Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարբախցի Գեղամի» որդին հրաժարվեց լրացուցիչ հարցաքննվել դատարանում

Մայիս 22,2018 16:32

Դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի (լուսանկարում) և մյուսների գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» մականվամբ:

Ըստ մեղադրանքի՝ «Լիա»-ի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով հարվածել են Մուշեղ Մուշեղյանին, որն էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը (որը Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» շրջապատից է):

Այսօրվա նիստում պետք է որպես վկա լրացուցիչ հարցաքննվեր Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» որդին՝ Գոռ Իսրայելյանը: Նա, սակայն, մոտենալով ամբիոնին՝ հայտարարեց, որ օգտվում է իր իրավունքից եւ ցուցմունք չի տալիս:

Հիշեցնենք՝ դատարանում առաջին անգամ հարցաքննվելիս նա պատմել էր՝ տեսել է, որ ոմն տղամարդ ատրճանակով կրակել է Գեւորգ Ավետիսյանի վրա եւ հետագայում իմացել, որ կրակողը Մուշեղ Մուշեղյանն է: Գոռ Իսրայելյանը հայտնել էր, որ Մուշեղյանն իրենց գեղեցկության սրահի նկուղ էր եկել գումարի հետ կապված խոսակցության համար, իսկ թե ով է նրան պարտք եղել, ինքը չգիտի:

Ապա «Նորատուսցի Ալիկի»՝ Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել իրավապահ մարմինների կողմից Բանդուրյանի հեռախոսազանգերը գաղտնալսելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, քանի որ, ըստ պաշտպանի, ոստիկանությունն այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացրել է օրենքի խախտումներով եւ չարաշահումներով: Այս գործով մեղադրող-դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդության դեմ առարկեց՝ գտնելով, որ պաշտպանի կասկածները ողջամիտ եւ հիմնավոր չեն:

Միջնորդության առնչությամբ դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031