Քանի որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մանկավարժական համալսարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ իր այն հայտարարությանը, որով ՀՀԿ-ական ուսուցիչներին եւ տնօրեններին կոչ էր անում գնալ ՀՀԿ-ի մոտակա շտաբներ եւ հրաժարվել ՀՀԿ անդամակցությունից, Aravot.am-ը հետաքրքրվեց` դիմումներ ստացե՞լ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս հեղափոխական շարժման ընթացքում տեսնելով հնարավոր վտանգները, որ կարող է այնպիսի գործընթաց լինել, որ պատեհապաշտները տեղ գտնեն կուսակցությունում, դադարեցրել է անդամագրումը «Քաղաքացիական պայմանագրին» եւ լուրջ ֆիլտրեր է դրել, որպեսզի կուսակցությունում տեղ գտնեն այն մարդիկ, որոնք իրականում ուզում են կուսակցական գործունեությամբ զբաղվել, ոչ թե ձգտել պաշտոնների»,-ասաց ԿԳ նախարարը:
Ինչ վերաբերում է, իր խոսքերով, ճնշումներով ՀՀԿ շարքերն անցած մանկավարժներին, Արայիկ Հարությունյանը նշեց. «Կան բազմաթիվ դիմումներ, որ իրենք չեն կարողանում դուրս գալ ՀՀԿ-ից, կամ իրենց ստիպում են դուրս չգալ: Ես ուսուցիչներին ասեմ, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ սիրելի ուսուցիչներ, այլեւս դուք եք տերը ձեր կյանքի եւ ձեր երկրի ու ցանկացած քայլ դուք եք որոշում, այդ թվում` մնալ ՀՀԿ-ում, թե ոչ: Եթե չեք ցանկանում մնալ, հենց այսօր կարող եք դիմում գրել եւ դուրս գալ, եւ որեւէ տնօրեն կամ մարզպետ ու քաղաքապետ չի կարող ձեր վրա ազդել»:
Նախարարը խոսեց նաեւ այն մանկավարժների ու տնօրենների մասին, որոնք իսկապես ցանկանում են մնալ ՀՀԿ-ական. «Ես վերջերս որոշում եմ կայացրել կոնկրետ կուսակցական մի տնօրենի վերաբերյալ, վերանշանակել պաշտոնի: Եթե մարդը կուսակցական գործունեությամբ չի զբաղվում դպրոցում, ես իրավունք էլ չունեմ խախտել Սահմանադրությունը, որովհետեւ յուրաքանչյուր ոք կարող է լինել կուսակցության անդամ: Ես ինքս կուսակցության անդամ եմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ