Մի շարք բուհերի ղեկավարներն ուրախացել են, որ այլեւս Հայաստանի երիտասարդական հիմնադրամին գումարներ չեն փոխանցելու: Մայիսի 19-ին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր՝ «Այսուհետ պետական բուհերը չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների»:
Ապա ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն է արձագանքել նախարարի հայտարարությանը, նշելով՝ «հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարարը»։
Նշենք, սակայն, որ 2017-ին եւ դրանից առաջ էլ, երբ այդ գումարներն արդեն փոխանցված են եղել, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Հարությունյանը կառավարության անդամներ չէին, իսկ նախարարի ասելով՝ իրենց պաշտոնավարման ժամանակ այդ փոխանցումները դադարեցվելու են:
Բուհերից բացի հասարակական կազմակերպություններ էլ են այս հիմնադրամին գումարներ են փոխանցել, բայց ոչ միլիոններ, անհամեմատ ավելի քիչ գումարներ:
Իսկ բուհերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ՀԵՀ-ին սկսած 2001 թվականից ամեն տարի փոխանցել են ուսանողների ուսման վարձերից գոյացած բյուջեի 2%-ը: Անցյալ տարի ՀԵՀ-ի բյուջեն կազմել է 1,5 միլիոն դոլար կամ մոտ 778 միլիոն դրամ:
Բուհերն այդ գումարները փոխանցել են հիմնադրամին, վերջինս էլ նույն այդ գումարներով տվյալ բուհերի որոշ ուսանողների ուսման վարձերը մասնակի կամ ամբողջությամբ վճարել է, նաեւ այլ համատեղ ծրագրեր է ֆինանսավորել: Որոշ բուհերից մեզ վստահեցրին, որ այդ գումարները պարտադիր պետք է վճարեին, կար հրաման, համաձայնագիր, եւ չէին կարող ընդդիմանալ: Այս բուհերից նաեւ մեզ խնդրեցին իրենց անունները չհրապարակենք: Aravot.am-ը որոշ բուհերից փորձեց պարզել՝ արդյոք իրենց փոխանցած գումարներին համարժեք են հիմնադրամից ֆինանսական աջակցություն ստացել, եւ ինչ ծրագրերի վրա են ծախսվել այդ գումարները:
Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն 2017 թվականին Երիտասարդական հիմնադրամին 100 միլիոն դրամ է փոխանցել: Aravot.am-ի հետ զրույցում կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանն ասաց, որ գումարը 100 միլիոն դրամը կառավարության ղեկավարն է ասել, որ կոմիտեի բյուջեով հաստատվի ու փոխանցվի հիմնադրամին. «Դրանք ծախսվել են համատեղ մրցույթներ հայտարարելու համար, մենք հիմնադրամի հետ երիտասարդական ծրագրեր ենք անում, գիտաժողովներ, ռեյտինգային ամսագրերում հոդվածների տպագրում եւ այլն»:
Մեր այն հարցին՝ արդյոք առանց հիմնադրամին այդ գումարները փոխանցելու կոմիտեն ինքնուրույն այդ ծրագրերը չէր կարող անել, Հարությունյանը պատասխանեց՝ «Կարող էինք ինքներս անել, բայց դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ առանց կառավարության ղեկավարի որոշման պետական կառույցի բյուջեն հնարավոր չէ ինքնուրույն որոշել: Վարչապետի որոշմամբ է եղել»: Մեր հարցին՝ երբեւէ փորձե՞լ եք ընդդիմանալ, որ այդ գումարները չփոխանցվեին հիմնադրամին, կոմիտեի ղեկավարը պատասխանեց. «Ինձ համար այնքան էլ հաճելի չէր այդ գումարները տրամադրել հիմնադրամին, որովհետեւ գիտության մեջ բազմաթիվ այլ խնդիրներ ունենք եւ կարելի էր դրանցով այդ խնդիրները լուծել: Ասել, որ սարսափելի գոհ եմ եղել …բազմաթիվ ծակուծուկեր կային՝ ասպիրանտական թոշակների խնդիր ունենք, ունենք երկակի նշանակության ծրագրերի ֆինանսավորում, գիտական սարքավորումների ֆինանսավորում»: Հարությունյանը նաեւ հավաստիացրեց՝ ուրախ է, որ այլեւս այդ գումարները չի փոխանցվելու ՀԵՀ-ին, եւ կկարողանա այսուհետ դրանցով անհրաժեշտ ծախսեր հոգալ:
Ագրարային համալսարանն անցյալ տարի ՀԵՀ-ին փոխանցել է ընդամենը 5 միլիոն դրամ: Բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռեւս 2000-ականներին հիմնադրամի եւ ԿԳՆ-ի միջեւ համաձայնագիր է եղել, որի հիման վրա էլ բուհի արտաբյուջեի 2%-ը պետք է փոխանցվեր: Սակայն, ինչպես Թարվերդյանը վստահեցրեց, ագրարայինը լիարժեք չի ենթարկվել այդ պայմանին. «Մենք երբեք 2%-ի չափով չենք փոխանցել, նույնիսկ կես տոկոսի չափով չենք փոխանցել: Այդ գումարների մի մասը, որքան գիտեմ, ծախսվում են ուսանողական միջոցառումների համար, մի մասը՝ ուսման վարձերի, մնացածը չգիտեմ ինչ է անում հիմնադրամը: Մենք ամենաքիչն ենք փոխանցել, ի տարբերություն այլ բուհերի»:
Թարվերդյանը վստահեցրեց՝ իրենք պարբերաբար այդ փոխանցումները դադարեցնելու հարցը բարձրացրել են. «Դե եթե պետք է վերադարձվի ուսանողների վարձավճարով, ասում էինք՝ կարող է համալսարանն ինքը էդ հարցերը լուծի: Այն ժամանակ հիմնավորումն այսպես էր՝ կան նաեւ համաբուհական, երիտասարդական ընդհանուր միջոցառումներ, որոնց ֆինանսավորման համար ինչ-որ տոկոս հատկացվում է: 2000-ականներին ԿԳՆ-ի եւ հիմնադրամի միջեւ որոշում կամ համաձայնագիր կար, ես հիմքը չունեմ՝ կա-չկա մենք էդպես էլ չիմացանք»:
Երեւանի պետական համալսարանն անցյալ տարի ՀԵՀ-ին փոխանցել է 125 միլիոն դրամ, դրան նախորդած տարիներին փոխանցումները 100 միլիոն դրամից պակաս չի եղել: Հերացու անվան պետական բժշկական համալսարանն էլ 80 միլիոն դրամ է փոխանցել, իսկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝ 49 միլիոն դրամ:
ԵՊՀ-ից Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չեն հրաժարվել նման խոշոր գումարներ փոխանցելուց, վստահեցրին՝ «Պայմանավորվածությունը եղել է պետության հետ, եւ այն խախտելու դեպքում հարվածի տակ կարող էր ընկնել բուհը»։
Այս թեմայի շուրջ մանրամասներն ու այլ բուհերից պարզաբանումները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Որ կազմակերպությունն ու բուհը, որքան փոխանցում է կատարել, տեղեկացեք այս հղումով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այսինքն ` ԲՈՒՀ-երն այսուհետ <> չմուծելու հնարավորության դեպքում վարձավճարները իջեցնել