«Առավոտի» հարցազրույցը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Լեւոն Վահրադյանի հետ
– Դուք ղեկավարում էիք նախարարության ամենամեծ վարչություններից մեկը: Նախարար նշանակվելուց հետո ի՞նչ փոխվեց ձեր աշխատանքային առօրյայում:
– Շատ բան. եւ պատասխանատվության աստիճանը, եւ աշխատանքի ծավալն ու գրաֆիկը:
– Նախարարության իրականացրած քաղաքականության մեջ ինչ-որ բան փոխվելո՞ւ է:
– Խոսելով մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի ոլորտում նախարարության վերջին տարիների աշխատանքների մասին, ասեմ, որ դրանք արգասաբեր են եղել: Այդ ծրագրերը մենք շարունակելու ենք: Իսկ ինչ վերաբերում է փոփոխություններին, անշուշտ կան նոր գաղափարներ եւ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ազգաբնակչության ավելի լայն շրջանակներ ու տարիքային խմբեր դեպի առողջ ապրելակերպ ուղղորդելուն:
– Նախարարության ծրագրերում մեծ տարածում ուներ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որը տարիների ընթացքում ընդլայնել է ընդգրկման շրջանակները եւ թիրախները: Դա շարունակվելո՞ւ է:
– Շարունակվելու է: Սկզբունքը նույնը կմնա՝ առողջ ապրելակերպն ու սպորտը արմատավորել հայկական ընտանիքներում եւ հասարակության բոլոր խավերում: Այս տարի մրցույթն անցկացվելու է 15-րդ անգամ: Հիմնական գաղափարը կպահպանվի: Բայց քանի որ մենք այլեւս խորհրդարանական կառավարման երկիր ենք, թերեւս, միայն մրցույթի անունը եւ ձեւաչափը կփոխվի: Ի դեպ, մոտ օրերս կմեկնարկի «Լավագույն մարզական ընտանիք 2018» մրցույթի առաջին փուլը:
– Նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ աշխատել եք նույն թիմում: Ձեր նշանակման առիթով նրա հետ քննարկումներ կամ զրույցներ եղե՞լ են:
– Պարոն Ռոստոմյանը սպորտային քաղաքականության ոլորտում լուրջ դերակատարություն է ունեցել եւ մեծ փորձ ունի: Մենք աշխատել ենք միասին: Ակնկալեմ, որ նա իր նոր պաշտոնում գերծանրաբեռնված լինելով, այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում մեզ խորհուրդներով աջակցելու ժամանակ կգտնի: Դրա համար ես միայն ուրախ կլինեմ:
– Նախարարությունում կադրային փոփոխություններ լինելո՞ւ են: Առաջին հերթին նկատի ունեմ փոխնախարարներին:
– Կադրերի ընտրությունն ինքնանպատակ չէ: Կարեւորը, որ յուրաքանչյուր պաշտոնյա լավատեղյակ լինի ոլորտին, իր գործին մոտենա պատասխանատվության զգացումով եւ ամենօրյա աշխատանքով նոր շունչ հաղորդի նախարարության աշխատանքին, ինչը մեր նպատակն է: Նշանակումների մասով մոտ ժամանակներս նախարարության պաշտոնական կայքում տեղեկություններ կլինեն:
– Նախարարության ֆինանսավորման ավելացում սպասվո՞ւմ է:
– Կառավարությունը ֆինանսավորում է ծրագրերը: Այս տարվա ֆինանսավորման չափն արդեն հաստատված է: Հիմա կդժվարանամ կոնկրետ պատասխան տալ: Բայց հույս ունեմ, նոր ծրագրեր լինելու դեպքում պետությունն իր հնարավորությունների շրջանակներում կջանա աջակցել:
– Պարոն նախարար: Մենք Ձեզ հետ միասին ժամանակին եղել ենք հանրակրթական դպրոցներում ու բազմիցս համոզվել, որ ֆիզիկական կուլտուրա առարկայի դրվածքն ու դասավանդումը, մեղմ ասած, ցավալի վիճակում է: Դուք ԿԳ նախարարի հետ այս հարցով համագործակցել նախատեսո՞ւմ եք:
– Հարցադրումն արդիական է: Այստեղ իսկապես բացեր կան: Երեխան պետք է վաղ՝ նախադպրոցական, տարիքից լիարժեք զբաղվի սպորտով, ինչի հիմքը ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման որակն է: Դա պիտի հասկանանք ազգովի: Այդ խնդրով անպայման կզրուցեմ ԿԳ նորանշանակ նախարարի հետ, եւ լուծման տարբերակները կգտնենք միասին:
– Առողջ ապրելակերպի կարեւորության եւ անհրաժեշտության մասին կառավարությունը բազմաթիվ որոշումներ է կայացնում, հանձնարարականներ են իջեցվում համապատասխան ատյաններ: Սակայն անձնական օրինակը շատ ավելի արդյունավետ միջոց է, քան հրամաններն ու հրահանգները: Նույն Հրաչյա Ռոստոմյանը Ձեր եւ նախարարության մյուս աշխատակիցների հետ միասին պարբերաբար այցելում էր մարզադահլիճ: Նպատակահարմար չե՞ք գտնում այդ հարցը կառավարության նիստերում բարձրացնել վարչապետի առջեւ, որպեսզի հենց նախարարները, տեղակալները, կառավարության մյուս անդամները հանրայնորեն զբաղվեն սպորտով: Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անձնական լավ օրինակ ծառայել է:
– Դա նույնպես հետաքրքիր հարց է, որի մասին արժե մտածել: Այնպես չէ, որ կառավարության անդամները ընդհանրապես սպորտով չեն զբաղվում: Այլ հարց է, թե ինչ հաճախականությամբ են զբաղվում: Դա, թերեւս, կապված է նաեւ ծանրաբեռնվածության աստիճանի եւ ժամանակի հետ: Կարելի է լայնամասշտաբ մարզական մրցումներ կազմակերպել, որպեսզի կառավարության անդամները նույնպես իրենց ցանկությամբ եւ հնարավորությունների սահմաններում մասնակցեն այս կամ այն մարզական միջոցառմանը:
– Դուք որպես նախարար արտասահմանի ձեր գործընկերների հետ համագործակցելու ծրագրեր ունե՞ք:
– Իմ աշխատանքի կարեւոր բաղադրիչներից մեկն է՝ սերտ համագործակցություն ունենալ տարբեր երկրների սպորտի ղեկավարների հետ: Հունիսի 6-ին Երեւանում նախատեսված է ԱՊՀ երկրների սպորտի ղեկավարների հանդիպում, որի ժամանակ քննարկումներ են լինելու սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի արմատավորման, մասսայականացման եւ զարգացման հարցերով:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
22.05.2018