Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային համակարգը միակ տարբերակն է հետագայում թոշակառուներին արժանապատիվ ծերություն ապահովելու համար. «Հայկական ժամանակ»

Մայիս 22,2018 11:45

Քննարկումներից դուրս է մնում կուտակային համակարգի բուն թեման։ Ի վերջո, դա լա՞վ բան է, թե վատ։ Միանգամից նշենք, որ նման հարց ուղղակի չկա։ Կուտակային համակարգը միակ տարբերակն է հետագայում թոշակառուներին արժանապատիվ ծերություն ապահովելու համար։

Հիմա մեր ծերերի թոշակները վճարվում են պետական բյուջեից։ Թոշակը չի ապահովում արժանապատիվ ծերություն, եւ դա գիտենք բոլորս։ Ու գնալով վիճակը էլ ավելի է վատանալու, եւ դա պարզապես օդից վերցրած կանխատեսում չէ, այլ պարզ թվաբանություն։

ՀՀ բնակչությունը ծերանում է՝ երեխաներ քիչ են ծնվում, եւ տարիներ անց, երբ նրանք անցնեն աշխատանքի, նրանց թիվը քիչ է լինելու, իսկ թոշակառուների թիվը լինելու է շատ։ Նրանց վճարած հարկերը քիչ են լինելու, եւ բյուջեում փողը շատ քիչ է լինելու ծերերին թոշակ վճարելու համար։ Երբ այդ երիտասարդներն էլ դառնան թոշակառու, էլի բյուջեում շատ քիչ փող է լինելու նրանց թոշակ վճարելու համար։

Այլ կերպ ասած, կուտակայինի ամբողջ գաղափարախոսությունն այն է, որ յուրաքանչյուր աշխատող ինքը իր եկամուտների հաշվին ապահովի իր արժանապատիվ ծերությունը։ Որքան այս համակարգը ուշ ներդրվի, այնքան ավելի քիչ թոշակ կստանան մեր ապագա թոշակառուները։ Այսինքն` կուտակայինին այընտրանք պարզապես չկա։

Խնդիրն այն է, թե ինչպիսին պետք է լինի կուտակայինը։ Պարտադի՞ր, թե՞ կամավոր, ինչպես եւ որտեղ պետք է հավաքվեն կուտակայինին վճարված գումարները, ինչպես պետք է դրանք օգտագործվեն եւ այլն, և այսպես շարունակ։

Այս հարցերի պատասխանները, ըստ էության, ընկած են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլ, այսպես ասենք՝ քաղաքական-հոգեբանական հարթության մեջ։ Եթե մարդը վստահություն չունի, որ ամեն ամիս իր աշխատավարձից պարտադիր կուտակային համակարգով գանձված, ասենք, 7 կամ 10 հազար դրամը կօգտագործվի ըստ նշանակության, կլինի ապահով տեղում, դրա վրա կգան տոկոսներ եւ այլն, ապա նա հաստատ պատրաստ չէ այդ գումարը կամավոր վճարել։ Եթե մարդը վստահ չէ, որ այն հիմնադրամը, որտեղ դրվել է իրենից գանձված գումարը, կարող է մի օր «պայթել», եւ ինքը ծերությունը կանցկացնի աղքատության մեջ, ապա ինքը հաստատ պատրաստ է այդ համակարգի դեմ կենաց- մահու կռիվ տալ։

Այն դիմադրությունը, որ այսօր մեր հասարակության շրջանում կա կուտակայինի հանդեպ, զգալիորեն պայմանավորված է հենց այդ վստահության պակասով։ Բացի այդ, դժվար է չնչին աշխատավարձերով ապրող մարդկանց համոզել այսօր իր և իր երեխաների բերանից կտրել ամսական մի քանի հազար դրամ, այն ակնկալիքով, որ մի 20-30 տարի հետո ինքը կստանա համեմատաբար բարձր թոշակ։

Պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ տրամադրվածությունը պայմանավորված է մարդկանց ներկայիս սոցիալական ծանր վիճակով, ցածր աշխատավարձով և այլն, ու բացի դրանից՝ իշխանությունների նկատմամբ խորը անվստահությամբ։ Թավշյա հեղափոխությունից հետո անվստահության բաղադրիչը բավականին նվազել է։ Եթե հաջողվի տնտեսության ազատականացման, ապամոնոպոլիզացման, ստվերի կրճատման, բիզնեսը քաղաքականությունից անջատելու շնորհիվ հասնել սոցիալական վիճակի թեկուզ ոչ մեծ, բայց համեմատաբար արագ բարելավման, ապա պարտադիր կուտակային համակարգի ներդրումից հետո հանրության բացասական տրամադրվածությունը կմեղմվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031