Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ

Մայիս 22,2018 12:29
cec

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ է հարուցվել:

2018թ. ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում նույն դպրոցի փոխտնօրեն Ն. Մ.-ն հանրապետությունում ծավալված հավաքներին և երթերին մասնակցելու պատճառով դպրոց չհաճախելու հետ կապված ապտակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի մի աշակերտի:

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում այնուհետև Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում մայիսի 17-ին քննիչի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Սակայն կայացված որոշման օրինականությունը ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ստուգելու արդյունքում պարզվել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի:

Մասնավորապես հիմնավորված է համարվել, որ Ն. Մ.-ն մեկ անգամ է հարվածել աշակերտին: Մինչդեռ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելու վերաբերյալ տվյալներ, որոնք չեն ստուգվել: Քննության առարկա չի դարձել ծնողի կողմից բացատրություն տալու ժամանակ հայտնած այն տեղեկությունը, որ Ն.Մ-ն փորձել է 2-րդ անգամ խփել, սակայն երեխան պաշտպանվել է: Բացի դրանից, իր տված բացատրությունում տվյալ աշակերտը նշել է, որ «ԱԳԱ» սուպերմարկետի դիմաց դպրոցի նշյալ փոխտնօրենը հարվածել է իրեն, ինքը ձեռքով պաշտպանվել է և հարվածը չի դիպել իրեն: Այնուհետև դպրոցում նա ձեռքի ափով ապտակել է իր այտին՝ ֆիզիկական ցավ պատճառելով, իսկ տնօրենի աշխատասենյակում այլ աշակերտների ներկայությամբ ցանկացել է ևս մեկ անգամ ապտակել՝ սակայն տնօրենը թույլ չի տվել: Ն.Մ-ի կողմից աշակերտին երկու անգամ հարվածելու վերաբերյալ փաստական տվյալ է արձանագրվել նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացության «գործի հանգամանքները» բաժնում, որոնք ևս, իբրև Ն. Մ.-ի արարքի որակման համար կարևոր նշանակություն ունեցող տվյալներ, քննության առարկա չեն դարձել և չեն ստուգվել: Բացի դրանից, միջոցառումներ չեն ձեռնարկվել նաև, ըստ տրված բացատրությունների՝ դեպքին առնչություն ունեցող համադասարանցիների, առանձին ծնողների ինքնությունը պարզելու և դեպքի կապակցությամբ նրանց հայտնի հանգամանքների շուրջ բացատրություններ ստանալու ուղղությամբ:

Վերոնշյալ իրողությունների պատճառով դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը համարելով ապօրինի և չհիմնավորված՝ ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է որոշում այն վերացնելու, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու և տվյալ աշակերտին տուժող ճանաչելու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031