Հայաստանի հանրապետության տարածքային կազմակերպման և տարածական զարգացման կարևորագույն հիմնախնդիրները, այդ թվում նաև՝ համայնքների վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը, կանոնակարգվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթով, ներառմամբ՝ տարածքների քաղաքաշինական գոտիավորմամբ: Վերջինս իրականացվում է քաղաքաշինական գոտիավորման նախագծի միջոցով:
Գոտիավորման նախագիծը հանդիսանալով հողօգտագործման և կառուցապատման կանոններն ու պայմանակարգերը սահմանող գործադրական բնույթի փաստաթուղթ՝ իրավական հիմք է քաղաքաշինական նպատակներով հողամասերի, նախագծման թույլտվությունների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար, ինչպես նաև՝ վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար:
Գոտիավորման նախագծերի կարևորությունն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, ըստ որի՝ «գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է»:
Կարևոր է նշել նաև, որ իր առանձնահատկություններով համայնքների և բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերը բաց և հասանելի փաստաթուղթ են և ավագանու կողմից կարող են հաստատվել միմիայն հասարակական բաց լսումների և քննարկումների արդյունքում՝ երբ տվյալ տարածական գոտում միջավայրի կազմակերպման և զարգացման առաջարկվող մոտեցումները և պայմաններն առավելագույնս ապահովում են պետական, հանրային և մասնավոր հետաքրքրությունների համաձայնեցման պայմանները և շահերի հավասարակշռումը: Քննարկումների ընթացքում հանրության կողմից ներկայացվող յուրաքանչյուր կարծիք և առաջարկություն պարտադիր կարգով պետք է քննարկվի և հիմնավոր լուծում ստանա՝ եթե դրանք ընդունելի են և հանգեցնում են նույնիսկ նախագծում սկզբունքային փոփոխություններ կատարելուն:
Ակնհայտ է, որ գոտիավորման նախագծերն այն հիմնական փոխհամաձայնության և համերաշխության փաստաթուղթն ու գործիքակազմն են, որոնց հիման վրա և միջոցով կանոնակարգվում և, ըստ այդմ, իրականացվում են համայնքներում և բնակավայրերում հողերի նպատակային օգտագործման և կառուցապատման գործընթացները, ապահովում կենսամիջավայրի ձևավորման և կատարելագործման, ներդրումների և գործարար միջավայրի բարելավման համար օպտիմալ պայմանները:
Գիտակցելով խնդրի կարևորությունը, այժմ փորձենք գնահատել, թե ինչպիսին է գոտիավորման նախագծերի մշակման և իրագործման ասպարեզում տիրող վիճակն իրականում: Իրավիճակի գնահատման համար ներկայացնենք կոնկրետ իրողություններ՝
ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության օրենսդրությունը չունի քաղաքաշինական գոտիավորման նախագծերի մշակման մեթոդոլոգիա: Դա նշանակում է, որ նշված փաստաթղթերի մշակումն իրականացվում է առանց նախագծման գիտագործնական միասնական տեսության, այսինքն՝ մշակում է ով ինչպես պատկերացնում է և ինչպես կարող է՝ ըստ հայեցողության: Իսկ թե նման պայմաններում ինչպես և ինչ չափանիշներով է իրականացվում այդ նախագծերի փորձաքննությունը՝ առավել քան հասկանալի չէ: Գոտիավորման նախագծերի մշակման մեթոդական ձեռնարկը քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթուղթ է: Այն մշակելու և կիրառության մեջ դնելու պարտավորությունը և պատասխանատվությունը կրել և այժմ էլ կրում է բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ ներկայիս ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն: Այս կարևոր խնդիրը անցած տարիների ընթացքում ոչ միայն չի լուծվել, այլև առ այսօր լիազոր մարմնի կողմից շարունակում է արժանանալ հետևողական անուշադրության:
ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ 2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով գոտիավորման նախագծերը, դասակարգված են որպես չորրորդ՝ բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ: Ելնելով կարևորությունից՝ գոտիավորման նախագծերը ենթակա են պետական համալիր փորձաքննության և պետք է մշակվեն քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող անձանց կողմից:
ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ 3. Ի հակասություն 2-րդ իրողության, քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման մասին ՀՀ գործող օրենսդրության համաձայն, գոտիավորման նախագծերի մշակումը լիցենզավորման ենթակա գործունեություն չէ: Ահա հերթական զավեշտը:
Եթե գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, ուրեմն լիցենզավորման օրենսդրությամբ սահմանված չափանիշներով այն բնութագրվում է որպես մասնագիտական գիտելիքներ չպահանջող, պետության և հասարակության շահերին, երկրի և քաղաքացիների անվտանգության խնդիրներին առնչություն չունեցող ոչ կարևոր գործունեության տեսակ: Եվ դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է չորրորդ՝ բարձր ռիսկայնության աստիճան ունեցող՝ հողօգտագործման և կառուցապատման գործընթացները կանոնակարգող և պարտադիր կատարման նորմեր սահմանող փաստաթղթին:
Սա իրավական և մասնագիտական խայտառակություն է՝ նոնսենս, երբ միևնույն բնագավառը կարգավորող երկու օրենքներ ակնհայտ հակասում են միմյանց՝ մեկը կարևորում է, իսկ մյուսը՝ բացառում: Հանրահայտ է, որ նման իրավիճակները միայն բացասական հետևանքների կարող են հանգեցնել և այդ առումով բնագավառի լիազոր մարմնին ուղղված հռետորական կարգի հարցեր են ծագում՝ – ինչպես և ինչ հիմքով են մինչ այս իրականացվել (և դեռ շարունակում են իրականացվել) գոտիավորման նախագծերի (և ընդհանրապես՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի) մշակման աշխատանքների գնումները, – ովքեր, ինչ իրավասությամբ են իրականացրել այդ աշխատանքները, – ավելին՝ ովքեր, ինչ իրավասությամբ և ինչ չափորոշիչների հիման վրա են իրականացրել և իրականացնում այդ աշխատանքների փորձաքննությունը, – վերջապես՝ ինչով է բացատրվում բնագավառում շուրջ երկու տասնամյակ իրականացվող գործընթացների ոչ իրավաչափ կառավարման փաստը՝ մասնագիտական անձեռահասությամբ, թե՝ դիտավորությամբ:
ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ 4. ՀՀ օրենսդրության համաձայն քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի, այդ թվում նաև գոտիավորման նախագծերի, իրացման ընթացքում քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը՝ քաղաքաշինական պետական տեսչության միջոցով: Սակայն տասնամյակների «կենսագրություն» ունեցող բացասական իրողություններն առ այսօր լիազորված մարմնի կողմից անհրաժեշտ տեսչական ուշադրության չեն արժանացել և բնականաբար չեն շտկվել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ բնագավառում, ըստ էության, տեսչական վերահսկողություն նույնպես չի իրականացվել և չի իրականացվում նաև ներկայումս:
ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ 5. Օրենսդրությամբ գոտիավորման նախագծերի փոփոխություններն իրականացվում են վերջինիս մշակման համար ՀՀ կառավարության կողմից սահմանած նույն ընթացակարգով, այդուհանդերձ քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանված չեն գոտիավորման նախագծերի փոփոխության դեպքերը և անհրաժեշտությունը, դրանց օբյեկտիվ պատճառներն ու հիմնավորումները: Ստացվում է, որ գոտիավորման նախագծերի փոփոխությունները ևս կարելի է կատարել ըստ պատեհության և հայեցողության, որոնք չեն ունենա իրավական որևէ հիմնավորում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ՝ քաղաքաշինական գոտիավորման ոլորտում արձանագրված սույն իրողությունները (որոնք՝ այսքանով չեն սպառվում) բացահայտում են բնագավառի օրենսդրության մեջ առկա հակասությունները և բացթողումները, գործընթացների կանոնակարգման անկատարությունը և անորոշությունը: Դրանք գործնականում ընդլայնում են գործընթացների կառավարման հայեցողական դաշտը, դրանով իսկ ՏԻՄ-երին «ինքնագործունեության» գայթակղիչ հնարավորություններ ընձեռում: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից, կտրականապես արգելելով գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունը՝ օրենքը փաստորեն զգուշացման կարգով, արգելում է «ինքնագործունեության» հնարավորությունները: Սա երկիմաստ և հակասական վիճակ է, և ըստ էության՝ գայթակղիչ ծուղակ:
Վիճակի պատասխանատուն դարձյալ եղել և մնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը, ներկայիս՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն: Լիազոր մարմնի կողմից թույլ տված օրենսդրական և վարչարարական բացթողումներն ու թերացումները, ժամանակի ընթացքում դրանց հանդեպ ցուցաբերած «անտարբերությունը» կարող են ունենալ ընդամենը երկու բացատրություն՝
1) կամ՝ բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը չի տիրապետում իրավիճակին՝ կոմպետենտ չէ,
2) կամ՝ առկա իրողությունների պայմաններում գործընթացների կառավարումն իրականացնում է միանգամայն իրազեկ և գիտակցված, այսինքն դիտավորությամբ՝ կոռուպցիոն և այլ նպատակներով ուղղորդված: Այլ եզրահանգում ցավոք չի կարող լինել:
ԻՆՉ ԱՆԵԼ: Այն, որ քաղաքաշինության նախարարությունը պետք է վերականգնվի՝ Հայաստանի տարածական զարգացման ձգտումներով պայմանավորված անհրաժեշտություն է: Այն, որ նորակազմ նախարարությունը չպետք է ժառանգի անցյալի բարդույթներն ու պայմանականությունները, լինի առաջադեմ, կառուցողական և արդյունավետ՝ անկասկած է: Ուրեմն, նոր նախարարության պարտավորությունը պետք է լինի՝ սկզբունքորեն վերանայել և կատարելագործել քաղաքաշինության բնագավառի օրենսդրությունը:
Բնագավառի լիցենզավորման օրենսդրության մեջ, որպես լիցենզավորման գործունեության առանձին տեսակ, պետք է ներառվեն ոչ միայն ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, այլ նաև քաղաքաշինական ծրագրային, այսինքն՝ տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը և փորձաքննությունը: Միայն այս պարագայում կարող ենք շտկել տարիներով թույլ տված «սխալները»՝ օրենսդրորեն, այսինքն պետականորեն վերականգնելով և արժևորելով տարածական պլանավորման փաստաթղթերի կարևորությունը, դրանց նկատմամբ պետական պատվերի պահանջարկը: Եվ դա այն պարզ պատճառով, որ քաղաքաշինությունը Հայաստանի տարածական կազմակերպման, կայուն և համաչափ զարգացման պայմանները ապահովելու իր պետականաշեն հոգսերով հանդիսանում է պետության բացառիկ մենաշնորհը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ճարտարապետ
Ինչ աղուոր հայերէնով գրուած է։ Մէյ մէկ նոյնիսկ եթէ նիւթը շատ չի հետաքրքրեր, կը կարդամ պարզապէս հայերէնս լաւանալու համար։
Ոչ թե մեկնաբանություն, այլ առաջարկ – Նկատի ունենալով պրն. Հակոբյանի մասնագիտական բարձր մակարդակը, գուցե նրան վստահել այս կարևորագույն կառույցի կառավարումը։