Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելու հարցը:
Նիստին մասնակցել են նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, Արտակ Ասատրյանը, երկու տասնյակը գերազանցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարար Զեյնալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը Խորհրդի անդամներից ակնկալում է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն և ընդգրկվեն Կառավարության նոր ծրագրում:
Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարության նոր ծրագիրը 2018-2022 թվականներին է ուղղված լինելու և պարզաբանել, որ իրավական առումով այլ հնարավորություն տրված չէ՝ չնայած որ նախատեսվում է հնարավորինս շուտ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի պարզ լինի օրենսդիր մարմնի իրական պատկերը և որ գործադիր իշխանությունն էլ արտահայտի ժողովրդի կամքը:
Հասարակական խորհրդի անդամները առաջարկներ են ներկայացրել՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, քրեակատարողական հիմնարկների, դատապարտյալների պահպան պայմանների, նրանց առողջության պահպանման, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի, Պրոբացիոն ծառայության բարելավմանը:
Հնչել են նաև կարծիքներ ՀՀ ընտրական օրենսգրքում, «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դիտորդական ինստիտուտի և գրավի ինստիտուտի բարելավմանը, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը և այլ հարցերի:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված առաջարկները սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել Արդարադատության նախարարություն:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն