Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգել են 7.5% տնտեսական աճով երկիր, հիմա կարող են նաեւ բարձրացնել թոշակները». Շարմազանով

Մայիս 22,2018 13:01

Պետական կենսաթոշակների մասին օրենքի նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: Գործող օրենքով աշխատող կենսաթոշառակառուի թոշակը վերահաշվարկվում է, եթե անձը տարածքային կենտրոն է ներկայացնում աշխատելու մասին տեղեկանքը եւ դիմումը, այսինքն, պարտադիր էր լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելը:

Հիմա առաջարկվում է վերացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու դրույթը, միայն դիմումը բավարար կլինի, որ աշխատող կենսաթոշակառուի թոշակը վերահաշվարկվի:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նախագիծն ԱԺ-ում զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին հարցրեց. «Մի հատ ինձ անկեղծ ասեք, էլի, վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Մենք անցյալ տարի բարձր տնտեսական աճ էինք արձանագրել, 1 տոկոս տնտեսական աճը 12-14 մլրդ դրամ է: Կենսաթոշակը բարձրացնելու առաջնահերթությունը եթե առաջնակարգ չի, հետիններից մեկն է, դուք մի հատ ասեք, թե որտե՞ղ են էդ փողերը ծախսվել: Դուք ասեք, թե կասեմ, էդ հնարավորությունները որտեղ էր»:

Փոխնախարարը պատասխանեց. «Հեռու եմ այն մտքից, որ որեւէ պահի առկա է եղել թեկուզ 2-3 հազար դրամով թոշակները բարձրացնելու հնարավորություն ու չի բարձրացվել: Կարծում եմ, նման հնարավորություն չի եղել»:

Նա ասաց, որ 2-3 հազար դրամով կենսաթոշակի բարձրացման համար տարեկան անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 12-15 մլրդ դրամ գումար, այնպես չի, որ փոքր գումար է:

Մելքումյանն արձագանքեց. «Մենք անցյալ տարի սահմանել էինք 3.5 տոկոս աճ, ունեցանք 7-7.5 տոկոս: 1 տոկոս լրացուցիչ տնտեսական աճը 14 մլրդ դրամ է, այսինքն, ասեք, իմանանք ինչի վրա է դա ծախսվել, եթե կարող էինք 3000 դրամով կենսաթոշակները բարձրացնել: Ի՞նչն է խնդիրը, որ մենք չենք ուզեցել մեր 500 հազար թոշակառուների թոշակը ավելացնել մի փոքր»: Փոխնախարարը պատասխանեց, որ հարցի պատասխան չունի, թե որ ուղղությամբ է ծախսվել:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բյուջեի կատարողականի ժամանակ կիմանանք, թե որտեղ են ծախսվել այդ գումարները. «Մի բան պարզ է, որ հին կառավարությունը նոր կառավարությանը ժառանգել է 7.5 տոկոս տնտեսական աճով երկիր, հիմա կարող են նաեւ բարձրացնել թոշակները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031