«Գրաֆիկից հետ ենք ընկել, ընդունենք դա, բայց երեկ Նիկոլ Փաշինյանի տված հստակ հանձնարարականները թույլ են տալիս ասելու, որ օրակարգից որեւէ շեղում չի լինելու՝ թե ծրագրային եւ թե փաստաթղթային առումով»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե ՀՀ ներքաղաքական վերջին իրադարձությունները որքանով են անդրադարձել աշնանը մեր երկրում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վրա, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա տեղեկացրեց, որ գագաթնաժողովի շրջանակում Երեւանում նախատեսում է կնքել Ֆրանկոֆոնիայի հիմնարար փաստաթղթերից մեկը. «100-ից ավելի պատվիրակությունների ենք ընդունելու, իսկ շուտով կազմակերպչական պատվիրակություն է ժամանելու Հայաստան եւ հանդիպումներ ունենալու պատասխանատու գերատեսչությունների հետ»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը, Տիգրան Բալայանը նշեց. «Ժամկետները գործում են, փոփոխություն չկա: Սպասում ենք ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից այդ փաստաթղթի վավերացմանը, որպեսզի դրա կիրառումը սկսենք»:
Բալայանի փոխանցմամբ՝ մայիսի վերջին ՀՀ-ում կլինի նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պատվիրակությունը: Մայիսի 30-31-ն էլ նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ