Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2017-ի գործունեության տարեկան հաղորդումը ներկայացրեց խորհրդարանում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Խաչատրյանը հարցրեց օմբուդսմենին, թե ո՞ր ոլորտներում են ավելի շատ ոտնահարվում մարդու իրավունքները: Նա պատասխանեց, որ լուրջ մարտահրավեր է ոչ միայն իր աշխատանքին, այլեւ մարդու իրավիճակին ընդհանրապես սոցիալ-տնտեսական ոլորտում խնդիրները, երկրորդը՝ վատ է ազատությունից զրկված մարդու իրավունքների պաշտպանության վիճակը եւ երրորդ խումբը խոցելի խմբերն են՝ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք եւ այլն:
«Ելքի» նորանշանակ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ շատ գոհ է Արման Թաթոյանի այն աշխատանքից, որ ցուցաբերեց ապրիլյան իրադարձությունների ժամանակ. «Գոհ եմ այն օպերատիվության, ջանասիրության համար: Կոչ եմ անում, խնդրում, հորդորում, որ ապագայում ավելի մեծ ջանասիրություն ու օպերատիվություն դրսեւորեք, նման գործելաոճը մեզ շատ պետք է գալու»:
Արման Թաթոյանն ասաց, որ ապրիլի 13-25-ն ընկած ժամանակահատվածում միայն թեժ գծին ստացվել է 459 ահազանգ, ամբողջ 2017-ին եղել է 1843 ահազանգ, իսկ 2018-ի առաջին եռամսյակում՝ 1846 ահազանգ: Նա ասաց, որ իրենց աշխատակիցները հերթապահել են ոստիկանության բաժիններում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը օմբուդսմենի ուշադրությունը հրավիրեց մի հարցի վրա. «Այսօր Հայաստանում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, կարելի է ասել, գտնվում է անմխիթար վիճակում: Հատկապես ուզում եմ շեշտել հանրային նշանակության սուբյեկտների մոտ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը: Հայաստանում խոշոր գործատուներ համարվող հանրային նշանակության սուբյեկտների մեծ մասը գործում է օտարերկրյա կապիտալով ու մի տեսակ տպավորություն կա, թե էդ օտարերկրացիները, որ բերել են ու ՀՀ-ում հիմնադրել են, թվում է, իրենք արտոնյալ են ու իրենց վրա ՀՀ օրենսդրությունը չի տարածվում»: Պետրոսյանն ասաց, որ այստեղ մեծ անելիք ունի մարդու իրավունքների պաշտպանը:
Պատգամավորը Թաթոյանին զգուշացրեց, որ ուշադրություն դարձնի հատկապես աշխատակազմի մրցույթների վրա. «Ձեւականորեն հայտարարում են մրցույթ, իրականում չկա այդպիսի բան, բոլորը կազմակերպված խաղեր են: Իրականում այդ պաշտոնը համալրում է այն անձը, ում ցանկանում է տվյալ կազմակերպության ղեկավարը: Իրականացվում են ձեւական այսպես կոչված ատեստացիաներ, խաղից դուրս են մնում ղեկավարության համար անցանկալի աշխատողները, աշխատանքը շարունակում են ղեկավարների համար նախընտրելի աշխատողները»:
Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ինքը 2009-ին, լինելով ոլորտային նախարար, այցելել է հատուկ խնամքի հաստատություններ. «Չեմ ուզում նկարագրել այն սոսկալի վիճակը, որ տիրում է Խարբերդի մանկատանը, Գյումրիի երեխաների համար գործող մանկատանը: Ուղղակի իրենք իրենց աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն չեն ստանում, պետք է մտնել ու տեսնել ինչ է այնտեղ կատարվում: Մենք երեւի թե մեկ ժամ չենք կարող դիմանալ այդ հաստատությունում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
https://www.facebook.com/profile.php?id=100016724891018&hc_ref=ARS-SUHI4mqZMO3E2RIFDgx4H89bfAGx5sw1vK-4HVDgyEP1v5vMh_0hIuyLcK9ceec&fref=nf
«Իրականացվում են ձեւական այսպես կոչված ատեստացիաներ, խաղից դուրս են մնում ղեկավարության համար անցանկալի աշխատողները, աշխատանքը շարունակում են ղեկավարների համար նախընտրելի աշխատողները»: Այս խոսքերի հեղինակը «Ծառուկյան» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն է։
2-3 օր է սպասում եմ, որ ինչ-որ տեղ կգրվի, կմեկնաբանվի, որ այս միտքն արտահայտել է որևիցե այլ պատգամավոր կամ մարդ, բայց ոչ, արի ու տես որ սա Գևորգ Պետրոսյանի արտահայտությունն է։
Հարգելիներս, արտահայտության հեղինակը Գևորգ Պետրոսյան է, մարդ ով երկար տարիներ աշխատում էր «Երևան Ջուր» ՓԲԸ-ում, իսկ 2017թ հունվարի 1-իվ մինչև պատգամավոր դառնալը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում։ Այս նույն Գևորգ Պետրոսյանն էր, որ համարվել է այդ ընկերությունների մարդկային ռեսուրսների իրավախորհրդատուն ու մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետը, մարդ ով երկար տարիներ կոորդինացրել է աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների հետ կապված բոլոր իրավական հարցերը։ Չեմ անդրադառնա «Երևան Ջուր» ՓԲԸ-ում աշխատակիցների իրավունքների խախտման հնարավոր դեպքերին, բայց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մասով ասեմ հետևյալը․
Ներկայումս ՀՀ տարբեր դատական ատյանների վարույթներում են գտնվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ նախկին աշխատակիցների հայցերի հիման վրա ձևավորված քաղաքացիական գործերը։ Բոլոր այս հայցերում կարմիր թելով անցնում է ձևական ատեստացիայի արդյունքների բողոքարկումն ու նախկին աշխատանքին վերականգնելու պահանջը։ Ընդ որում զավեշտն այն է, որ իմ տեղեկությամբ բոլոր դեպքերում ատեստացիոն հանձնաժողովի նախագահն է եղել պարոն Գևորգ Պետրոսյանը։
Չմանրանալով տարբեր գործերում առկա աղաղակող ապօրինություններին, պարոն Պետրոսյանի կողմից տրված պատասխաններին, ԵԿԴ/3398/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում ունեմ բոլոր հիմնավորող փաստաթղթերը, թե որքանով է ներգրավված եղել այդ գործընթացին արդեն իսկ ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Գևորգ Պետրոսյանը, իմ կողմից բարձրաձայնված ապօրինության փաստի առնչությամբ ինչ պատասխան է տվել պարոն Պետրոսյանը /առկա է ձայնագրություն՝ կատարված գործատուի կողմից/, ինչպիսի ընդգծված հակատրամադրվածություն է ունեցել ատեստացիոն /փորձաշրջանի ընթացիկ արդյունքները գնահատող/ հանձնաժողովը։ Վստահաբար պնդում եմ, որ իմ հետ կապված տեղի է ունեցել ձեւական այսպես կոչված ատեստացիա, նպատակ ունենալով խաղից դուրս թողնել ինձ՝ Դավիթ Գասպարյանիս՝ ղեկավարության համար անցանկալի աշխատողին ու այդ ամենը կատարվել է Գևորգ Պետրոսյանի ձեռամբ, անմիջական մասնակցությամբ ու առաջնորդությամբ։
Այնպես որ պարոն Գևորգ Պետրոսյան, չի կարելի քննադատել մի երևույթ, որի «Հայրը» դուք եք և մինչ օրս ձեր գործողությունների արդյունքում տուժած աշխատակիցներից ներողություն չեք խնդրել, չի կարելի որպես մարդու իրավունքների պաշտպանի բացթողում ներկայացնել ձեր իսկ կենսակերպը, ձեր կատարածն ու «չարագործությունը»։
Էլ չեմ մանրամասնում, Գևորգ Պետրոսյան, քանի որ դատական գործի շրջանակներում որպես ԱԺ պատգամավոր չեք կարող հանդիսանալ պատասխանող կողմ, հրապարակայնորեն հայտնում եմ, ունեք ասելիք, գրեք և ես հրապարակայնորեն կպատասխանեմ, եթե կեղծ տեղեկատվություն եմ այս հրապարակման մեջ շարադրել, պատրաստ եմ պատասխան տալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ եթե ասելիք չունեք, սպասում եմ ձեր ՆԵՐՈՂՈԻԹՅԱՆԸ, այս գրառումից հետո՝ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅԱՆԸ /դատական գործընթացի շրջանակներում գործատուն հուսով եմ կընդունի իր սխալը, որը ինձ որպես հայցվորի, կբավարարի/։
Հ․Գ․ Ինքս ինձ խոստացել էի չանդրադառնալ Ձեր անձին ու Ձեր գործունեությանը /իմ դեպքում՝ «չարագործությանը»/, բայց երբ «գայլը պայքարում է գառ ուտելու դեմ», ես պարտադրված եմ չլռել․․․․․․
Ստորև ներկայացնում եմ datalex-ում գրանցված այն քաղաքացիական գործերը, որոնք կապված են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատակիցների աշխատանքային իրավունքները խախտելու հետ կապված գործընթացների հետ, ընդ որում գրեթե բոլոր դեպքերում «գործընթացի գլուխը», կուզեք՝ «քավորը», կուզեք՝ հիմնական կատարողը, կուզեք՝ պատասխանատուն պարոն Գևորգ Պետրոսյանն է։ Այս ցանկում այն նախկին աշխատակիցներն են, ովքեր բողոքարկել են համապատասխան հրամանները, իրականում ապօրինաբար աշխատանքից ազատված աշխատողների թիվն անցնում է 100-ից (ունեմ աղաղակող ապօրինությունների ակնհայտ, փաստագրված փաստաթղթերի մի մեծ տրցակ, բայց ինչպես ասում են այդ մասին հաջորդիվ ․․․․):
ԵԿԴ/2723/02/17 /Արթուր Բեկնազարյան/
ԵԿԴ/2724/02/17 /Գագիկ Անգարյան/
ԵԿԴ/3076/02/17 /Հովհաննես Գասպարյան/
ԵԿԴ/3091/02/17 /Արմեն Մաիլյան/
ԵԿԴ/3398/02/17 /Դավիթ Գասպարյան/
ԵԱՔԴ/3597/02/17 /Գրիշա Այվազյան/
ԵԱՔԴ/3661/02/17 /Հարություն Անտոնյան/
ԵԿԴ/4356/02/17 /Կարեն Աղաբեկյան/
ԵԱՔԴ/3856/02/17 /Անդրանիկ Փարեմուզյան/
ԵԱՔԴ/3842/02/17 /Արարատ Մարուքյան/
ԵԿԴ/4339/02/17 /Համլետ Խալաթյան/
ԵԿԴ/4418/02/17 / 16 աշխատակից համատեղ/