Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մի քանի հարյուր միլիոն դրամի վճարումներ չեն կատարվել»

Մայիս 22,2018 23:43

«Համապատասխան տեսչական մարմնին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում, որովհետեւ բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված`ՀՀ օրենսդրության եւ բնապահպանական կանոններին վերաբերվող»,- քիչ առաջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դա չի նշանակում, որ Հայաստանում փակելու ենք հանքարդյունաբերության ոլորտը`շարունակեց վարչապետը`հստակեցնելով, որ հանքերի շահագործումը ներկայիս պայմաններով թույլ չի տալու: Շահագործվող հանքերի գործունեությունը խստիվ պետք է համապատասխանեցվեն բնապահպանական կանոններին եւ ՀՀ օրենսդրության պահպանմանը, միջազգային կանոնակարգերին: Եթե կլինեն ընկերություններ, որոնք չեն կարողանա այս շրջանակում գործել, իրավական պատասխանատվության խնդիր կդրվի:

Վարչապետը նաեւ հայտարարեց, որ առաջիկայում թույլտվություններ չեն տրվի նոր հետազոտությունների եւ հանքերի շահագործման համար, մինչեւ վերոնշված խնդիրները չլուծվեն:

«Մեր ունեցած տեղեկություններով բազմաթիվ հանքեր չեն կատարել վճարումներ, դրանք հասնում են մի քանի հարյուր միլիոն դրամի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ այս հարցերին խիստ են անդրադառնալու, քանզի ընդերքի խելամիտ օգտագործումը նաեւ ազգային անվտանգության խնդիր է:

Ստուգումներին կմասնակցեն բնապահպանական կազմակերպությունները եւ բնապահպանական թեմաներով գրող լրագրողները:

Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած կառավարությունը դանդաղ իրականացնում է հեղափոխության նպատակների իրագործումը`ասաց Նիկոլ Փաշինյանը. «Որեւէ կասկած չպետք է լինի, որ այս կառավարությունն իր նպատակների իրագործման մեջ պետք է հաջող լինի, քանի որ ունի ժողովրդի վստահությունը»:

Հիշեցնենք, արդեն չորրորդ օրն է Ջերմուկ քաղաքի, հարակից Կեչուտ եւ Գնդեվազ գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք փակել են դեպի Ամուլսարի ոսկու հանք գնացող ճանապարհները՝ թույլ չտալով հանքի մեքենաների տեղաշարժը, որի արդյունքում հանքի աշխատողները չեն կարողանում մեկնել աշխատանքի վայր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031