«Մենք ստացանք անկախություն, բայց չունեցանք ազատություն»,- ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում «Հոդված 3 ակումբի» կողմից կազմակերպված «Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտե նախագահ Ավետիք Իշխանյանը:
Քննարկմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը:
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ հիմա՝ հեղափոխությունից հետո, կարծես թե պատուհան է բացվել. «Մարդիկ փոխվել են, մենք վստահություն ունենք հեղափոխության առաջնորդների նկատմամբ, բայց համակարգը իներցիայի մեջ է: Հիշեք դատախազի խոսքը մի քանի օր առաջ»:
Հիշելով 80-ականները՝ պարոն Իշխանյանը նշեց, թե ռեժիմին ընդդիմանալու երկու տարբերակ կար՝ գաղտնի կազմակերպություններ ստեղծելը, բայց դրանք ոնց էլ լիներ, բացահայտվում էին, և ունեինք բանտում նստած դիսիդենտներ:
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ մյուսն անկախ դատական համակարգի գոյությունն է. «Եթե չունես անկախ դատական համակարգ, մարդու իրավունքների պաշտպանությունը, եթե չասենք անհնար է, ապա բարդ է: Շարունակաբար իշխանությունները փոխվեցին, բայց համակարգը մնաց նույնը»:
Ըստ Ավետիք Իշխանյանի ՝ այս Սահմանադրությունն էլ ունի իր խութերը և պետք է փոխել իրավիճակ փոխելու համար. «Պետք է Սահմանադրությունը փոխել դատաիրավական համակարգի իրական անկախություն ապահովելու համար: Ոստիկանություն, բանակ, քննչական մարմիններ, դատախազություն, բանակ. սրանք այն պետական մարմիններն են, որոնք պետք է զերծ լինեն քաղաքական իշխանության ազդեցությունից»:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը մտահոգություն հայտնեց, որ փաստաբանների հետապնդումներում իր մասնակցությունն ունեցավ նաև ՀՀ փաստաբանների պալատը. «Փաստաբանների հետապնդումները չավարտվեցին միայն դատարաններում, միայն դատախազների միջնորդություններում, դատարանների որոշումներով, մասնակցություն ունեցավ նաև փաստաբանների պալատը: Այն հարազատ օրրանը, որտեղ պիտի պաշտպանված զգայինք մեզ: Բայց համաձայնություններ ձեռք բերվեցին, փաստաթղթեր ստորագրվեցին, որոնց արդյունքում փաստաբաններն ավելի խոցելի դարձան»:
Նինա Կարապետյանը վրդովվեց՝ մինչև անգամ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել մեր պաշտպանյալների հասցեին դատախազների կողմից, բայց ոչ մի պատասխանատվություն: Միայն նկատողությունից են ստացել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ առանձին զեկույցներ են պատրաստել իրավապաշտպանների իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ. «Այդ խմբում ներառված են իրավապաշտպաններ, իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներ, փաստաբաններ: Սկսել ենք արդեն դասակարգել սպառնալիքները: Այնքան էր դաշտը վատթարացած, այնքան շատ էին մարդու իրավունքների խախտումները, որ արդեն մի կողմ էինք դնում, սա այլևս սպառնալիք չէ, քանի որ ավելի վատ դեպքեր կային: Դա լավ չէ, երբ իմունիտետ է ձեռք բերվում իրավապաշտպանների իրավունքների խախտման վերաբերյալ: Պատուհանը լրիվ բացված է, պետք է ավելի պահանջատեր լինել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ