Խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության եւ Իսրայելի կառավարության միջեւ եկամուտի գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը: Այս նախագծի քննարկման ժամանակ ի հայտ եկավ, թե որ պատգամավորներն են եղել Իսրայելում, որոնք ոչ:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Իսրայել գնացածների ցուցակում էր: Նա ասաց, որ լինելով Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամ, Իսրայել կատարած վերջին այցի ժամանակ նկատել են, որ այնտեղ մեծ հետաքրքրություն ունեն ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների բնագավառում իրականացվող առաջընթացի հետ կապված. «Բավականին հետաքրքիր առաջարկություններ էր հնչում նաեւ առանձին կառույցների տնտեսական գործունեության իրականացման հետ կապված ազատ առեւտրի գոտիներում, որը ԵԱՏՄ անդամ Հայաստանը փորձում է իրականացնել ոչ միայն Իրանում, այլեւ Շիրակում: Շիրակի տարածքում Իսրայելի առեւտրաարդյունաբերական պալատի կողմից բավականին լուրջ ծրագրեր ու ներդրումներ են փորձում իրականացնել: Այս համաձայնագրի վավերացումը դրական ազդեցություն կունենա Իսրայել-Հայաստան տնտեսական փոխհարաբերության հետ կապված»:
Մելիքյանն ասաց, որ Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին էլ են խոսել այնտեղ. «Պատկերացրեք, որ որեւէ խոչընդոտ իրենց կողմից այդ առումով չէր ներկայացվում: Բարձրացվեց նաեւ հարցեր Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, պատասխանը բոլորիս հայտնի էր՝ բիզնես գործընթաց է, ցանկացած երկիր կարող է Իսրայելի հետ իրականացնել նման գործընթաց»:
Իսրայել մեկնած «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանն էլ ասաց, որ հիմա Հայաստան-Իսրայել հարաբերությունները բարձր տեմպով զարգացման ուղում են գտնվում. «Մենք շատ բան ունենք առաջարկելու Իսրայելին՝ բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության ոլորտներում: Մեր երկրում հենց հիմա կան նախատիպեր, որոնք որոշ բաներով նաեւ ավելին են, մրցում են եւ կարող են նույնիսկ հաղթել իսրայելական արտադրության տարբեր տեսակի ռազմամթերքին»:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ասաց. «Միանգամից ասեմ, որ ես Իսրայել չեմ գնացել, բայց խմբի անդամ եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ