Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը իր ելույթը սկսեց սիրո եւ համերաշխության հեղափոխությունից, մթնոլորտից: Նա ասաց, որ վերջին իշխանափոխության ակտիվներից մեկը նաեւ կապվում է սահմանադրականության հետ:
Արմեն Աշոտյանն ասաց, որ այսօր որոշ խնդիրներ է տեսնում սահմանադրականության հետ կապված. «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հայտնում է, որ երբ ինքը հորդորի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ակնհայտորեն Սահմանադրության հետ կապված խնդիր է: Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նորանշանակ նախարարը իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ կուսակցությունից, ուղղորդելով, ձեւակերպելով քաղաքական կոնսուլտացիաներ եւ քաղաքական ուղղորդումներ իրականացնել: Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր դարձել են ՀՀԿ անդամ, գիտեն ինչպես դուրս գալ մեր կուսակցությունից, եթե այդպիսի ցանկություն ունեն եւ գիտեն ինչպես մտնել մեր կուսակցություն»:
Աշոտյանն ասաց, որ ինքը մտահոգություն ունի նաեւ այլակարծության եւ բազմակարծության անհանդուրժողականության հետ կապված եւ վստահեցրեց, որ իր այդ մտահոգությունը նաեւ կիսում են հարյուրավոր օգտատերեր, որոնք հանդգնում են քննադատական խոսք ասել նոր ձեւավորված իշխանությունների հասցեին:
«Սահմանադրականության խնդիր եմ տեսնում, երբ նոր վարչապետը հորդորում է նախկին նախարարին հրապարակավ կարծիքներ չհայտնել, օրինակ, սոցցանցերում»:
Աշոտյանը նշեց Սահմանադրության այն հոդվածները, որոնք, ըստ նրա, խախտել են նոր իշխանությունները՝ հոդված 3, հոդված 8, հոդված 29, հոդված 30, հոդված 46, հոդված 42:
Արմեն Աշոտյանն ասաց, որ նոր իշխանությունները պարտավոր են այս իրավունքները սրբորեն պահպանել:
Աշոտյանը հորդորեց քաղաքացիներին, որ եթե Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդումների արժանանան՝ դիմեն իրեն՝ որպես ԱԺ պատգամավորի՝ անկախ քաղաքական հայացքներից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
հհկ մի շտապեք մտքեր արտահայտել, դուք ձեր արած հանցանքների պատասխանը դեռ չեք տվել, երբ դա կլինի այն ժամանակ կտեսնենք ձեր ձայնը որտեղից է գալիս