են իրենց ‘ճշմարտության’ տարբերակները սրբազան-տեքստերի ՏԵՍՔՈՎ ասելով – «’Ճշմարտություն’ եք ուզում – ահա խնդրեմ այն բանաձեւված ու ամփոփված է այս տեքստի մեջ, Ձեզ մնում է միայն կարդալ, հասկանալ, հավատալ, ենթարկվել»
      Քրիստոսի վարդապետությունն էլ ունի իր սրբազան-տեքստը – Աստուածաշունչը (Հին եւ Նոր Կտակարանները միասին), սակայն կա մի ՎԻԹԽԱՐԻ տարբերություն – Քրիստոսն ուսուցանում է, որ Ճշմարտությունը հենց ԻՐ ԿԵՆԴԱՆԻ ԱՆՁՆ Է, ԻՐ ՍՈՒՐԲ ՈՒ ՀԱՎԵՐԺ ԿԵՆԴԱՆԻ ՀՈԳԻՆ, այլ ՈՉ ԹԵ Աստուածաշունչի տեքստը, որը ընդամենը ճշմարիտ վկայություն ու տեղեկատվություն է ԲՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, այն է ԻՐ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ԱՆՁԻ մասին:
      Անկախ նրանից ճշմարտության որոնողը հավատում է Քրիստոսին թե ոչ, նրա ուսմունքի այս հիմնային տրամաբանական տարբերությունը այլ ուսմունքներից ու աշխարհայացքային տեսություններից պետք է հստակ գիտակցել ու հաշվի առնել ընտրություն կատարելիս:

      “Ես ԷՄ Ճշմարտությունը, Ճանապարհը ու Կյանքը” !
      ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ
      (Հովհ. 14:6)

      • Մարգար Մախսուդյան says:

        Միքայել, ճշմարտություն որոնելու իմ ուղին հենված է միայն իմ բանականության և առայսօր ձեռք բերածս գիտելիքների վրա, և որքան դրանք համալրվում են, այնքան ինձ տարօրինակ են թվում հասկացություններ, ինչպիսիք են աստծո որդի, չար ու բարի հրեշտակներ, սատանա, դժոխք, տարտարոս և այլ երևակայական հորինվածքներ, որոնք չունեն որևէ գիտական, կամ թեկուզ մերձտրամաբանական հենք: Բացի այդ, եթե որևէ դատողություն, պնդում բանական, ապացուցողական հիմք չունի, ապա այն չի ունենա անգամ շարունակ մեծատառերով գրելիս ու բազմաթիվ անգամ կրկնելիս:
        Հարգելի Միքայել, քանի որ Ձեր շարադրանքը բավականին ծավալուն է այն հանգամանորեն մեկնաբանելու համար, թույլ տվեք անդրադարձ կատարել միայն վերջին մտքին, որն ինչպես երևում է շարադրվածքից պատկանում է Հովհանես ավետարանչին:
        Կուզենայի իմանալ, նախ՝ ինչպես կմեկնաբանեիք այն փաստը, որ պատմության ընթացքում Քրիստոսի հետևորդներ կաթոլիկները, հուգենոտները /բողոքականները/ ուղղափառները առանձնակի դաժանությամբ կոտորել բնաջնջել են իրար, փրկվե՞լ են արդյոք, թե՝ ոչ, կամ նրանցից ովքեր են հատկապես փրկվել, և երկրորդ, եթե փորձենք ենթադրել, որ Քրիստոսի բոլոր հետևորդները, անկախ իրենց վարքագծից փրկվել են և շարունակում են փրկվել, դրանց հետևո՞ւմ է արդյոք, որ մնացած՝ ոչ քրիստոնեական կրոնների հետևորդները անխտիր դժոխքի բաժին են դառնում:
        Հ.Գ. Հետաքրքիր կլինի իմանալ նաև Ձեր կարծիքը ժամանակին նվիրյալ հավատացյալների որոշմամբ օլիմպիական աստվածների գոյությանը չհավատալու պատրվակով Սոկրատեսին մահապատժի ենթարկելու փաստի վերաբերյալ, ինչես նաև Ջորդանո Բրունոյին Հռոմի Պապի որոշմամբ կրակի վրա այրելուն, քանի որ վերջինս ոչ միայն, չէր հավատում, որ Հիսուս Քրիստոսը աստծո որդի է, այլ նաև շատ խիստ բառերով էր բնութագրում նրան:

        • Derenik Mikaelyan says:

          >>…այնքան ինձ տարօրինակ են թվում հասկացություններ, ինչպիսիք են աստծո որդի, չար ու բարի հրեշտակներ, սատանա, դժոխք, տարտարոս և այլ երևակայական հորինվածքներ, որոնք չունեն որևէ գիտական, կամ թեկուզ մերձտրամաբանական հենք:

          նման մտորումներ շատերն են ունեցել (այդ թվում ես) եւ բոլոր ժամանակներում: Այն պարզ փաստը, որ բանականության եւ ոգու բազում ՏԻՏԱՆՆԵՐԻ համար (ովքեր արարել են ինձ ու քեզ հասած ու լուսավորած գիտելիքներից շատերը – Նյուտոն, Լեյբնից, Պասկալ … աչքի անցկացրու այս ցուցակը – https://en.wikipedia.org/wiki/List_of_Christians_in_science_and_technology ), Քրիստոնեությունը եղել է ՄԻԱԿ ճշմարիտ վարդապետությունը, պիտի ամեն մարդու ստիպի ավելի զգույշ լինել ձեւակերպումների մեջ, ու հուշի որ Քրիստոնեությունը հակասության մեջ չի բանականության ու տրամաբանության հետ: Եթե անձը սեփական բանականությունը ու տրամաբանությունը չի օգտագործում ինքն իրեն խաբելու համար (ինչը հաճախ է պատահում) ապա Քրիստոնեության ուսումնասիրությունը մեծ հավանականությամբ կբերի դրա ճշմարտացիության ընդունման:

          >>Բացի այդ, եթե որևէ դատողություն, պնդում բանական, ապացուցողական հիմք չունի, ապա այն չի ունենա անգամ շարունակ մեծատառերով գրելիս ու բազմաթիվ անգամ կրկնելիս:

          որևէ դատողություն, պնդում քննարկելիս, ԱՆԿԱԽ նրանից այն կհամարենք ճիշտ թե սխալ, ՊԱՐՏԱՎՈՐ ենք հասկանալ թե ինչ է ասում այդ պնդումի բովանդակությունը:
          Մեծատառերով ես սոսկ ԸՆԴԳԾՈՒՄ եմ կարեւոր արտահայտությունները (առավել ուշադրության արժանացնելու համար) ու դրանց վրա ապացուցողական խնդիր չեմ դնում: Օրինակ, գրել էի – «Քրիստոսն ուսուցանում է, որ Ճշմարտությունը հենց ԻՐ ԿԵՆԴԱՆԻ ԱՆՁՆ Է, ԻՐ ՍՈՒՐԲ ՈՒ ՀԱՎԵՐԺ ԿԵՆԴԱՆԻ ՀՈԳԻՆ, այլ ՈՉ ԹԵ Աստուածաշունչի տեքստը….» եւ դա արել էի ՈՉ ԹԵ այդ պնդումը ապացուցելու համար, այլ ընդամենը Քրիստոնեության հիմնական պնդման ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑՆԵԼՈԻ համար, ու նպատակս էր դրա մեջ ճշմարտության պատկերացման էական տարբերությունը այլ ուսմունքների համեմատ շեշտելը (ճշմարտությունը որպես-անձ ընկալումը հակադրված ճշմարտությունը որպես-տեքստ ընկալումին):

          >>ինչպես կմեկնաբանեիք այն փաստը, որ պատմության ընթացքում Քրիստոսի հետևորդներ կաթոլիկները, հուգենոտները /բողոքականները/ ուղղափառները առանձնակի դաժանությամբ կոտորել բնաջնջել են իրար,…

          կմեկնաբանեմ ՄԱՏԹԷՈՍԻ-25:20-21 խոսքով –
          20Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»։ 21«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։

          >>…Ջորդանո Բրունոյին Հռոմի Պապի որոշմամբ կրակի վրա այրելուն, քանի որ …

          Ջորդանո Բրունոյի գործի մանրամասները ես չգիտեմ, եթե բուն ասելիքդ այն է որ եկեղեցիներում դարեր շարունակ (եւ հիմա էլ) կատարվել են ահավոր հանցագործություններ – դրա հետ միարժեքորեն համաձայն եմ: Սակայն եթե ուզում ես ասել, որ այդ ցավալի իրողությունը արժեզրկում ու իմաստազուրկ է դարձնում հավատքն ու եկեղեցին, դրա հետ իհարկե համաձայն ՉԵՄ: Բացատրեմ մոտավոր համեմատությամբ – եթե բանակում կատարվում են դաժան հանցագործություններ, դա դեռ չի նշանակում որ բանակը իր ամբողջության մեջ անպետք է ու պիտի լուծարվի:

          Եթե կամենաս հետագա հարցերի քննարկում շարունակել ազատ զգա օգտագործել իմ email-ը: [email protected]

  2. anahit says:

    աստծուն հավատում ենք բայց
    այ քեզ բան իսկ ով է ասում ես ուզում եմ հավերժ կյանք ուենամ, չէ որ դա սարսափելի է

    • Derenik Mikaelyan says:

      Անահիտ, պատկերացրու – մի հիվանդ մարդ շարունակաբար տանջալի ցավեր է ունենում, ու վիճակից հասկացող նրա ընկերը ասում է «ախպերս, դու մահացու հիվանդություն ունես, եթե ոչինչ չանես շուտով մեռնելու ես: Բայց մի լավ բժիշկ գիտեմ, նա հաստատ կարող է քո կեանքը շատ երկարացնել»:

      Հիվանդը հավատում է իր ընկերոջ ասածին, որ ԿԱ այդպիսի բժիշկ, որ կարող է իր կեանքը էապէս երկարացնել, բայց ուրախանալու փոխարեն սկսում է սարսափել այդ հեռանկարից, քանի որ չի կարողանում իր սրտում հավատալ, որ այդ բժիշկը ԿԱՐՈՂ Է ՆԱԵՒ տանջալի ցավերը ԻՍՊԱՌ վերացնել: Իսկ ցավեր, պակասություններ ունենալով երկար ապրելը իրոք սարսափելի պատիժ է, այլ ոչ ցանկալի պարգեւ:

      Ուզում եմ ասել որ, Աստծուն հավատալը սոսկ նրա գոյությանը հավատալը չէ, այլ հավատալը, որ ՆԱ Ի ԶՈՐՈՒ Է մեզ փրկել ԲՈԼՈՐ տեսակի տառապանքներից, պակասություններից, ցավերից, դրանց հնարավոր պատճառներից, ու ՎՍՏԱՀԱԲԱՐ ապահովել ԲԱՎԱՐԱՐ պայմաններ, որ մենք հավերժական երանության կեանք ունենանք, ոչ թե հավեժական ցավեր ու ձանձրույթ:

      Տէրը օրհնի Ձեզ Իր Հանճարի ու Կարողության նկատմամբ լիարժեք հավատ պարգեւելով:

      • Արթուր Առաքելյան says:

        Դերենիկ Միքաելյան, ենթադրենք ձեզ հավերժական անդարդ կյանք են տվել, բա հետո՞ Ինչով եք զբաղվելու էտ հավերժության մեջ: Ո՞րն է լինելու էտ Ձեր հավերժ գոյության նպատակը:

        • Derenik Mikaelyan says:

          Ողջույն Արթուր Առաքելյան,
          Ձեր գրածից կարելի է ենթադրել թե կյանքի իմաստը դարդ-քաշելն եք համարում, ու կարծում եք որ եթե ԱՄԵՆ տեսակ դարդերը ինչ-որ հրաշքով վերացվեն ապա կյանքը միանգամից կվերածվի իմաստազուրկ ու ձանձրալի տաղտուկի 🙂
          Հիշեցրեցիք մի հին ու բարի անեկդոտ – հարցնում ա մեկը

          – ներեցեք, դուք ստամոքսի խոց ունեք՞

          – Ոչ

          – շաաատ ափսոս, ես հրաշալի դեղամիջոց գիտեմ, որ ձեզ լրիվ կբժշկեր!

          🙂

          Հիմա առանց կատակի, նախ, ենթադրում եմ որ հավատացյալ եք (աթեիստի համար ասածս օգտակար չի լինի):
          Ձեր հարցին ես ըստ էության պատասխանել եմ վերեւում ասելով, որ վստահաբար հավատում եմ, որ տիեզերքը արարած, ինձ ստեղծած ու իմ փրկության գործը խաչի վրա կատարած Աստուածը 1)գիտելիքով ու կարողությամբ Ի ԶՈՐՈՒ Է եւ 2) ՈՒՆԻ այդ կամքը, որ ապահովի ԲԱՎԱՐԱՐ պայմաններ, որ մենք, Իր խոստման համաձայն, հավերժական երանության կյանք ունենանք:

          Հիմա թե այդ երանության վիճակը ավելի կոնկրետ ինչ տեսք կարող է ունենալ (ինչ մեզ հայտնի վիճակների կնմանվի, ինչով ենք զբաղվելու, էտ հավերժական ‘օրը ինչով ենք լցնելու’ եւ այլն) ինձ համար հետաքրքրաշարժ, ԲԱՅՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ հարց է: Համոզված եմ, որ ես ինչքան էլ երեւակայությանս ու տրամաբանությանս զոռ տամ ‘լավագույն տարբերակներ’ պատկերացնելու համար, միեւնույն է Տէրոջ լուծումը անսահմանորեն գերազանցելու է իմ ամենավառ ու ‘հանճարեղ’ պատկերացումները ու լինելու է իսկապես կատարյալ լուծում:

          Այսուհանդերձ անիմաստ չեմ համարում դատողություններ անել Ձեր ասած ‘գոյության նպատակ’-ի ու Տէրոջ խոստացած երանության հնարավոր բնութագրիչների մասին: Սկսեմ պարզ, երկրային գոյության նպատակից, մեր բոլոր արարքները հստակորեն դասավորվում են իմաստային հիերարխիայի մեջ (պարզեցված եմ ասում, օրինակ – գործ եմ անում -> որ փող վաստակեմ -> որ ընտանիքիս կարիքները հոգամ -> որ իմ սիրելի մարդկանց ուրախացնեմ ու ինքս էլ ուրախանամ նրանց հետ) որի գագաթին որպես վերջնական նպատակ ՍԷՐԸ, ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ու սրտանց երախտագիտությամբ Տէրոջ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ է, ինչին մի բառով ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ենք ասում, եւ որը արդեն ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ է: Երջանիկ մարդու հոգում ցնծության երգեր են հնչում, ստեղծագործական ուժեր են արթնանում, էքստատիկ պարի ցանկություն ու կարողություն է առաջանում, ու մարդը դեռ երկրի վրա կորցնում է ժամանակի զգացողությունն ու համտեսում է հավերժականը: Կարծում եմ երկնային երանությունը բավականին նման է լինելու երկրային ամենամաքուր երջանկության վիճակին, այն տարբերությամբ որ դրա համար պետք չի լինելու չարչավել, պետք չի լինելու փող կամ գույք, դրան չի սպառնալու ձանձրույթի ախտահարում, ստեղծագործական անկարողություն, կամ էլ թարմության կորուստ: Ինչպես՞ – Աստուած գիտի, ու կարեւորն էլ հենց դա է որ ՆԱ ՀԱՍՏԱՏ ԳԻՏԻ:

          Իմ email-ը – dmikaelyan-AT-gmail-KET-com

          • Արթուր Առաքելյան says:

            Այսքան երկար բարակ գրելու փոխարեն ուղղակի ասեիք ՉԳԻՏԵՄ:
            Դե ինչ ասեմ, եթե ուզում եք ձեր կյանքը ծախսել ետմահու անորոշ պարգև ստանալու ակնկալիքով, էտպես վարվեք, բայց մի նեղացեք, որ ուրիշները նման միամիտ հեքիաթներով չեն ապրում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031