ԱԺ-ում տեղի ունեցավ նորընտիր պատգամավորների երդման արարողությունը:
Պատգամավորները երդվեցին «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքիշխանությանն ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Այժմ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Քրեական, Քրեական դատավարության, ինչպես նաեւ Պրոբացիայի մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է պատժի վաղաժամկետ դադարեցման ինստիտուտին:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ հիմնական չափանիշը պայմանական վաղակետ ազատվելու պատշաճ վարքագիծ ունենալն է, երբ մասնագետների կողմից կգնահատվի, որ նրանց կողմից կրկնահանցագործությունների ռիսկը ցածր է:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին ձայն տալուց առաջ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կատակեց, թե՝ նոր իշխանություններից հարց ունեն: Կատակը Մարուքյանին կարծես դուր չեկավ, Շարմազանովը պարզաբանեց, որ կատակ չէր անում. «Իշխանություն եք՝ ասում եմ իշխանություն»: Իսկ Մարուքյանին հետաքրքրում էր, թե նոր համակարգը փոխելո՞ւ է իր դիրքորոշումը այն ցուցակների հետ կապված, որտեղ զետեղված կալանավորների համար վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում որեւէ պարագայում: Քրմոյանը պատասխանեց, որ օբյեկտիվ հիմքերով են ազատվում, հանցակազմը եւ ցուցակները կապ չունեն:
Իր ելույթում Մարուքյանն ասաց, որ քրեակատարողականները ծանրաբեռնված են ու մինչեւ դատարանները կսկսեն արդար աշխատել, համաներման գործիքը պետք է կիրառել. «Ես առաջարկում եմ, որ մենք սկսենք համաներման հարցի քննարկումը: Քննարկեք ձեր գերատեսչության հետ, կարծում եմ, վաղ թե ուշ մենք գալու ենք սրան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ