«Որեւէ ապօրինության, կոռուպցիոն սխեմաների մեջ չեմ եղել ու չկամ: Բիզնեսն ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24-ժամյա ռեժիմով զբաղվել եմ քաղաքականությամբ: Ցավոք, թե բարեբախտաբար՝ բիզնես չունեմ: Ինձ համար արտոնյալներ կամ ոչ արտոնյալներ չկան, կան օրինավոր կամ օրենքը խախտող քաղաքացիներ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Էդուարդ Շարմազանովը: Լրագրողները նախկին իշխող կուսակցության ներկայացուցչից հետաքրքրվել էին ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի խոստացած կոռուպցիոն սխեմաների բացահայտումների մասին:
Հարց հնչեց` ՀՀԿ-ն պատրա՞ստ է կրկին պայքարել իշխանություն դառնալու համար, Էդուարդ Շարմազանովը հումորով պատասխանեց. «Եթե կուսակցությունը չի ցանկանում գալ իշխանության, այն ՍՊԸ կամ ԲԲԸ է»:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր արտահերթ ընտրությունների մասին, ասել էր, որ ԸՕ-ի փոփոխության շուրջ աշխատանքները սկսվել են: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք դեռեւս որեւէ փաստաթուղթ չեն ստացել: Կստանան`կուսումնասիրեն եւ կհայտնեն իրենց կարծիքը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ