«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նախ խոսեց Սոչիի հանդիպումից, ասաց, որ սպասումներն արդարացվել են, շատ է ուրախացել, թե ինչպես են դիմավորել այնտեղ նոր իշխանություններին:
Պատգամավորը խոսեց հայ-ռուսական հարաբերությունների մասին եւ դժգոհեց, որ անգամ ԱԺ դահլիճում չեն խնայել իրենց՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին. «Տեղի-անտեղի, հիմնավոր, թե անհիմն հայտարարություններով, սպառնալիքներով չխնայեցին: Հայաստանում, տարբեր հաշվարկներով, ապրում են 12-14 հազար ռուսներ, ՌԴ-ում՝ 2 մլն-ից ավելի հայ:
Եվ ամեն մարդ հանրային հարթակն օգտագործելիս պետք է չմոռանա սրա մասին: Այդ թվերի տակ կան մեծ թվով խառնամուսնություններ: Նշած հանգամանքները շատ վատ անդրադարձ կարող են ունենալ որոշակի դեպքերում: Դուրս ես գալիս փողոց ու քեզ թվում է, թե բոլորը քեզ են նայում ու մտքում հանդիմանում քեզ հետ բոլորովին կապ չունեցող, քո հայացքները չկիսող, գեթ մեկ օր քո կյանքով չապրած մեկի սխալի համար»:
Նա հորդորեց ու խնդրեց ավելի նրբանկատ լինել հանրային հրապարակումների ժամանակ:
Նա վստահեցրեց, որ հայերն ու ռուսները դարավոր բարեկամներ են ու մանր-մունր միջադեպերը որոշիչ չեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ