Անգամ շշուկով չհամարձակվենք արձանագրել, որ ԵԱՏՄ ենք «արդեն» գնում, նախկինում դեմ էինք, և «պետք» էր դուրս գալ այնտեղից։ Արագաչափերը ձեռքի տակ եղած իրերով փակում էինք, հետո դրանց աշխատանքի դադարեցման մասին հայտարարություն արվեց, երկու օր հետո՝ ոստիկանությունը հայտարարեց՝ հը՛-ը, դրանք աշխատում են, քանզի պարզից էլ պարզ էր, որ քաղաքական քաոսին կարող էր գումարվել նաև «արագաչափային» քաոսը։ «Ծռերի» հարցով հայտարարվեց, որ պետք է հանրային լսումներ-քննարկումներ արվեն, հետո պարզվեց, որ դատական ընթացքի մեջ գտնվող գործ է, իսկ էդ դատարանները «թարսի պես» անկախ են։ Արմեն Սարգսյանը պետք է իր քաղաքացիության մասին փաստաթուղթ հրապարակեր, որ համոզվեինք` լեգիտիմ է, բայց այն միայն պարոն վարչապետը տեսավ ու ասաց՝ «թուղթը» կա։ Հրապարակայնության, ինտիմ-զուգարանային (սեղանին դրված անվտանգության փաստաթղթերը՝ դեռ «ոչինչ») մանրամասներով «լայվ» գործընթացների կողմնակից իշխանությունները «Ծռերին» դատարանից տարան «մթության քողի տակ» և այդ մասին՝ ոչ մի հրապարակային «ծանուցում»։ Շատ կարելի է թվել, սակայն բավարարվենք այսքանով։
Որն է այս կառավարության հաջողականության ջոկերը։ Խնդիր է դրված՝ ամեն գնով Հայաստանում վերացնել կոռուպցիան։ Հարյուր ձեռքով այս գործում նրանց մաղթենք հաջողություն, ու տա Աստված, որ այս դեպքում, ինչպես վերը նշվածների, հանկարծ նահանջ չգրանցվի։ Եվ, այնուհանդերձ, մի քանի դիտարկում այս առնչությամբ ևս։ Նախ՝ կառույցները, որոնք պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, դեռևս կայանալու խնդիր ունեն. դիցուք, պետական վերահսկողական ծառայությունը, այնտեղ պետք է ամեն ինչ զրոյից սկսվի։
Եվ ապա՝ կոռուպցիայի դեմ պայքարի այս հանգրվանում «քաոսային» են ոչ միայն ինստիտուցիոնալ մոտեցումները, այլև ինքնին գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը։ Վերջին շրջանում անչափ շատ է խոսվում այն մասին, որ եթե նախկին պաշտոնյաները ինքնակամ հրաժարական չտան, ապա նրանց կառույցներում կսկսվի աուդիտ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում