Դեռևս այս տարվա փետրվար ամսին սևանցի ծանրամարտիկ, եռամարտի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը դարձավ Դյուցազնագրքի հերոս` պոկելով 260 կգ ծանրաձողը: Նա գերազանցեց իր իսկ կողմից դեռևս տարեմուտին սահմանած 230 և 250 կգ ռեկորդները:
Այդ ժամանակ 29-ամյա ռեկորդակիր մարզիկը հայտնեց, որ պատրաստվում է Ուկրաինայի Լուցկ քաղաքում ՀՀ հավաքականի կազմում մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Ռեկորդից ամիսներ անց` մայիսի 15-ին, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիկ, մարզիչ Յուրի Սարգսյանի սան Վարազդատը գրանցեց հերթական հաղթանակը` նվաճելով 2 ոսկե մեդալ, դառնալով աշխարհի չեմպիոն:
Վարազդատը /67.5կգ/ 2 վարժության արդյունքում բարձրացրել է 385կգ: Գրանցված արդյունքը բավական էր 3-րդ վարժությունը չկատարելու համար:
Ն. Դագարյանի անվան մարզադպրոցից աշխարհի առաջնությանը մասնակցում էր նաև մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը` 15-ամյա Կարեն Առաքելյանը /82կգ/: Կարենն էլ աչքի է ընկել բարձր պատրաստվածությամբ, ֆիզիկական լավագույն որակներով: Նա 3 վարժության արդյունքում գրանցել է 450կգ: Ձգում վարժության ժամանակ բարձրացրել է 200կգ, նվաճել ոսկե մեդալ, իսկ ընդհանուր արդյունքներով` արծաթե մեդալ:
Նախօրեին սևանցի մրցանակակիրներին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայան էր մեկնել ներկայացուցչական պատվիրակություն` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ:
Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբի կատարումների ուղեկցությամբ մեր մարզիկներին դիմավորեցին համայնքի ղեկավարը, մարզադպրոցի տնօրենը, մարզիչներն ու մարզիկները, համայնքի ավագանու անդամներ:
Դիմավորման արարողակարգը շարունակվեց նաև Սևանում: Օրը վերածվել էր տոնակատարության, որն ուղեկցվում էր շնորհավորանքներով և բարեմաղթանքներով: «Սևան» պարային համույթի սաների կատարումները հաջորդում էին միմյանց:
Առաջիկայում էլ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մոտ կկազմակերպվի ընդունելություն, որին կմասնակցեն աշխարհի առաջնության մրցանակակիրներն ու նրանց մարզիչները:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ