ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ խմբակցություն)
-Քաղաքական զարգացումները ՀՀԿ-ին մտորելու առիթ չե՞ն տվել, թե ինչ վտանգավոր սահմանագծի էիք հասցրել երկիրը:
-Երկիրը վատ առումով որևէ տեղի չէր հասել: ՀՀԿ-ն փորձել է իր առջև դրված խնդիրները մինչև վերջ կատարել: Այլ բան է, որ երկրում կան որոշակի խնդիրներ, որոնք ժողովրդին դուր չեն գալիս: Ի դեպ, այն մարդիկ, ովքեր այսօր հայտարարում են, թե արդեն հանրապետականի վերջն է, ես էլ կասեմ, որ ՀՀԿ-ի համար նոր սկիզբ է: Իսկ Հայաստանը չի լինում «հին» կամ «նոր», Հայաստանը մեկն է, որն ունի մշակութային բավականին լավ գործառույթներ, որոնց կրողներն են Հայաստանի տերերը: Օրինակ՝ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, որոնք կերտել են մեր ազգագիտակցությունը և մեր մոտեցումը հայ ազգի հանդեպ:
-Ասացիք, որ սա ՀՀԿ-ի համար նոր սկիզբ է, այսինքն` դուք մտադիր չե՞ք հեռանալու կառավարման տարբեր օղակներից և ընդհանրապես քաղաքական հարթակից:
-ՀՀԿ-ն ոչ միայն իշխանությունից, այլև ընդհանրապես հեռացող ուժ չէ: Մեր կուսակցությունը բավականին մեծ նպաստ է բերել հայրենիքին: Կուսակցության նախագահները մեծ մասշտաբային գործեր են կատարել Հայաստանի համար, իսկ դրանց մեջ ընդգրկված են եղել նաև շատ հանրապետականներ:
-Ասել է՝ ՀՀԿ-ն կշարունակի՞ քաղաքական իր նախկին կուրսը:
-ՀՀԿ-ն շարունակում է քաղաքական իր կուրսը: Այս պահին մենք մտահոգված ենք երկրի անվտանգության խնդիրներով, Ցեղասպանության հարցով և այն բոլոր հարցերով, որոնք մեզ նախկինում մտահոգել են, ու առաջնային ենք համարել, շարունակելու ենք դրանց հետամուտ լինել:
-Իսկ այն ցնծությունը, որով հասարակությունը ձեզ ճանապարհեց, ինչ-որ բան չի՞ հուշում:
-Չեմ կարծում, որ հասարակությունը այդպես է մեզ ճանապարհել: Ամեն մեկն իր գերխնդիրն ունի, որը կապված է ողջ աշխարհի հետ: Տեսնում են, թե աշխարհում ինչպես են ապրում, ու մենք էլ ենք ուզում նույն կերպ ապրել: Մի մտածեք, որ հասարակությունը որևէ կողմին դեմ է: Այս պահին ոտքի է կանգնել, ասում են՝ ՀՀԿ-ին են դեմ, իսկ տարիներ հետո միայն հասարակությունը կիմանա, թե ինչ մոտեցումներ է այսօր ցուցաբերել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում