Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց`վերջին շրջանում շատ են խոսակցությունները ավագ դպրոցի եւ 12-ամյա կրթության թեմայով, հնարավո՞ր է փոփոխություններ արվեն կամ հրաժարվի այդ համակարգերից: «Հնարավոր է, բայց դրա մասին խոսելը վաղ է, դա լուրջ բարեփոխում է, եթե իրականացվի, ուրեմն եւ փաստարկները, եւ հակափաստարկները պետք է լսել»,-ասաց նախարարը:
Նրա խոսքերով. «Ավագ դպրոցն այն բովանդակությամբ, որը դրվել է դրա տակ, իր նպատակին չի ծառայում, բայց կարծում եմ, որ բարեփոխումների ընթացքում այս մոդելը կարող է աշխատել»:
Ինչ վերաբերում է 12-ամյա կրթական համակարգից հրաժարվելուն, Արայիկ Հարությունյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ դա հաջորդ տարվա խնդիր է, սեպտեմբերի մեկից նման փոփոխություն չի լինի: Բայց պետք է բարեփոխումն արագ իրականացնել, որպեսզի ավագ դպրոցը նպատակին ծառայի»:
Aravot.am-ը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ էլ հարց ուղղեց նախարարին: Հարցրինք այն կփոխարինվի՞ մեկ այլ առարկայով, կամ գուցե կմնա:
«Այս առարկայի հետ կապված դիմումները շատ են` թե պահպանելու, թե հանելու վերաբերյալ: Այդ քննարկումը կունենանք, անկեղծ ասեմ, այդ խնդրից շատ ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու, դրան դեռ ժամանակ չի հասել: Առհասարակ մեր հանրությունը սպասում է, որ կախարդական փայտիկի մեկ հարվածով բոլոր խնդիրները կլուծվեն, ես խնդրում եմ համբերությամբ լցվել: Մենք օպերատիվ կերպով առկա խնդիրները լուծում ենք, իսկ գլոբալ խնդիրներն ավելի ուշ լուծում կստանան»,-պատասխանեց նախարարը:
Բոլոնյան համակարգից էլ հարցրինք, հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է հրաժարվի եվրոպական կրթական տարածքին` Հայաստանի մաս կազմելուց: «Չենք դուրս գա, որովհետեւ այնտեղ բավականին լավ գործիքներ կան, մեկ միասնական դաշտ է ստեղծվում: Բոլոնյան համակարգը հասկացանք տեխնիկական փոփոխությունների մեջ, բայց բովանդակային լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն էլ կա, եւ այնտեղ հիմնական գործիքները ուսանողների շարժունակությունն է, կրեդիտների փոխանցելիությունը: Այդ հարցը մենք Հայաստանի ներսում չենք լուծել: Ռեկտորների հետ հանդիպման ժամանակ դրան անդրադարձել եմ, այդ հարցին ուշադրություն ենք դարձնելու»,-ասաց ԿԳ նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ