Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ԵԽ աջակցությամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի ղեկավար Տաթևիկ Դավթյանին, «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի ղեկավար Լիանա Աղաբեկյանին և գրասենյակի ղեկավարի օգնական Աննա Սահակյանին։
Ողջունելով ԵԽ գործընկերներին` նախարար Պապիկյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված ավանդական համագործակցությունը և նշել, որ նախարարությունը պատրաստ է կուտակված փորձը հարստացնել համագործակցության նոր ձևաչափերով։ «Հայաստանում ձևավորված քաղաքական նոր իրավիճակը լայն հնարավորություններ է ստեղծում Եվրոպայի խորհրդի հետ նոր որակի համագործակցություն ապահովելու համար։
Մեր կառավարության առաջ ծառացած է մի կարևորագույն խնդիր` դա նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է, որի հարցում ԵԽ-ի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը հավելել է նաև, որ ընտրական օրենսդրության մեջ սպասվող փոփոխությունները հիմք կհանդիսանան Հայաստանում անցկացնել նոր որակի ընտրություններ և հույս հայտնել, որ այդ հարցում կարող են ակնկալել ԵԽ-ի աջակցությունը։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար և շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծել է, որ ՏԿԶՆ-ը կարևոր գործընկեր է ինչպես ԵԽ-ի, այնպես էլ ԵԽ երևանյան գրասենյակի համար։ Նատալյա Վուտովան կարևորել է ԵԽ աջակցությամբ գործող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» և «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրերի հաջող ընթացքը ու նշել, որ տեղական ժողովրդավարության որակն առանցքային նշանակություն ունի իրենց համար։
«Մենք ակտիվորեն աջակցում ենք տեղական իշխանություններին, գերատեսչություններին օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի մշակման գործում՝ կարևորելով տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող պաշտոնյաների կարողությունների զարգացումը»,- ամփոփել է նա։ Միաժամանակ Նատալյա Վուտովան տեղեկացրել է, որ ԵԽ-ը նախատեսում է տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործողությունների մեկ այլ՝ քառամյա ծրագիր։
Նախարար Պապիկյանը վերահաստատելով այն մոտեցումը, որ տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ժողովրդավարության հենասյունը, ընդգծել է, որ ամբողջական ժողովրդավարության հասնելու համար պետք է սկսել ՏԻՄ-երից։
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում նախատեսվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացում կարող են ապավինել ԵԽ-ի օժանդակությանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն