Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեղծվելու է խոշոր հիմնադրամ, որը կկոորդինացնի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման աշխատանքները. Աննա Հակոբյանը հոգաբարձուների խորհրդի կազմում է

Մայիս 22,2018 16:23

Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Հանդիպման մասնակիցները փարատել են նախորդ հանդիպման առիթ հանդիսացած մտահոգությունները, թե երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող էր խաթարել այս անչափ կարևոր ոլորտի բնականոն գործունեությունը:

Ավելին, ներկաները ուրախությամբ հայտնել են, որ նախորդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը մեծ ազդեցություն է ունեցել, և նվիրատվությունների հոսքը մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամներ էականորեն աճել է: Ներկաները վերահաստատել են պատրաստակամությունը՝ համախմբել բոլոր ուժերը և հնարավորությունները քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար:

Այս նպատակով նախատեսվում է բարեգործական հիմնադրամների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ, որը կկոորդինացնի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից: Այս առումով առաջարկ է եղել Աննա Հակոբյանին՝ ներգրավվել հոգաբարձուների խորհրդի կազմում:

Տիկին Աննա Հակոբյանը սիրով տվել է իր համաձայնությունը և համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար և գործելու է բացառապես թափանցիկ և համակարգված:

Այսօրվա աշխատանքային խմբի հանդիպումը եղել է ընդլայնված, որին մասնակցել են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը, մանկական արյունաբան Մարինե Քամալյանը և մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031