Հայաստանը թավշյա հեղափոխության արդյունքում ունեցավ նոր վարչապետ և կառավարություն, որոնք դիտորդներին զարմացրին կաբինետի որոշ անդամների բաց և երիտասարդ լինելով: Ցույցերի արդյունքում իշխանության եկած վարչակազմի ծրագիրը դեռևս չի հրապարակվել, բայց թիրախներ են հայտարարվել լայնամասշտաբ բարեփոխումները և երկրում կոռուպցիայի վերացումը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց՝ հանդիպելով մասնավորապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մայիսի 14-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի գագաթնաժողովից առաջ՝ գրում է Eurasianet կայքը:
Հայաստանի նոր կառավարության հանդեպ ռուսական արձագանքը պաշտոնական մակարդակի վրա շարունակում է զուսպ լինել, նույնիսկ կարելի է ասել չեզոք-դրական: Փաշինյանի ընտրվելուց անմիջապես հետո նրան շնորհավորեցին Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը: Վերջիններս հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման հույս հայտնեցին:
Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուսական ղեկավարությանը՝ «հավասարակշռված դիրքորոշման համար, որը Ռուսաստանը զբաղեցրել է մեր ներքին ճգնաժամի ժամանակ», ինչպես նաև հայտարարեց, որ «կան հարցեր, որոնք քննարկման կարիք չունեն. այն է` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները»:
Չնայած Հայաստանի ներսում բուռն քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող վերլուծական հաղորդումները և թոք-շոուները դադարեցրել են հայկական թեմայի քննարկումը: Կադրի հետևում է մնացել ոչ միայն Փաշինյանի ընտրվելը, այլ նաև կառավարության ձևավորումը, Պուտինի հանդիպումը Հայաստանի նորընտիր վարչապետի հետ:
Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի ընտրվելուց առաջ ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվել են սյուժեներ հայկական հեղափոխության մասին, ապա հեռուստադիտողի մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում իրադարձություններն ուղակի որևէ զարգացում չստացան:
Ի տարբերություն Կրեմլի պաշտոնական դիրքորոշման, կրեմլամետ որոշ վերլուծաբաններ կրկին շեշտադրված բացասական արձագանք տվեցին Հայաստանում ընթացող իրադարձություններին: Ամենահայտնի և միևնույն ժամանակ ամենասկանդալային հայտարարությամբ հանդես եկավ նախկին լրագրող, ներկայում «Ռոսնեֆտ»-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Լեոնտևը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում: Նրա հայտարարությունը մեդիաիրադարձություն դարձավ միայն Փաշինյանի վարչապետ ընտրվելուց առաջ: Մասնավորապես, Լեոնտևը հայտարարել է, որ «Հայաստանը բեռ է Ռուսաստանի համար, ոչ մեկին պետք չէ բացի Ռուսաստանից»:
Ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը ստիպված մեկնաբանեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդևը, որը մայիսի 8-ին հայտարարեց, որ այդ հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն Հայաստանի հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Մի քանի օր անց Լեոնտևը պաշտոնապես ներողություն խնդրեց Փաշինյանից իր մեկնաբանությունների համար:
Հակաարևմտամետների շրջանում բավականին բարձր է հայկական հեղափոխության հանդեպ թերահավատությունը: Օրինակ՝ «Վզգլյադ» հակալիբերալ պարբերականը կարծում է, որ Հայաստանի նոր կառավարությունը կաշխատի ի շահ գործարար Գագիկ Ծառուկյանի, որի դաշինքն աջակցել է Փաշինյանի թեկնածությանը: Նույն հոդվածում հեղինակն ակնարկում է, որ հեղափոխության հետևում կանգնած են «ամերիկացի մասնագետները»:
Լրագրող Մաքսիմ Շևչենկոն կասկածում է, որ հայկական հեղափոխությունը կապված է Սիրիայում հակամարտության հետ և ակնարկում է Հայ-ամերիկյան ասոցիացիայի հատուկ դերի մասին:
Քաղաքագետ Սերգեյ Մարկովը քննադատորեն է դիտարկում Հայաստանի նոր կառավարության կազմը՝ համարելով, որ դրանում ամերիկյան ազդեցությունը շատ մեծ կլինի (Մարկովի ուշադրությունը գրավում է Դարոն Աճեմօղլուն՝ ամերիկացի լիբերալ տնտեսագետ, որը դարձել է Փաշինյանի խորհրդականը):
Ալեքսեյ Գորդեևը «Զավտրա» թերթում գրում է, որ հայկական հեղափոխությունը պատրաստվում է անցում կատարել նոր, բաց հակառուսական փուլի:
Հայտնի բլոգեր Էլ Մյուրիդը (Անատոլի Նեսմիյան) կարծում է, որ Հայաստանն ի վիճակի է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհով՝ չնայած հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդրահարույց հարաբերությունների: Հայաստանի նոր կառավարության կազմի և գործողությունների գնահատականը, որը տալիս է հեղինակը մեկ այլ հոդվածում, ավելի շատ դրական է:
Ինչ վերաբերում է ռուսական լիբերալ և ձախ ընդդիմությանը, ապա գնահատականները տարբեր են՝ խանդավառությունից մինչև թերահավատությունը: Թերահավատությունը կապված է առաջին հերթին Փաշինյանի հավաստիացման հետ՝ կապված Հայաստանի և պուտինյան Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցությունը պահպանելուն: Օպտիմիստներն օրինակ ենթադրում են, որ Փաշինյանը «հարմարավետ» չի լինի Պուտինի համար, քանի որ քաղհասարակության դրածոն է, մանավանդ, եթե նրա պայքարը կոռուպցիայի դեմ հաջողվի:
Կարող է տպավորություն ստեղծվել, որ Կրեմլը հույս ունի, որ Հայաստանը՝ անկախ ներքին քաղաքական իրավիճակի զարգացման տարբերակներից, կմնա ռուսական արտաքին քաղաքական սցենարների առաջնագծում: Առկա մտահոգության մասին պաշտոնական Մոսկվան բացահայտորեն չի հայտարարում, բայց արտահայտում է դիրքորոշումն իր պաշտոնական հեռուստաալիքների միջոցով:
Ընդհանուր առմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին հրապարակումները ռուսական մեդիատարածությունում զգալիորեն նվազել են: Հայաստանում լիբերալ արժեքներ ունեցող ուժերի համար տեղեկատվական այս լռությունը լավ լուր է, հավանական նշան առ այն, որ ռուսական իշխանությունները դեռ որոշ ժամանակ ավելի ակտիվ չեն միջամտի Հայաստանի գործերին:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ