Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղի կանոնները պետք է ընդհանուր լինեն

Մայիս 22,2018 10:04

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, որ ԵԱՏՄ-ից առանձնապես օգուտ չկա (ինչի հետ ես, ի դեպ, համաձայն եմ), վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաշվի նստել քաղաքական իրողությունների հետ:

Ընդդիմադիր Մանե Թանդիլյանը դեմ էր պարտադիր կուտակային կենսաթոշակին, սոցապնախարար Մանե Թանդիլյանը հասկանում է, որ պետության շահերը պահանջում են այդ համակարգը ինչ-որ տարբերակով ներդնել:

Ասածս ամենեւին քննադատություն կամ չարախնդություն չէ՝ դիրքորոշման այդ փոփոխությունը շատ բնական է եւ պայմանավորված է նոր իշխանության պատասխանատվության զգացումով: Հակառակը՝ ես ակնկալում եմ, որ նույնատիպ փոփոխություն պետք է տեղի ունենա արագաչափերի եւ բանկային տոկոսները ներելու հարցում:

Ինձ չի թվում, որ առանց արագաչափերի եւ տեսախցիկների մենք կորած ենք, ինձ չի թվում նաեւ, որ արագաչափերը կործանում են մեր ազգը: Ի վերջո, կան երթեւեկության անվտանգությունն ապահովելու բազմաթիվ տարբերակներ, եւ դրանցից մեկը կառավարությունը, ի վերջո, կընտրի: Խոսքն այլ բանի մասին է. եթե տվյալ պահին գործում է այս օրենքը, ապա պետք է կոչ անել, հորդորել, խորհուրդ տալ հետեւել գործող օրենքին: Եթե օրենքը վատն է, պետք է բոլոր օրինական ճանապարհներով պայքարել այն փոխելու համար՝ հրապարակումներով, օրինագծերով, ցույցերով, երթերով եւ այլն: Բայց ասել, որ օրենքը խախտողները չեն պատժվելու, կամ իրենց խախտումների համար նախատեսված տուգանքները չեն գանձվելու, դա, մեղմ ասած, անզգույշ արտահայտություն է: Այդպիսի ակնարկները նախ դրդում են կարգազանցներին ավելի կարգազանց դառնալ:

Երկրորդ՝ դա վիրավորական է այն քաղաքացիների համար, որոնք իրենց խախտումների համար մուծել են տուգանքները: Այդ մուծած տուգանքները պետք է վերադարձվեն, որպեսզի խտրականություն չլինի:

Առավել եւս՝ դա վիրավորական է այն վարորդների համար, որոնք այնքան ուշադիր եւ զգույշ են գտնվել, որ խախտումներ թույլ չեն տվել եւ ամեն օր տառապում են հսկայական տուգանքներ կուտակած լկտիների պատճառով: Ստացվում է, որ կարգապահ վարորդները իզուր էին նորմալ քշում իրենց մեքենաները, նրանք այլեւս որեւէ խթան չեն ունենա կարգապահ լինելու, որովհետեւ նրանց հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես անկարգների:

Խոսքը, կրկնեմ, ոչ թե արագաչափերի նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին է՝ խնդիրը խաղի կանոններն են, որոնք պետք է բոլոր քաղաքացիների համար ընդհանուր լինեն:

Նույնը, իհարկե, կարելի է ասել բանկային տոկոսների մասին: Ինչո՞ւ պետք է իմ տոկոսները չներվեն, իսկ Պողոսինը կամ Պետրոսինը ներվեն: Ես, Պողոսը եւ Պետրոսը մեր հոժար կամքով վարկ ենք վերցրել՝ գիտակցելով այն ռիսկերը, որոնք կապված են այդ գործողության հետ, եւ մենք պետք է մուծենք հենց այն տոկոսները, որոնք նշված են մեր պայմանագրերում: Կառավարությունը, Կենտրոնական բանկը, իհարկե, պետք է մտածեն, թե ինչպես անեն, որ հաջորդ անգամ վարկ վերցնելիս մենք վճարենք ավելի ցածր տոկոսներ:

Մի խոսքով՝ կատարել այն օրենքները, որոնք գործում են, եւ փոխել օրենքները, եթե դրանք վատն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Власть народу! Земля крестьянам! Фабрики рабочим! Море морякам!…

    Թամանյանի սխալը թանկ նստեց մարդկանց հիշողության ու քաղաքի պատմության վրա: Տեղափոխեք կառավարությունն ու Էջմիածինը Դվին, կատարեք այն օրենքները, որոնք սիրուն են, եւ փոխեք օրենքները, եթե դրանք գէշ են: Կազատագրվեն քաղաքամայրի հողագործները, այգեպանները, կթվորուհիները, Վաղարշապատի հովիվները …

    Կորավ 28 տարին գեղցինների շնորհիվ ու մի 28 տարի էլ կկորի դրանց գեղցի ժառանգներ շնորհիվ, եթե…

  2. Ruben says:

    Թամանյանի սխալը թանկ նստեց մարդկանց հիշողության ու քաղաքի պատմության վրա: Տեղափոխեք կառավարությունն ու Էջմիածինը Դվին, կատարեք այն օրենքները, որոնք սիրուն են, եւ փոխեք օրենքները, եթե դրանք գէշ են: Կազատագրվեն քաղաքամայրի հողագործները, այգեպանները, կթվորուհիները, Վաղարշապատի հովիվները …

    Կորավ 28 տարին գեղցինների շնորհիվ ու մի 28 տարի էլ կկորի դրանց գեղցի ժառանգներ շնորհիվ, եթե…

  3. Ալֆրեդ says:

    Չի բացառվում որ մի օր էլ տուգանք վճարածները փողոցներ փակեն ,պահանջելով իրենց գումարները հետ վերադարձնել

  4. Հ.Շ. says:

    Չէի երեւակայեր որ կեանքումս երբեւիցէ կը մտածեմ ու կ’ասեմ այս՝ իրօք շատ բախտաւոր ենք որ Հայաստանում ունենք գոնէ որակաւոր, իրենց կոչումին արժանի, աշխատասէր լրագրողներ:

    Խօսքս միմիայն վերեւի Խմբագրականին կամ նրա հեղինակին չի վերաբերիր անշուշտ:
    Արդարեւ, երբ որ Պետութիւնը բաղադրող երեք պաշտօնական իշխանութիւնները այս աստիճան խղճալի վիճակի մէջ են, կենսական մխիթարութիւն է նկատելը որ գոնէ «չորրորդ իշխանութիւնը» կանգուն է, արթուն է, եւ հանդարտ ու ժրաջան կերպով կը գործէ:

    Շարունակեցէք այսպէս – յատկապէս դուք ձեզ տեւաբար զտելով անատակ ու անվայել տարրերից -, որպէսզի դեռ յոյս մը ունենանք որ ոչ միայն կ’անցնի մեր այս նորագոյն ճգնաժամը եւս, բայս դեռ անկէ ետք հնարաւոր է վերսկսիլ վերելքը:

    ( Վստահ եմ որ դեռ շա՜տ պիտի պատահի որ համաձայն չլինեմ այս թերթի Խմբագրին եւ լրագրողներուն եւ Հայաստանի իրենց այլ գործընկերների գրածներին հետ: Սակայն անցեալ մէկ ու կէս ամիսը միտքս հանգստացուց – անկեղծօրէն՝ որոշ զարմանքով… -, որ Հայաստանում կայացած է ու առողջ ընթացքով կը զարգանայ լուրջ լրագրութիւնը: )

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031