Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետի հավանական թեկնածուները խոսում են իրենց թեկնածության մասին

Մայիս 22,2018 22:50

Վերջին շրջանում Վանաձորում ու Լոռու մարզում քննարկվող թիվ մեկ հարցն այն է, թե Արթուր Նալբադյանից հետ ով կղեկավարի մարզը: Մարզի ղեկավարն իր ազատման դիմումն ուղարկել է կառավարություն, սակայն հարցը դեռեւս չի քննարկվել: Այնինչ, մամուլում ու սոցցանցերում արդեն իսկ քննարկվում են մարզպետի հավանական թեկնածուների անունները: Aravot.am-ի հետ զրույցում նրանք պարզաբանում են լուրերը:

Մարզպետի պաշտոնի համար թեկնածուների շարքը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը. «Ես չեմ կարող ասել, թե ինչն է առիթ հանդիսացել: Միայն կարող եմ ենթադրել, թե ինչի համար է իմ անունը շրջանառվում: Իմ քաղաքական ակտիվության հետ կապված որոշ մարդիկ մտածել են, որ երեւի նման հավակնություններ ունեմ կամ երեւի նման քննարկում է եղել: Համենայն դեպս, իմ հետ որեւէ նման քննարկում չի եղել: Թե խոսակցությունները որտեղից են առաջացել, եւ մեկը՝ մյուսից պատճենելով տարածել, դա ես արդեն չգիտեմ՝ ֆեյսբուքյան կյանք է: Նույնիսկ Էդմոնի հետ էլ չենք մենք նման հարց քննարկել: Իսկ այն հարցին, եթե նշանակեն, կաշխատեմ, թե՞ չէ, դրա հետ կապված բազմաթիվ հարցեր կան: Օրինակ, ի՞նչ կառավարման մոդել ենք ընտրում, ո՞նց է կառավարվելու, արդյոք ուզու՞մ ենք արդյունավետ կառավարում: Եթե ուզում ենք մարզպետարանն ամենաարդյունավետ կառավարման հանգույցներից մեկն է: Եթե նույն ձեւի պետք է շարունակել եւ ընդամենն անուն ազգանուն փոխել, բնականաբար այնտեղ չի կարող լինել մարդ, որն ունի կառավարման փորձ եւ կարող է այդ կառավարման փորձով ինչ-որ բան փոխել: Իսկ, եթե փոխում ենք՝ համակարգային փոփոխություն է պետք, ոչ թե ընդամենը պաշտոնյաներին փոխենք ու ասենք բան փոխվեց»:

Հավանական թեկնածուների շարքում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը. «Երեւի պատճառն այն է, որ կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահն եմ, եւ մարդիկ սոցցանցերում իմ անունն էլ են շոշափել: Բայց այդ հարցը ո՛չ կուսակցությունում, ո՛չ էլ իմ հետ չի քննարկվել: Այնպես, որ այս պահին մամուլում ու սոցցանցերում գրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

Դրանք ընդամենը քաղաքացիների ցանկություններն ու կարծիքներն են: Քանի որ նման հարց չի քննարկվել, հիմա ոչինչ չեմ ուզում ասել, թե առաջարկը կընդունեմ, կաշխատեմ այդ պաշտոնում, թե ոչ: Երբ որ կառաջարկվի, այդ ժամանակ կքննարկվի եւ ես իմ կարծիքը կասեմ: Ամեն ինչ մեզնից՝ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված ինչ-որ բան կփոխվի, թե ոչ: Համակարգային փոփոխության առաջին փուլն արդեն տեղի է ունեցել եւ սա շարունակություն պետք է ունենա»:

Թեկնածուների թվում է նաեւ Ալավերդու «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

-Երբ որ սկսեցին խոսել, որ պետք է մարզպետ լինի որեւէ կուսակցության ներկայացուցիչ, այսինքն` կուսակցական քվոտայով նշանակվի, այդ ժամանակ Ալավերդու երիտասարդները, մարդիկ, ովքեր հեղափոխության ժամանակ առաջինը դուրս եկան ցույցերի, հանդես եկան նախաձեռնությամբ, որ որպես քաղաքացիական հասարակություն ներկայացնող անձ, ոչ քաղաքական անձ ինձ ներկայացնեն: Դա որպես ուղերձ էր, այսինքն` ոչ թե կոնկրետ այն, որ Օլեգը պետք է մարզպետ լինի, այլ այն, որ մարզպետը պետք է լինի քաղաքացիական հասարակությունից, այն մարդկանցից, ում ժողովուրդը տեսել է հեղափոխության ժամանակ: Մարզային մակարդակով որեւէ կուսակցություն շարժումներին գործուն մասնակցություն չի ունեցել:

Հիմա ստացվում է այնպես, որ այն մարդկանց, ովքեր դուրս են եկել փողոց ասում են կամ այս կուսակցությունից պետք է լինի մարզպետը, կամ այն: Նախ` ժողովուրդը կուսակցությունների նկատմամբ մեծ վստահություն չունի, եւ երկրորդն այն է, որ կուսակցությունները չունեն այն համաժողովրդական ներուժը, որը պահանջվում է, եւ երրորդ, ի վերջո մարզպետը, եթե դիտարկվում է որպես քաղաքական պաշտոն, ապա որպես կուսակցական գործիչ է սկսում ծառայել, այլ ոչ թե որպես մարզպետ ժողովրդին: Ամեն դեպքում ժողովուրդը տասնամյակներ դա է տեսել, եւ այդ մտավախությունը կա: Դրա համար առաջարկությամբ հանդես եկանք, եւ մեր կոչն այն է որ չքաղաքականացնեն մարզերը եւ մարզերում որոշումները կայացվեն մասնակցային, եւ հատկապես մասնակցային՝ այն մարդկանց հետ, ովքեր կանգնած են եղել հեղափոխության սկզբից, եւ հանձ էին առել հեղափոխությունը տանել մինչեւ վերջ: Բայց այսօրվա դրությամբ իրենք լրիվ անմասն են մնում որոշումների կայացումից, իսկ դա մտահոգում է: Կառավարությանը կոնկրետ առաջարկությամբ չենք դիմել, բաց ես վստահ եմ, որ կառավարությունում տեղեկացված են ուղերձի մասին:

Իսկ եթե ինձ առաջարկեն այդ պաշտոնը, ես բնականաբար կաշխատեմ, որովհետեւ երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել, իմ ուժերի վրա վստահ եմ: Ես տարիներ շարունակ աշխատել եմ մարդկանց հետ, տարբեր շահառու սոցիալական խմբերի ու պետական կառավարման մարմինների հետ: Տարիներ շարունակ էլ իրականացրել ենք շահերի պաշտպանություն, որը թույլ է տալիս ինձ վստահ լինել, որ այո՛ ես կարող եմ, եւ հատկապես այս անցումային փուլում կարող եմ ստանձնել նման դերակատարում: Եթե, իհարկե, նման առաջարկություն լինի: Մարզում, քաղաքացիական հասարակությունից շատ են լավ մասնագետներ, կիրթ, գրագետ, զարգացման փորձագետներ, ովքեր քաղաքականացված չեն, եւ կարող են ամբողջ ժամանակը տրամադրել մարզի զարգացման գործընթացին:

 Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031