«Իսրայելը նույնպես դիտարկվում է որպես ՀՀ բարեկամ երկիր, որտեղ ՀՀ-ն ունի լուրջ պատմամշակութային ներկայություն»,- ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Իսրայելի հետ գործակցության ուղղությամբ նոր հնարավոր քայլերին, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշեց. «Մենք չենք կարող անտարբեր լինել, թե ինչ է կատարվում Իսրայելում: Այդ երկրում դեսպան ունենալու մտադրությունը հենց այդ նպատակն է հետապնդում»:
Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվելու Արմեն Սմբատյանը:
Տիգրան Բալայանն ընդգծեց՝ Իսրայելի հետ գործակցության ուղղությամբ դեռ նախորդ տարվանից որոշակի քայլեր են ձեռնարկվել. «Այդ ուղեգիծը շարունակական է լինելու»:
Ինչ վերաբերում է ՀՀ բարեկամ Իրանին, Բալայանի խոսքով՝ այդ երկրի հետ փոխշահավետ գործակցություն ունենք եւ մտադիր ենք այն ընդլայնել:
Տիգրան Բալայանը նաեւ տեղեկացրեց, որ ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ՝ այսուհետեւ պարբերաբար կլինեն լրագրողների հետ ճեպազրույցներ՝ ըստ անհրաժեշտության:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ