Թուրքիայի կուսակցությունները շարունակում են նախապատրաստական աշխատանքները հունիսի 24-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (YSK) է ներկայացրել իր ընտրացուցակը։
Ընդհանուր առմամբ ԱԶԿ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել է 600 հոգի, որից 123-ը կանայք են։
Ինչպես 2015թվականին, այնպես էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԱԶԿ-ից որպես Ստամբուլի պատգամավորի թեկնածու է առաջադրվել հայազգի Մարգար Եսայանը, ով նախորդ ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ էր ստացել:
Հիշեցնենք` երեկ պարզ դարձավ, որ մեկ այլ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից։ Իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի ԺՀԿ-ի ընտրացուցակում:
Աղբյուր` Sabah