Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց ՊՆ-ն անհողդողդ էր դպրոցականներին հայրենասիրական դաստիարակություն «սերմանելու» գործում. «Հայկական ժամանակ»

Մայիս 22,2018 12:53

Դեռեւս 2015-ի բյուջեի քննարկումների ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ազդարարեց, թե դպրոցներում հայրենասիրական ակումբներ բացելու համար պետբյուջեից հատկացվել է 65 միլիոն դրամ։ Դա ոչ հեռավոր 2014 թվականն էր։ Ահա եւ պարոն Աշոտյանի ելույթից հատված. «Երեխաները կարող են լինել ժողովրդավար, մոնարխիստ, անարխիստ, բայց նրանք պարտավոր են լինել հայրենասեր»։

Ինչպե՞ս պետք է 65 միլիոն դրամը ծառայեր հայրենասիրական զգացողություններ արթնացնելուն։ Գումարը ծախսելու էր արդեն «Պատանի երկրապահ» կառույցը. «Պատանի երկրապահ կառույցները մասնակցում են երկրապահական ուխտագնացություններին, լինում են սահմանամերձ բնակավայրերում, հայրենաճանաչություն, հայրենասիրություն, մարտարվեստ են սովորում։ Գումարը հիմնականում այդ ուղղությամբ է ծախսվում, բանակի տոն, հետո մայիսի 8-ը, սպարապետի ծնունդը՝ մարտի 5-ին, եւ այլն»։

Իսկ երբ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց 65 միլիոն դրամն այսկերպ ծախսելու մասին, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը կարճ կապեց. «Ի վերջո, դուք կո՞ղմ եք հաղթանակներին, թե՞ չէ»։

65 մլն դրամը ռազմահայրենասիրական նպատակներով ծախսելու մասին փոքրիկ ելույթ էր ունեցել նաեւ ժամանակին մեկ այլ Պնախարար՝ Սեյրան Օհանյանը. «Հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած ներքին եւ արտաքին սպառնալիքները՝ Պաշտպանության նախարարն ընդգծեց Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաեւ Արցախյան պատերազմի ընթացքում ձեռք բերված արժեքներն աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել մեր երկրի հետագա զարգացումը»։

«Աճող սերնդին» «պատշաճ ձեւով», ինչ խոսք, կարելի է տեղ հասցնել մեր ձեռքբերումները, սակայն մինչ բյուջեից 65 միլիոն դրամը նստի միջոցառումների կազմակերպիչների հաշիվներին, դպրոցականները ծնողներից լսում էին, թե դիցուք, Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիություն չեն տրամադրում, քաղաքական պատճառներով ազատազրկում են։

Բայց ՊՆ-ն անհողդողդ էր դպրոցականներին հայրենասիրական դաստիարակություն «սերմանելու» գործում։ Ահա ՊՆ մեկ այլ հաղորդագրություն. «Մարտունակ բանակ ունենալու համար անհրաժեշտ է դաստիարակել ազգային ինքնության եւ հպարտության զգացումով համակված երիտասարդներ»։

Այս եւ նման խոսքերի թիկունքը դատարկ է։ Մարդուն առհասարա՛կ հատուկ է սիրել հայրենիքը։ Եվ դրա համար պետական ծրագրեր, «միջոցառումներ», ուխտագնացություններ, այն էլ՝ բյուջեից ֆինանսավորվող, անհրաժեշտ չեն։ Պետությունը պետք է դադարի մեզ հայրենասիրության ինդուլգենցիաներ վաճառել, որոնք տպվում են մեր իսկ գրպանի փողերով։ Պաշտպանության նախարարությունը չպետք է 1000-ական դրամ գանձի յուրաքանչյուրիցս՝ «Ազգ- բանակ» գաղափարախոսությունը սպասարկելու նպատակով:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031