Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված էլ վերեւից իջնի`հանքը չենք բացելու». Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ ցույցը շարունակվում է

Մայիս 22,2018 22:10

Արդեն չորրորդ օրն է շարունակվում է Ջերմուկ քաղաքի, հարակից Կեչուտ եւ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքի ակցիան: Նրանք փակել են դեպի Ամուլսարի ոսկու հանք գնացող ճանապարհները՝ թույլ չտալով հանքի մեքենաների տեղաշարժը, որի արդյունքում հանքի աշխատողները չեն կարողանում մեկնել աշխատանքի վայր: Այսօր էլ բողոքավոր բնակիչները կրակ են վառել`ողջ գիշեր մնալու են դրսում, մեքենաներով էլ ճանապարհներն են փակել:

«Աստված էլ վերեւից իջնի`հանքը չենք բացելու: Եթե հանքարդյունաբերողները այս նախնական փուլում չեն կարողանում ապահովել բնակչության անվտանգությունը, ի՞նչ կլինի, հանքի շահագործման փուլում»,- քիչ առաջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտարարեց ցուցարարներից մեկը:

Հիշեցնենք, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարը սկսվել է 2012 թվականից, բայց արդյունքներ չկան: Պատճառն, ըստ ցուցարարների, այն է, որ մինչ օրս կառավարությունն իրենց հետ չի եղել. «Հիմա կառավարությունը ժողովրդամետ է եւ մենք շատ հույսեր ունենք»:

Պայքարի այս փուլը սկսվել է նրանից, որ Կեչուտ եւ Գնդեւազ գյուղում ջրագծեր են վնասվել եւ խմելու ջրի ծորակներից ցեխաջրեր են գալիս: «Երեք անգամ արդեն ջրագիծը վնասվել է: Երկու անգամ բողոքներ են եղել, երրորդ անգամ համբերությունը հատեց»,- հայտարարեց ցուցարարներից մեկը:

Ցույցի մասնակիցները մտադիր են խաղաղ ցույցերը շարունակել այնքան, մինչեւ իրենց ձայնը լսելի դառնա, իսկ խնդիրը`լուծում ստանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031