Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը չհասցրեց հրթիռներով աշխատող հակակարկտային կայանները փորձարկել»

Մայիս 22,2018 16:10

Օրեր առաջ հայկական լոլիկի խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունը հենց սահմանից՝ Լարսի անցակետից հետ ուղարկեց ինչի արդյունքում տեղական տնտեսվարողը վնասներ կրեց: Այսօր «Հայելի» ակումբում «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ վերադարձի պատճառը եղել է լոլիկում առկա մորմազգի ցեցը: ՌԴ-ն արգելել է այն ներկրել իր երկիր, որպեսզի ցեցն այնտեղ էլ չտարածվի:

Հրաչ Բերբերյանի խոսքով, բույսերի պաշտպանության համար տարիներ ի վեր բյուջեում գումարներ են եղել նախատեսված, սակայն դրանք նպատակին չեն ծառայել. «Համաճարակի պիկը օգոստոսն է, ցեցը հարձակվում է լոլիկի դաշտերի վրա եւ արտահանման ռիսկայնություն ենք ձեռք բերում, լոլիկի բերքի անկման պատճառով տոմատի արտադրությունը մեզ մոտ զգալի պակասեց»:
Մանրամասները՝ տեսանյութում

Հրաչ Բերբերյանը գտնում է, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերանայի հաստիքացուցակը, կառույցն ապաքաղաքականացվի եւ նախարարությունը պետք է սկսի աշխատել գյուղացու համար: Հակառակ դեպքում նույն չլուծված խնդիրները՝ ինչպիսիք են հակակարկտային կայանների, գյուղացիներին սուբսիդիաներով տրամադրվող պարարտանյութի, կաթի մթերման եւ այլն, ինչպես եղել են, այնպես էլ կմնան: Ըստ պարոն Բերբերյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ նոր տեսակի հակակարկտային երեք կայան էր մեր երկիր բերվել, որոնք կարկտաբեր ամպերը ցրում են հրթիռներով, սակայն պարոն Կարապետյանն այդպես էլ չհասցրեց դրանք փորձարկել:

Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ, նոր կառավարությունը պետք է շեշտը Արմավիրի, Շիրակի եւ Սեւանի ուղղությամբ դնի, որոնք հիմնական կարկտաբեր ամպերի տակ են գտնվում:

Aravot.am-ի այն հարցին, թե տնտեսագետները պնդում են, որ սուբսիդիաներն անարդյունավետ են, հատկապես՝ գյուղատնտեսությունում, պարոն Բերբերյանը պատասխանեց, որ առանց սուբսիդիաների գյուղացին չի կարող գյուղատնտեսությամբ զբաղվել եւ որ բոլոր երկրները սուբսիդավորում են, հակառակ դեպքում գյուղացին մրցակցությունից դուրս է մնում:

Միավորման նախագահը նաեւ ասաց, որ երաշտի պատճառով անասնակերի դեֆիցիտ է եղել եւ 20-25 տոկոսով մանր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է, 70 հազար գլուխ էլ խոշոր եղջերավորներն են պակասել, որից  35 հազար գլուխը կաթնատու կովեր են: Պարոն Բերբերյանին սակայն մի հանելուկ է տանջում, թե ինչպես է, որ այդքան կաթնատու կով պակասելով 10-12 %-ով կաթնարտադրությունն ավելացել է. «Ֆանտաստիկ ժողովուրդ ենք պարզվում է»:

Հրաչ Բերբերյանը լավ լուրեր էլ ուներ. Ասաց, որ այս տարի մեր երկիրը կարտոֆիլի խնդիր չի ունենա, քանի որ Եվրոպայից բարձր որակի տնկանյութ է ներկրվել եւ բաժանվել ֆերմերներին:

Ներկրվող սոխի քանակն էլ կպակասի, որովհետեւ 150 հեկտարով ավելացել են սոխի ցանքատարածությունները, ինչի արդյունքում սոխը կէժանանա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031