Որքան ավելի ռեալ է դառնում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը (իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ դա իրենց առաջնահերթություններից է), այնքան քաղաքական լուսանցքում հայտնվածները սկսել են ավելի ակտիվանալ՝ պոպուլիզմի գերբարձր դոզայով համեմված։
Այս առումով պատահական չէր «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի երեկվա խոսքերը։ Արթուր Բաղդասարյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, որ իր եւ 2008 թվականին իրեն ձայն տված ավելի քան 300 հազար ընտրողների անունից պահանջում է բացահայտել մարտի 1-ի դեպքերը։
ՕԵԿ նախագահի հայտարարությունները այլ բան, քան ցինիզմի բարձրագույն դրսեւորում, դժվար է որակել. մարտի 1-ի բացահայտման մասին, այն էլ՝ 2008թ. իրեն քվեարկողների անունից, բարձրաձայնում է մի անձնավորություն, որն իր հերթին քաղաքական պատասխանատվություն է կրում տեղի ունեցած ոճրագործության համար։
Եթե Արթուր Բաղդասարյանը մոռացել է իր կենսագրության այդ դրվագները, հիշեցնենք՝ 2008թ. նախագահական ընտրություններում, հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, հավաքած ձայներով զբաղեցնելով երրորդ տեղը, այնուամենայնիվ համաձայնեց Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմել։ Ու մինչ հարյուր հազարավոր քաղաքացիներ, տասը օր շարունակ Ազատության հրապարակում հավաքված, պայքարում էին ընտրակեղծիքով ձեւավորված իշխանության դեմ, պայքարում իրենց քվեի համար, Արթուր Բաղդասարյանն այդ քայլով լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանին՝ միաժամանակ այդպես մարտի 1-ի սպանդի իրականացման «քարտ բլանշ» տալով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում