Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և վստահեցրել, որ մեկնարկած ծրագրերն իրականացվելու են ավելի մեծ եռանդով:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը՝ ի դեմս երևանյան գրասենյակի, Արդարադատության նախարարության հետ ունի ամենաարդյունավետ ու գերազանց համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները, մասնավորապես, անդրադարձել քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահական ծառայությունների և պրոբացիոն համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը հաստատել է կառույցի պատրաստակամությունը՝ աջակցելու Պրոբացիոն ծառայության անձնակազմի կարողությունների հզորացմանն ու օրենսդրական բարեփոխումների շրջանակում փորձագիտական կարծիքների տրամադրմանը:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են նաև դատաիրավական ոլորտում համագործակցության ծրագրերն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն