Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիկնանց «ճակատամարտն» էլ կուտ գնաց

Մայիս 22,2018 15:29

Չեք պատկերացնի, թե ինչքան էի անհանգստացած: Մտածում էի՝ մինչ մենք տարված ենք նորանշանակ նախարարների անձերի շուրջ եթերային բուռն ու անզիջում քննարկումներով, ամենօրյա անցուդարձով, լիովին մոռացել ենք կարևորագույն խնդիրներից մեկը: Ո՞նց ենք լուծելու հարցը, ի՞նչ փոթորիկ, աղմուկ է սպասվում: Նույնիսկ անհնար է ենթադրել, թե ինչպիսի ծղրտոց, աղաղակ է բարձրանալու, ինչ մազպոկոց, կամ ծեծկռտուք է լինելու, երբ… Ֆիլմերում նման մենամարտեր տեսնելիս մարդու քեֆ է գալիս՝ ոնց ենք «բալետ» անում: Հրճվում ենք, երբ միմյանց մազերից բռնում են, փունջ-փունջ պոկում, գետնին թավալ են տալիս…Իսկը թամաշա: Իսկ իրականու՞մ: Անգամ չէի կարողանում երևակայել, թե ինչ զվարճալի տեսարան է սպասվում:

Մեկ ամիս առաջ հստակ գիտեինք՝ նա մեկն է, ոչ ոքի մտքով իսկ չէր անցնում նրա տեղը գրավելու փորձ կատարել: Ով կհամարձակվեր ասել՝ դու չես, ես եմ: Ուզում է աշխարհի (Հայոց) ամենաչքնաղը լինի, ամենախելոքը, բոյով-բուսաթովը, շարմաղը, սևաչվին, թեկուզ՝ կապուտաչյան: Հեչ: Կար՝ նա էր, չկար՝ նա էր: Է՜, մի՞թե լավ չէր: Անեկդոտ էինք հորինում՝ նրա մասին էր, մանկապարտեզից էինք խոսում՝ նրա մասին էր, ասեկոսեներ էինք տարածում՝ նրա շուրջ էր: Առաջին շարքում էր, օթյակում, բազմոցին, ամենուրեք, ամեն ինչի սկիզբն էր: Քանի-քանիսն էին երազում նրան հյուրընկալել, նրա ձեռքին հպվել, փոքր-ինչ գգվել, նրա մասին երգեր գրել, երգել, հետը տանգո պարել: Ավետի ու Մհերի բախտը ով ունի: Ճանաչված երգչուհու ծննդին նրա գովքն էին անում, ծաղկեփնջերը ու նվերները նրան էին հանձնում: Խեղճ հոբելյարը ապշած՝ մի անկյուն էր քաշվել ու կծկվել:

Մայիսը եկավ ու նոր գույներով ծածկեց փողոց ու հրապարակ, դաշտ ու սար, տուն ու տանիք: Ու կարծում էի, թե հիմա եկել ու կանգնել ենք հերթական փորձության ու փորձանքի առջև: Ո՞վ է լինելու նա: Կյանքում ամեն ինչ փոփոխական է, և, ինչպես միշտ, կրկին ասպարեզ է իջել վերելակի, իջնելու ու բարձրանալու հայտնի ասացվածքը:

Եվ ահա, հրապարակ են մտնում… երեքը: Ախ, ինչպիսի հիասթափություն ապրեցի, ինչպես ի դերև ելան մտահոգությունս ու ակնկալիքս: Այդ ինչպես կլինի: Եռյակը ինձ թողեց անորոշ երկընտրանքի առաջ:

…Երբ հանրապետության նախագահը որոշեց գործը փոխել և հանրապետության նախագահ նշանակեց, ու երբ, երկու ամիս անց, համաժողովը նշանակվածին ընտրեց հանրապետության նախագահ, հեռուստացույցում հայտնվեց նա (она), և ճարպիկ լրագրողները նրան իսկույն բռնեցրին թանգարանում: Ցավոք, նորընծա առաջինը… առաջին ու վերջին անգամ երևաց կապույտ էկրանին: Հավանական է (ենթադրում եմ)՝ հյուրընկալ, մանկասեր, բարի պապիկը թանգարանասեր իր կողակցին զգուշացրել էր ինքնագլուխ և անզգույշ քայլեր չանել ու առաջ չընկնել: Հավանաբար (համոզված եմ), որ դեռևս գործող արքունիքում պնակալեզներից երկուսը, ինչպես միշտ, ում որ պետք է ահազանգել էին՝ այս ի՞նչ հանդգնություն է, ի՞նչ խարդավանք ու դավադրություն տիկնանց տիկնոջ կոչման նկատմամբ:

Մի օր էլ արքայական զույգը գնաց իրենց արևի ձենը ածելու: Հետո եկան խառնակ ժամանակներ, բեմահարթակին, ներեցեք, հարթակին կանգնեց հերթական առաջին տիկինը: Եվ նրան հարցրին…Եվ նա ասաց, որ ինքն իրեն չի պատկերացնում առաջին տիկնոջ դերում: Լսեցիք՝ դերում: Այնպես որ, կրկին ճշգրտվեց աշխարհի, բեմի, մարդկանց ու դերասանության վերաբերյալ վաղեմի ասացվածքի հավաստիությունը: Ազնիվ, զուլալ ընկալում:

Էս (լոռվա բարբառով ասած) հլա երկուսը, որ իրենց դուրս դրին «առաջին տիկնոջ» մրցաշարից՝ գիտակցաբար, ըմբռնումով: Մնաց երրորդը: Պառլամենտական համակարգով շնչող երկրում պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին (իմ կարծիքով) պետք է կանգնի ազգային ժողովի… Բայց երրորդի անձայն համեստությունն ապացուցեց, որ նա հավակնորդ չէ և Մեծ մոր կոչումը գերադասում է «առաջին տիկինի» բարձրագոչ տիտղոսից:

Եվ… լռություն: Обидно, да. Ուր մնացին երազանքներս, մի լավ զվարճանալու ցանկությունս: Դե, եթե այդպիսին է իրողությունը, դես գցեցի, դեն գցեցի, որոշեցի… Եթե բռնել ենք փոփոխությունների ճանապարհը, ապա ինչու աղբանոց չշպրտենք «առաջին տիկին» հորինվածքը և չընտրենք, ասենք՝ Թավշյա տիկին, Սիրո կամ Համերաշխության տիկին անվանումները, իսկ եթե որևէ մեկը ցանկանա՝ «Համաժողովրդական տիկին» բառակազմը: Թե չէ ստացվում է այնպես, որ տուն ես հասնում թե չէ, կինդ, առանց «մի կտոր հաց» առաջարկելու, անմիջապես հարցնում է՝ իմ համարը ո՞րն է: Դե, եկ ու բացատրիր, համոզիր սեփական կնոջդ, որ խոսքը բնակարանի դռան և հյուրանոցի համարի մասին չէ, որ իշխանական համարակալումը կոլտնտեսային միջոցառում՝ գլխաքանակի հաշվառում չէ, և որ ինքը եզակի է, միակն է: Զուր: Հնչում է միևնույն՝ «ես ումից եմ պակաս» զայրութախառը բողոքը: Եվ ինչպես հասկացնել նրան, որ ինքը չէ, ամուսինն է պակասը, ու իր բախտն այդպես է դասավորվել՝ ճակատագրական սխալ ընտրության պատճառով…

Մինչ ես շարադրում էի այս տողերը, Լոռու հեռավոր գյուղերից մեկում ընթանում էր հետևյալ խոսակցությունը.

– Ադա՛, Թաթո՛ս, հիշու՞մ ես՝ Նիկոլի թվին ինչքան անձրև եկավ:

– Բա դա մոռանալու բան ա՞, երկնքի պատալոկը պատռվել էր, ու այնքան ջուր թափվեց, որ տմսկեցինք, հոտեցինք:

– Հա, դուզ ա: Էդ ե՞րբ էր:

– Դու էլ բան ասիր, Մաթոս տղա, էրեկվա կերածս եմ մտահան արել, էդ ո՞նց էի հիշելու: Էն տարում էր, էլի, որ խառնակություն էր ընկել, նաչալնիկներ էին փոխում:

– Թաթո՜ս, Թաթո՜ս, միտս ընկավ, սրանց կնանիքներն էլ էին խառնվել, առաջին ու հետին էին անում, տղամարդիկ էլ կռվշտում էին, թե ում կնիկն ա ամենալավը: Համարներ էին դնում:

– Ա՛յ տա, Մաթոս, դուն լավ էլ հիշողություն ունես: Համա՜ թե գզվռտոց էր: Բա մարդ էլ առաջի ու վերջի համար իրա կաթնակեր կնկանը բազառ կբերի՞, թե իմը քոնից շարմաղ ա, բոյով ա, խելքով ա ու նա առաջինը պիտի լինի՞:

– Դրուստ ես, Թաթո՛ս, ի՞նչ ա, մեր կնանիքը պակա՞սն են, որ կռիվ չենք անում:

– Հ՛ա, է: Օխտանասուն տարեկան բիձա եմ, բայց որ աչքս քցում եմ, տենում եմ, թե մեկելը մյուսից ինչ աչքի ընկնող ա: Որ հմի էլ ծլնգացնեմ, հազար ուզող դռանս հերթ կկանգնի:

– Ըթենց բան չանես, Մաթոս:

– Խելքս հացի հետ եմ կերե՞լ, ա՛յ Թաթոս, խոսք էր՝ ասեցի, հազիվ եմ մեկին ձեռս գցել, որ սրան-նրան փեշքեշ անե՞մ: Ա՛դա, հիշու՞մ ես, ինչ ցոցխալ ախչկերք էին:

– Ո՞վքեր, Մաթոս:

– Իմ Նունուֆարն ու քո Սուսամբարը:

– Վա՜յ, Մա՛թոս, Մա՛թոս, քու ծակ տունը չքանդվի…

Գյուղամիջում զրուցող ծերերը տեղներից ծուլ եղան ու վռազեցին ամեն մեկն իր տուն:

Նրանք մի բան էլ էին հիշել…

***

Քանի գրիչը ձեռքիս է, մի քանի խոսք էլ կողքից ասեմ:

Հեղափոխություն է եղել, ու ժողովուրդը հորինել է, թե «Երեք հաստլիկների» նման երկիրը երեքով են առաջնորդելու, եղած կարգ ու կանոնով տեղում դոփելու, մինչև առուն ջուր գա: Ահա թե ինչու մեր նոր կառավարիչը չի ցանկանում նախկին օրենքներից շուտ հրաժարվել: Թագավորական պարտեզ, շքեղ առանձնատուն, պինգ-պոնգի, բիլիարդի խաղասեղաններ, 5 զուգարան (մեկը մյուսից շարմաղ), լողավազան, ծովային գույնզգույն աղերով մերսարան… Մի վեց առանձնատուն էլ կա: Երկու հնաբնակ ընտանիքներ էլ են այս տներում ապրում: Եթե ուրիշ առաջիններ չգտնվեն, երևի ազատ երկհարկանիները վարձակալության կհանձնվեն, կամ կառավարական ամառանոցը, թե մտքներին տա, ընդհանրապես, մանկական առողջարան կդարձնեն: Չէ՜, երեխեքը գունավոր աղանոցից ինչ են հասկանում: Իսկ Սեթոն 30 տարի առաջ է զրկվել բնակարանից: Սեթոներին բոլոր ճանապարհները տանում են փայտե տնակները: Սենեքերիմն էլ ամբողջ կյանքում փող է հավաքել, տուն առել, հավաքածը վերջացել է, հիմա մի ունիտազ չի կարողանում գնել: Հինգ աղջկեքը բետոնե անցքի գլխին են պպզում:

Արդարանում են՝ անվտանգության նկատառումով… Իսկ «արքայական» այգում ազատ, անկախ շրջում են ամենավտանգավոր հարևանները ու դեռ փոքրիկ աղջնակին հարցնում՝ «Բալիկ ջան, պապան տու՞նն է…»:

Ինչ ուզում եք ասեք, Իշխանություն կոչվող պտուղը շատ քաղցր համ ունի ու գայթակղիչ տեսք: Ով կդիմանա:

Սկզբում մեկ-երկու ամիս առաջվա հներն էլ էին ջիգարագիժ ու ազգին թունդ սիրահարված: Բայց երբ հայտնվեցին վերևներում ու հենց տեսան, զգացին, հասկացան, որ հասարակ մահկանացուները փորձում են մեծ քթերը խոթել իրենց գործերում, կռվածների, շտաբներում նստածների, մարտադաշտի թիկունքում նկարահանվածների, հերոսի անուն հանածների հետ ոտք մեկնել, չափից շատ պահանջներ դնել, բարձր անոթների վրա աչք գցել, հոժար կամքով ունեցվածքն իրենց չտալ (կիսվել), տուր թե կտաս… Բա՛: Վերջն այդպես է լինում, ու գալիս է այն սկիզբը, երբ ամեն ինչ սկսվում է նորից ու կրկնվում՝ «էս ծառն իմն է, էս սարն իմն է»:

Մեկ էլ… Համ ասում եք նրանց ստեղծած օրենքները լավը չեն, ճիշտ չեն, համ էլ շարունակում եք դրանցով շարժվել, թե՝ համբերեք, մի քանի ամսից կփոխենք: Է՜, հեղափոխությունն էլ մի քանի ամիս հետո անեիք: Հեղափոխությունը, տղե՛րք ջան, հնացած օրենքները չի ճանաչում, ոչ էլ սպասեցնում է՝ նորից գարուն գա ու ծաղիկներ վառվեն… կամ էլ գորտի աչքը դուրս գա: Ա՜խր, վախում եմ, վախում, որ անցած չգնացածին սովորեք ու… Մեկ էլ տեսար՝ տեղ հասանք:

***

Հ.գ. Կատակասեր հայերս սիրում ենք մեր ամենասիրելի էակներին, անձերին, անգամ՝ հերոսներին, բնորոշել հումորային մակդիրներով, նրանց «գուրգուրել» ծիծաղաշարժ արտահայտություններով, նույնիսկ ծաղրական բնութագրումներով ընդգծել նրանց դրական կամ, հատկապես, բացասական կողմերը, արարքները: Ժպիտ առաջացնելու կամ, գոնե, ներկա մթնոլորտի շիկացվածությունը մեղմելու փորձս թե որքանով եմ կարողացել արդարացնել՝ ընտրելով այս թեման և կես կատակ, կես լուրջ ներկայացնելով Հայոց ամենատիկինների սպասվելիք առաջնության դեռևս չկայացած պայքարի ենթադրյալ մոտիվները, կգնահատեն լրջախոհ խմբագիրները՝ տպագրելով կամ մոռացության մատնելով այս փոքրիկ գրվածքս և ցուցանելով իրենց՝ հումորից մոտ կամ հեռու գտնվելու հանգամանքը: Իսկ թե ասելիքս 99 տոկոսով լուրջ չի ստացվել, ամոթ ինձ:

 

Ներսես Կոստանյան

Լոռի, Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031