Մայիսի 21-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի սելավատարը խցանվել է, ինչի հետևանքով ջրալցվում են գյուղի փողոցներն ու տները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 11 փրկարար:
Պարզվել է, որ վնասվել է սելավատարը և ջրալցվում են գյուղի երկու փողոցներն ու մոտակա տները, բակերը և նկուղները:
Ժամը 23:40-ի սահմաններում գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) սելավատարի ջրի հոսքը փոխվել է դեպի ձոր, ինչի հետևանքով սելավատարի ջրի մակարդակը նվազել է:
Մինչ ժամը 03:25-ը փրկարարները Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 33 տան նկուղից (25 քմ), Խաչատրյան փողոցի թիվ 69 տան բակից (35 քմ) ու ավտոտնակի փոսից (30 քմ) և թիվ 71 տան ավտոտնակի փոսից (30 քմ) իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:
***
Մայիսի 22-ին, ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման ու գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱԻՆ