Սևանի պետական քոլեջը /նախկին տեխնիկում/ շուտով կբոլորի գործունեության 52-ամյակը: Սևանում գործող ևս մեկ ուսումնական հաստատություն` արհեստագործական ուսումնարանը /նախկին պրոֆտեխուսումնարան/, արդեն 49 տարեկան է:
Սևան քաղաքի և տարածաշրջանի, նաև հարակից այլ քաղաքների սովորողների համար այս ուսումնական հաստատությունները եղել են նախնական և միջին մասնագիտական կրթության դարբնոցներ:
Անցած տարիների ընթացքում ստեղծվել են ավանդույթներ, գրանցվել են հաջողություններ: Այս հաստատությունների շատ շրջանավարտներ քննություն են բռնել աշխատաշուկայում, քոլեջի ուսանողները շարունակել են կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Սակայն հաշվի առնելով առկա միտումները, կրթությանը և կրթական հաստատություններին ներկայացվող նոր պահանջներն ու չափորոշիչները` դեռևս անցյալ տարվանից ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից քոլեջի և ուսումնարանի միաձուլման հարցը դարձավ օրակարգային:
Այս տարվա ապրիլի 12-ին ՀՀ կառավարության` N 446-Ա որոշմամբ «Սևանի պետական քոլեջ» և «Սևանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպվեցին «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
Ինչպես նշված է որոշման մեջ, «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի գործունեության հիմնական նպատակներից են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման ապահովումը, բարելավման համապատասխան համակարգի կիրառումը, բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը:
Նշենք, որ այս նպատակներն ամրագրված են եղել նաև քոլեջի և ուսումնարանի գործունեության նպատակների ցանկում:
ՀՀ կառավարության այս որոշման վերաբերյալ արհեստագործական ուսումնարանի տնօրեն Գեղամ Խաչատրյանն ասաց, որ այն ունի և դրական, և բացասական կողմեր: Բացասականներից նշեց սպասվող կրճատումները, իսկ դրականի վերաբերյալ նշեց. «Միաձուլման արդյունքում ուսումնարանի առկա բաժինները կպահպանվեն, երկու ուսումնական հաստատությունների մասնաշենքերը` ևս: Ինչ-որ չափով ուշադրությունից դուրս մնացած ուսումնարանի համար նյութատեխնիկական բազայի համալրման, կահավորման, հիմնանորոգման խնդիրը կլուծվի»:
Սևանի պետական քոլեջի տնօրեն Ռուբիկ Գևորգյանի համար միաձուլման նպատակն անհայտ է: «Նման որոշում կայացնելուց առաջ պետք է լիներ հանրային քննարկում, լսումներ: Նախապես պետք է հարցնեին այն մարդկանց կարծիքը, ովքեր այս գործընթացի մեջ են, լսեին մեր առաջարկները»,- ասում է քոլեջի տնօրենը:
Քոլեջում ներկայումս սովորում է 320 ուսանող: Որոշման կիրարկումից հետո սպասվում է հաստիքների կրճատում:
Ռուբիկ Գևորգյանի դիտարկմամբ` շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չեն տրվել: Քոլեջում տնօրենի կարծիքը կիսում են և դասախոսական կազմը, և ուսանողները: Նրանք նամակ են հղել ՀՀ կառավարություն, ԿԳ նախարարին: Պահանջը մեկն է` որոշումը կասեցնել կամ չեղյալ համարել: Սպասում են դրական պատասխանի ակնկալիքով:
Մինչ համադրվում են կողմ ու դեմ կարծիքները, տեղեկացնենք, որ որոշմամբ ամրագրված է, որ բազմագործառութային քոլեջում օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացվել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես` արտադպրոցական դաստիարակության կազմակերպում, ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում, հրատարակչական գործունեություն, մշակութային գործունեության իրականացում, կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և այլն:
Եթե որոշումը չվերանայվի, ապա 2017-2018 ուսումնական տարին երկու կրթական հաստատությունները կամփոփեն առանձին, իսկ նոր ուսումնական տարին կսկսեն մեկ ամբողջության մեջ` արդեն բազմագործառութային քոլեջի կարգավիճակով:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ