Անդրադառնալով Արամ Սիմոնյանի քաղաքականացված լինելու մասին հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել էր. «Ես կարծում եմ, որ Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է պարտադիր։ Մենք ասել ենք, որ այնպես ենք անելու, որ բուհերը զգալի ինքնավարություն ունենան, եւ այդ սկզբունքից չենք շեղվելու»։ Նա նաեւ ակնարկել է բուհերի ռեկտորների մոտալուտ պաշտոնանկության մասին։
Ինչեւէ, քանի որ իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել էր ԵՊՀ ռեկտորի անունը, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց պարոն Սիմոնյանին։ ԵՊՀ ռեկտորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արայիկ Հարությունյանի խոսքերը որպես մեղադրանք չի ընդունել՝ ասելով, թե չի կարծում, թե նորանշանակ նախարարն իրեն մեղադրել է։
Իսկ այն հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տաք ռեկտորի պաշտոնից, Սիմոնյանը նշեց. «Ինձ հոգաբարձուների խորհուրդն է ընտրել, հոգաբարձուների խորհուրդն է այդպիսի բաները որոշում»։
Նշենք, որ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 32 անդամից, եւ վերջիններս ի պաշտոնե են հայտնվել խորհրդի կազմում։ Այժմ 32 անդամներից 5-ը՝ Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, Արտակ Դավթյանը եւ Հովհաննես Հովսեփյանն այլեւս չեն զբաղեցնում իրենց նախկին պաշտոնները եւ չեն էլ կարող համարվել հոգաբարձուների խորհրդի անդամ։
Իսկ ահա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով եւս ՀՀԿ խորհրդի անդամ է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե իր կուսակցական լինելը ոչ մի կերպ ո՛չ խանգարել եւ ո՛չ էլ օգնել է նրան։ Ընդ որում, Աթոյանի համոզմամբ, նորանշանակ նախարարի՝ բուհերի ապակուսակցականացված լինելու մասին հայտարարությունները հենց ռեկտորներին այնքան էլ չեն առնչվել։ «Ես էլ եմ գտնում, որ բուհերը չպետք է քաղաքականացված լինեն, դա ռեկտորների անձի հետ կապված չէ։ Եթե ընդհանուր խնդիր կդրվի ռեկտորների առջեւ, դա ուրիշ։ Օրինակ՝ կարող է օրենք ընդունվել, որ ռեկտորը չպետք է որեւէ կուսակցության անդամ լինել։ Բայց բուհերի քաղաքականացումը չպետք է միայն ռեկտորների անձի հետ կապել»,- նշեց Աթոյանը:
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում