Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է հայ և թուրք կին լուսանկարիչներ Անահիտ Հայրապետյանի և Սերրա Աքչանի համատեղ նախագծին, որոնք բացահայտում են Հայաստանի սահմանից այն կողմ՝ Թուրքիայում բնակվող իսլամացած և քրիստոնյա հայերի կյանքը:
Պարբերականը գրում է, որ 2015թ. Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանին՝ թուրքական գյուղում, նշմարվել են երկու կանայք, որոնք կարծես ուրվական լինեին: Այդ կանանցից մեկը հայ քրիստոնյա Անահիտ Հայրապետյանն է, մյուսը՝ մուսուլման Սերրա Աքչանը՝ Թուրքիայից, որոնք ճանապարհորդում էին առանց տղամարդկանց ուղեկցությամբ, բայց ունեին տեսախցիկներ:
«Կանայք փնտրում էին ծպտյալ հայերի, որոնց քրիստոնյա նախնիները վերապրել են այն, ինչ պատմաբաններն անվանում են ցեղասպանություն, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը 1915թ. սկսած, ինչի հետևանքով զոհվել է շուրջ 1.5 միլիոն հայ: Թուրքական իշխանությունները չեն ընդունում ցեղասպանություն տերմինը: Այդ ծպտյալ հայերը, որոնց փնտրում էին լուսանկարիչները, ցեղասպանության ժամանակ ողջ մնացածների ժառանգներ են, հիմնականում, կանայք և երեխաներ, որոնց ապաստան են տվել տեղի թուրք, քուրդ և արաբ ընտանիքները՝ կրոնափոխելով նրանց: Որոշ հեռավոր գյուղերում, որտեղ եղել են Հայրապետյանն ու Աքչանը, հայերը թաքցնում էին իրենց կրոնական ու էթնիկ պատկանելիությունը՝ հարևանների կողմից ճնշումների ենթարկվելու վախից ելնելով»,-գրում է պարբերականը:
Աքչանը և Հայրապետյանը հանդիպել են 2006թ., նրանք միասին մասնակցել են հայ և թուրք լուսանկարիչների համատեղ նախագծին և հայտնաբերել, որ ընդհանուր շատ բան ունեն: 2009թ. նրանք որոշում են աշխատել միասին և փաստագրել հայերի և թուրքերի կյանքը՝ սահմանի երկու կողմերում:
Չնայած թուրքական կողմում հայ կնոջ ներկայությունը կամ հայկական կողմում թուրք կնոջ ներկայությունը որոշակի դժվարություններ առաջացրել են լուսանկարիչների համար, Աքչանի խոսքով՝ կարևոր էր, որ իրենք միասին էին աշխատում:
«Մենք նախաձեռնեցինք այս նախագիծը քանի ,որ ցանկանում ենք փոխել Հայաստանում և Թուրքիայում արմատացած կարծիքը, որ հայերը և թուրքերը թշնամիներ են: Այսպիսով՝ մարդիկ սկսում են տեսնել, որ մենք, աշխատելով երկուսով, կարող ենք լինել ընկերներ, քույրեր»,-ասում է Աքչանը:
Հայրապետյանը, որը «4 Պլյուս» հայ կին լուսանկարիչների միության համահիմնադիրներից է, ասում է, որ իրենք երբեք չեն թաքցրել Սերրայի թուրք կամ իր հայ լինելու փաստը:
Նախագծի մեկնարկի ժամանակ լուսանկարիչ կանայք քիչ բան գիտեին թուրքական կողմում բնակվող ծպտյալ հայերի մասին: 2015թ. սկսած Աքչանը և Հայրապետյանը սկսեցին հայտնաբերել, հարցազրույցներ վերցնել և լուսանկարել այդ մարդկանց:
The New York Times-ի փոխանցմամբ՝ ծպտյալ հայերից շատերը չգիտեին իրենց ծագման մասին մինչև վերջին ժամանակներս: Տղամարդկանցից մեկը խոստովանել է, որ իր ծագման մասին իմացել է, երբ հայտնաբերել է, որ իր տատը աղոթում է հայկական եկեղեցու ավերակների վրա:
Աքչանը 30 տարեկանում իմացավ, որ գաղտնի կապ ունի ցեղասպանության հետ, որի մասին հայրը երբեք չի ասել իրեն: Իր հոր տատիկը հայ է եղել, որին 1915-1916թթ. ապաստան է տվել թուրք ընտանիք: Կինը կրոնափոխ է եղել, ավելի ուշ սիրահարվել է այդ ընտանիքի ավագ որդուն, իսկ մի քանի տարի անց ծնվել է Աքչանի պապիկը:
Լուսանկարներից մեկում պատկերված է հայկական ծագում ունեցող Հրանուշը, որը իսլամ է ընդունել: Նա իր երեխաների ու թոռների հետ ապրել է Սասունի լեռնային գյուղերից մեկում։ Կինն արդեն մահացել է:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հարությունյան թե՞ Հայրապետյան… Կողմնորոշվե՛ք…
Շնորհակալություն, ուղղեցինք վրիպակը: